понедельник, 24 февраля 2025 г.

ՓԱՆՈՍ ԹԵՐԼԵՄԵԶՅԱՆ՝ ԵՐԲ ՎՐՁԻՆԸ ԴԱՌՆՈՒՄ Է ՄԱՈՒԶԵՐ

 

Քչերին է հայտնի, որ գեղանկարիչ Փանոս Թերլեմեզյանը,ով ծնվել էր 1865 թվականին Վանում ,երիտասարդ տարիներին ակտիվորեն քաղաքական գործունեությամբ է զբաղվել: Արվեստագետը Արմենական կուսակցության,նաև  սուլթանական իշխանության դեմ պայքարող երիտասարդական միավորման  անդամ էր:

воскресенье, 26 января 2025 г.

ՄԻ ՆԿԱՐԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ՝ ՎԱՐԴԳԵՍ ՍՈՒՐԵՆՅԱՆՑԻ «ՍԱԼՈՄԵՆ»


Վ.  Սուրենյանց. Սալոմե 1907, ՀԱՊ
  Հայ արվեստասերների կողմից  ամենաճանաչված և փնտրված արվեստի գործերից է Վարդգես Սուրենյանցի Սալոմեն: Այն 1929 թվականին  Մարտիրոս Սարյանի ջանքերով  Ազգային պատկերասրահում է հայտնվել և մշտական ցուցադրությունից գրեթե  չի հանվել՝ բացառությամբ այն ժամանակահատվածների, երբ նկարը ռեստավրացիայի բաժին է ուղարկվել ՝ վնասվածքները և ներկաշերտերը վերականգնելու նպատակով: Վերջերս  նմանատիպ վերականգնումից հետո՝  5-ամյա դադարից հետո,  Սալոմեն վերադարձավ մշտական ցուցադրության:

суббота, 28 декабря 2024 г.

ԷԴՈՒԱՐԴ ԱՐԾՐՈՒՆՅԱՆԻ 95- ԱՄՅԱ ՀՈԲԵԼՅԱՆԻ ԱՌԻԹՈՎ...

 


    Էդուարդ Արծրունյան անունը հայ ժամանակակից կերպարվեստում շրջանառվել է դեռևս անցած դարի 60-ականներից, երբ երևան եկան այնպիսի նկարիչներ, ինչպիսիք են Մինաս Ավետիսյանը, Հակոբ Հակոբյանը, Հենրիկ Սիրավյանը , Աշոտ Հովհաննիսյանը, Օնիկ Մինասյանը, Աշոտ Մելքոնյանը և այլք: 

четверг, 5 декабря 2024 г.

ԱՖՐԻԿԱՅՈՒՄ ԾՆՎԱԾ ՀԱՅԸ ՝ ԻՍԿԱՆԴԵՐ ՊՈՂՈՍՅԱՆ

 

2009 թվականն էր, երբ եթովպահայ նկարիչ Իսկանդեր Բողոսյանի մասին ակնկարկ հրապարակեցի, այն  ժամանակ ոչ-ոք չէր լսել արվեստագետի մասին: Եվ ահա 15 անց, երբ որոշեցի կրկին անդրադառնալ նկարչին,  համացանցը լի էր նրա  վերաբերյալ հրապարակումներով: Փաստորեն, այս երկարուձիգ 15 տարիները նպաստավոր էին Իսկանդեր Բողոսյանի արվեստի համար և  այս  ընթացքում հետաքրքրությունը նրա արվեստի նկատմամբ երբեք չի մարել:

пятница, 4 октября 2024 г.

Ի ՀԻՇԱՏԱԿ ՍԻՐԱԿ ՄԵԼՔՈՆՅԱՆԻ


  Վերջերս  Կանադայում  93  ամյա հասակում  իր մահկանացուն կնքեց Իրանի ժամանակակից     արվեստի հիմնադիրներից   Սիրակ Մելքոնյանը:  

Սիրակ Մելքոնյանը ծնվել է  1930 թ.  հոկտեմբերի 15-ին Թեհրանում, այնուհետև  հոր աշխատանքի բերումով  տեղափոխվում են  Արաք  և 12 տարի անց կրկին վերադառնում մայրաքաղաք, որտեղ էլ պատանին ավարտում է միջնակարգ դպրոցը: Հենց այդ տարիներին էլ նա ծանոթանում է իր ավագ ընկերոջ՝ Մարկոս Գրիգորյանի հետ, ով ճակատագրական դերակատարություն է ունենում ապագա արվեստագետի կյանքում: 1950 թվականից  սկսած  Սիրակ Մելքոնյանի անունը հայտնվում է Իրանում տեղի ունեցող ցուցահանդեսների ազդագրերում:

ԷԴՈՒԱՐԴ ԱՐԾՐՈՒՆՅԱՆ ՝ ԿՈՄԻՏԱՍԱԿԱՆ


 ՀՀ ժողովրդական նկարիչ Էդուարդ Արծրունյանն իր ստեղծագործական կյանքի ընթացքում Կոմիտասին 3 անգամ է անդրադարձել՝ չհաշված արդեն ստեղծված կտավների հեղինակային կրկնօրինակները:

воскресенье, 29 сентября 2024 г.

ԱՇՈՏ ՄԵԼՔՈՆՅԱՆ՝ ՄԵՂԵԴԱՅԻՆ ՀՆՉՈՂՈՒԹՅԱՄԲ ԿՏԱՎՆԵՐԻ ՆԿԱՐԻՉԸ

 

Գեղանկարիչ Աշոտ Մելքոնյանի արվեստին ծանոթ եմ դեռևս ուսանողական տարիներից: Նրա 1967 թվականին վրձնած  «Ընտանիք» կտավը Ազգային պատկերասրահի հայկական ժամանակակից կերպարվեստի բաժնի մշտական ցուցադրությունում էր , որը շուրջ մեկ տասնամյակ իմ մշտական ուղեկիցն էր: Դեռևս այն տարիներից տեղյակ էի, որ արվեստագետը մշտական բնակություն է հաստատել ԱՄՆ-ում , հետագայում նրա մասին լսեցի Էդուարդ Արծրունյանից, ում հետ ընկերներ էին, համերկրացիներ և , բնականաբար, բազմաթիվ հուշեր էին նրանց միավորում: 2009 թվականին էլ նրա վախճանի լուրը  հենց  Վարպետիս  տանն առա:

воскресенье, 28 июля 2024 г.

ՇՈՂՇՈՂՈՒՆ ԱԴԱՄԱՆԴԸ՝ ՆԱԴԵԺԴԱ ՊԱՊԱՅԱՆ

 

                ԱՆԱՀԻՏ ԿՈՐՅՈՒՆ


« Ահա շողշողուն ադամանդ, որով հայերը կարող են հպարտանալ այնպես, ինչպես հպարտանում են Ադամյանի անունով: Այն գեղարվեստական ճաշակը, որը ցույց տվեց Պապայանը, չի ունեցել ոչ մի հայ արտիստ, բացառությամբ` վերոհիշյալի: Ինքը` բնությունն է շռայլորեն պարգևել հայ երգչուհուն բացառիկ հարուստ, քաղցրահունչ ձայնով, բայց այս հրաշալի պարգևի հետ միասին բնությունը շնորհել է նրան նաև գեղարվեստական ճաշակով: Հենց այդ ճաշակը և երկնային պարգևն է կախարդական ուժով ցնցել հասարակությանը` թողնելով խոր հետք նրա սրտում»,_ այսպես է արտահահայտվել երգչուհու մասին նրա ժամանակակիցներից մեկը` գրող Շիրվանզադեն:

четверг, 11 июля 2024 г.

ԻՐԱՆ, ՖՐԱՆՍԻԱ, ԱՄՆ, ՇՎԵՅՑԱՐԻԱ՝ ԱԼԻՆԱ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ


    Քանի որ վերջին շրջանում իմ ուսումնասիրության առարկան իրանահայ արվեստն է ,  ես չէի կարող  ձեռքից բաց թողնել Իրանում ծնված, բայց և աշխարհի տարբեր անկյուններում ապրած    արվեստագետ Ալինա Մնացականյանի հետ  հանդիպելու առիթը  Հայրենիքում :

суббота, 1 июня 2024 г.

ԱՐՎԵՍՏԸ ԵՎ ԿՐԹՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՄԱՔԱՅԼ ՝ ՌՈՍՏՈՄ ՈՍԿԱՆՅԱՆԻ ԱՐՎԵՍՏԻ ՀԵՏՔԵՐՈՎ


 ԱՆԱՀԻՏ ԿՈՐՅՈՒՆ

Իրանահայ արվեստի հետքերն այս անգամ Երևանի թիվ 136 միջնակարգ  դպրոց  տարան ՝ Ռոստոմ Ոսկանյանի արվեստատուն: 8 տարի առաջ՝ 2016 թվականին Ռոստամ Ոսկանյանի մահվանից 3 տարի անց, նրա եղբայրը՝ Զավենը՝ կնոջ հետ, որոշում են Երևանի դպրոցներից մեկում արվեստագետի անունը կրող  արվեստատուն բացել, ուր կներկայացվի ճարտարապետ-գեղանկարիչ-քանդակագործի անցած ուղին:

среда, 24 января 2024 г.

ԵՐԱԺԻՇՏԸ՝ ՆՈՒՅՆ ԻՆՔԸ՝ ՍԱՐԳԻՍ ՊԱԼՈՅԱՆ

 

Վերջին տարիներին մեզանում արվեստը սկսել է մեր առօրյա կյանքի մասնիկը դառնալ և մարդկանց կյանքի որակը փոխելու գործում մեծ դերակատարություն ունենալ: Իսկ,  որտեղ որ պահանջարկ է առաջանում, փոփոխությունները և զարգացումը հրամայական են դառնում: Իսկ այդ ամենն իրականացնելու համար պրոֆեսիոնալ մասնագետներ են հարկավոր, ինչը մեծ խնդիր է Հայաստանում :  

среда, 8 февраля 2023 г.

ԳԵՂԱԳԵՏ ԲԺԻՇԿԸ՝ ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԱՐՄԵՆՅԱՆ


 2020 թվականի արցախյան  պատերազմից հետո էր, երբ Հարություն Արմենյանի ջրանկարներն իմ ուշադրությունը գրավեցին:   Վերջիններս ամեն առավոտ իմ լրահոսում էին հայտնվում՝ համակելով լավատեսությամբ, որ վաղն ամեն ինչ լավ է լինելու: 

Եվ ահա մեկուկես տարի անց համացանցային ընկերությունն իրական ծանոթության  վերածվեց՝ Ստեփանակերտում Շուշիի կերպարվեստի թանգարանի վերաբացումն ապահովելու նպատակով  նոր հավաքածուն էր ձևավորվում և այն համալրելու նպատակով բժիշկը սիրով 2 ջրանկար նվիրաբերեց թանգարանին: 

     Լիբանանահայ  բժիշկը Բեյրութի, Բալթիմորի Ջոնս Հոփքինսի, Լոս Անջելեսի համալսարանների  համաճարակաբանության ամբիոնի պրոֆեսոր է , 14 տարի Հայաստանի Ամերիկյան համալսարանի նախագահն է եղել, ներկայումս էլ՝  պատվավոր նախագահն է: Վերջինս իր  մասնագիտական գիտելիքներով և փորձառությամբ նպաստել է մի շարք երկրների հանրային առողջապահության ոլորտի զարգացմանը: Նա գիտական  20 գրքերի և ավելի քան 100 հոդվածների հեղինակ է: Եվ ահա նման զբաղվածություն պայմաններում շուրջ 45 տարի է ջրանկարչությամբ է զբաղվում: Որպեսզի բժշկի հետաքրքրությունների շրջանակը լիարժեք ներկայացվի, պետք է հավելեմ, որ նա նաև սիրում է իր ճամփորդական տպավորությունները թղթին հանձնել: Եվ ահա դրանք համադրելով իր ջրանկարների հետ « Երանգ և խոսք » (2002) ,  «Անցյալը դեռ հոս չի հալիր » (2007) ,  « Ճանապարհը և մենք՝առաքյալի հետքերով»  (2022)  գրքերն է հրապարակել:

 « 1975 թվականն էր, Լիբանանի քաղաքացիական պատերազմը նոր էր սկսվել ,  երբ Հունաստանից 2 շաբաթով Լիբանան վերադարձա՝ արձակուրդս ծնողներիս հետ անցկացնելու նպատակով: Դրսում կրակոցներ էին  և մենք ստիպված էինք տանը փակվել : Եղբորս տան մեջ պտտվելիս՝ իր որդու՝ Զանգուի սենյակը մտա և նրա ջրաներկի տուփը գտա: Այն ինձ  նախակրթարանի տարիները հիշեցրեց, երբ օրիորդ Գյուլենյան մեզ ջրանկարչության գաղտնիքներին էր ծանոթացնում: Եվ ես վերցնելով ջրաներկի տուփը` պատշգամբ բարձրացա և այնտեղից բացվող   Միջերկրական ծովի տեսարանի մեկ անկյունը թղթին հանձնեցի: Այդ օրերին Բեյրութի Ամերիկյան համալսարանում էի դասավանդում և սկսեցի ավելի հաճախ նկարել, քանի որ այն հանդարտեցնող և պատերազմական վիճակից դուրս բերող ազդեցություն ուներ: Մեր համալսարանի պարտեզներից դեպի Միջերկրական ծով բացվող հրաշալի տեսարաններ կային : Այդ տարիներին փորձում էի ջրանկարչության մեջ  հնարավորինս հմտություններ ձեռք բերել: Մի ընտանեկան հանդիպման ժամանակ Փոլ Կիրակոսյանն ինձ ասաց, որ որպես սիրողական նկարիչ, իմ ամենամեծ առավելությունն իմ ազատությունն է: Եվ ըստ նրա, ինքն ինձ ոչինչ չուներ տալու և ես ազատ էի փորձել այն, ինչը ցանկանում եմ: »-  ջրանկարչությամբ զբաղվելու պատմությունն է ներկայացնում  համաճարակաբանը:

Քանի որ համացանցում բժիշկն  ամեն առավոտ մի նոր աշխատանքով  է ներկայանում, տպավորություն է ստեղծվել, թե նկարը  տվյալ օրվա ստեղծագործական աշխատանքի արդյունքն է , մինչդեռ պրն. Արմենյանն ասում է, որ միայն հոգեպես հանգիստ ժամանակ է ստեղծագործում՝ չի սիրում լարված, անհանգիստ պահերին աշխատել: Ըստ բժշկի, ամենակարևորը ոգևորությունն ու դրական հուզերն են:   Միայն բարձր տրամադրության, գեղեցիկ և ներդաշնակ միջավայրում է կարողանում իր զգացողությունները թղթի հարթություն տեղափոխել: Ու չնայած որ , պրոֆեսորն իրեն սիրողական նկարիչ է համարում և որոշալի դադարներով է ստեղծագործել,  46 տարիների ընթացքում շուրջ 2000 ջրաներկ աշխատանք է ստեղծել: 

   Նկարիչները կփաստեն, որ կերպարվեստով զբաղվելը միայն նկարակալի մոտ  աշխատանքը չէ, այն ենթադրում է այլ հեղինակների գործերի հետազոտություն , բազմազան տեխնիկաների հետ ծանոթացում , որն օգնում է այլոց հնարքներին ծանոթանալ և ինչու չէ, սեփական հմտությունները կատարելագործել: Արմենյանի խոսքով, արդեն վաղուց սովորություն ունի առավոտյան նախաճաշի ժամանակ  կերպարվեստին վերաբերող գրականություն ընթերցել և յուրաքանչյուր ամիս իր ժամանակը մի նկարչի արվեստի է նվիրում: Ամենից շատ ջրանկարչությանը նվիրված գրականություն է ուսումնասիրում, մեկ էլ՝ 20-րդ դարի ֆրանսիացիների պատկերագրքներն է սիրում թերթել՝ Մատիս, Դյուֆի: 

Գեղագետ բժիշկը  ոչ միայն առանձանանում է իր ստեղծագործական ներուժի իրացման արդյունավետությամբ, այլև իր արվեստը, ստեղծագործությունը հանրությանը ներկայացնելու հետևողականությամբ և պարբերականությամբ: 10 տարի առաջ Վազգեն Բրուտյանի խորհրդով իր առաջին անհատական ցուցահանդեսով է ներկայանում և այսօր արդեն  շուրջ մեկ տասնյակ անհատականներ է ունեցել: Հարություն Արմենյանի ջրանկարներն այսօր ներկայացված են Լիբանանի Համազգային Միության ,, Թութունջյան, և «Նոազ Արկ» պատկերասրահներում  և Լոս Անջելեսի « Թորոս Ռոսլին  », Քալիֆորնիայի համալսարանի պատկերասրահներում , ինչպես նաև  ցուցադրվել միջազգային տոնավաճառ-ցուցահանդեսներում՝   «Art Monaco » և   « Art Expo New Work » : Նրա աշխատանքները գտնվում  են հանրային և մասնավոր հավաքածուներում: 

   Հարություն Արմենյանը գեղապաշտ և կենսասեր անհատ է: Նա ոչ միայն կարողանում է  նկատել և վայելել իր կյանքի ճանապարհին հանդիպող ամեն գեղեցիկն ու յուրահատուկը, նա կարողանում է իր տպավորությունները արվեստի հարթություն տեղափոխել՝ կարծես թե երկարացնելով այդ պահից ստացած բերկրանքը՝ այն առատորեն կիսելով իր շրջապատի հետ: 

   ԱՆԱՀԻՏ ԿՈՐՅՈՒՆ


воскресенье, 31 июля 2022 г.

ՀԱՅ ՀԱՎԱՔՈՐԴ՝ ՏԻԳՐԱՆ ՔԵԼԵԿՅԱՆ



 

Տիգրան Քելեկյանը ծնվել է 1868 թվականին կեսարացի հայ վաճառական Կարապետ Քելեկյանի ընտանիքում։ Նախնական կրթությունն ստացել է Կոստանդնուպոլսի Հակոբ Գուրգենի հայկական վարժարանում։ 1892 թվականին եղբոր՝ Գևորգի հետ Ստամբուլում հիմնել են անտիկ իրերի բիզնես։ 1893 թվականին Քելեկյանը Չիկագոյի միջազգային ցուցահանդեսում հիմնել է Պարսկաստանի տաղավարը և ցուցադրել արևելյան իրերի իր հավաքածուն։ 1904 թվականին ԱՄՆ-ի Սենտ-Լուիս քաղաքում նշանավոր գորգավաճառ Հովհաննես Թավշանճյանի հետ սեփական ծախսով կառուցել են մի թանգարան-տաղավար, որտեղ ցուցադրել են պատմական գորգերի ու կերպասների թանկարժեք, հարուստ հավաքածու։ Պարսկական արվեստը միջազգային ասպարեզ հանելու, Պարսկաստանին մատուցած ծառայությունների համար Քելեկյանը շահի կողմից արժանացել է խանի տիտղոսի, պարգևատրվել «Շիր ի խուրշիդ» շքանշանով և 1884-1904 թթ. եղել է Նյու Յորքում Պարսկաստանի պատվավոր հյուպատոսը[6]։ Քելեկյանը ներկայացրել է միջագետքյան, ղպտական, պարսկական հախճապակե իրերի, բյուզանդական ու արևելյան մետաքսեղենի, հյուսվածքների, կերպասների, թավիշների ու գորգերի, հայկական ձեռագրերի իր հավաքածուն 1907 թվականին Փարիզի դեկորատիվ արվեստի թանգարանում, 1912 թվականին՝ Լոնդոնի Սաութ Կենսինգտոն, 1931 թվականին՝ Բրիլինգտոն Հաուզ և այլ ցուցահանդեսներում, իսկ 1936 թվականին, որպես աներկբա հեղինակություն, Լենինգրադում մասնակցեց պարսկական արվեստի 3-րդ միջազգային կոնգրեսին։
1909 թվականին Ադանայի հայոց կոտորածներից հետո 1912 թվականին Դյորթ-Յոլում հիմնել է Քելեկյան որբանոցը, որը հետագայում տեղափոխվեց Բեյրութ և գոյատևեց մինչև 1932 թվականը, այսինքն, մինչ որբերը կմեծանային։ 1910 թվականից եղել է ՀԲԸՄ բարերար, ապա՝ վարչության անդամ, իսկ 1922 թվականից՝ փոխնախագահ։ Նա բարեգործություն է արել նաև Կոստանդնուպոլսի Սուրբ Փրկչյան ազգային հիվանդանոցին, Երուսաղեմի Սուրբ Հակոբ վանքին, Կեսարիայի որբերին, Փարիզի հայ ուսանողներին, Կահիրեի «Կեսարիո և շրջակայքի հայրենակցական միությանը։ 1910-ական թթ. ֆինանսական, նյութական ու բարոյական օժանդակություն է ցույց տվել նկարիչներ Բրաքին, Մատիսին, Պիկասոյին։
Քելեկյանը եռանդորեն մասնակցել է ազգային-քաղաքական խնդիրների լուծմանը. 1912-1920 թթ. եղել է Ազգային պատվիրակության անդամ, 1918-1920 թթ.՝ Համահայկական համագումարների պատգամավոր և ջանք չի խնայել Հայ դատի, հայոց պետականության վերականգնման և ամրապնդման համար։ Հայաստանում խորհրդային կարգերի հաստատումից հետո, Քելեկյանն, այն համարելով չարյաց փոքրագույն՝ ստեղծել էր մի օջախ, որտեղ հայության մի հատվածը կարող էր ապահով և անվտանգ գոյատևել։
Հայաստանի ազգային պատկերասրահին է նվիրել հայ նկարիչների 18 կտավներ, Մաշտոցի անվան մատենադարանին՝ Իգնատիոսի13-րդ դ. ավետարանը, իսկ 1946 թվականին նպաստեց հայրենադարձության կազմակերպմանը:
ԱՆԱՀԻՏ ԿՈՐՅՈՒՆ

среда, 17 марта 2021 г.

ԶԱԲԵԼ ԲՈՅԱՋՅԱՆ՝ ՆԿԱՐԻՉԸ, ԳՐՈՂՆ ՈՒ ԹԱՐԳՄԱՆԻՉԸ

 

ԱՆԱՀԻՏ ԿՈՐՅՈՒՆ



Զաբել Բոյաջյանը ծնվել է 1873  թ. Դիարբեքիրում՝ բրիտանացի փոխհյուպատոս Թոմաս Բոյաջյանի և Կատերին Ռոջերսի (անգլիացի գրող Սամուել Ռոջերսի ժառանգ) ընտանիքում :1895 թ. Համիդյան ջարդերի ժամանակ Բոյաջյանների ընտանիքը տեղափոխվել է Լոնդոն, որտեղ արդեն 1896 թ. Իզաբելն ընդունվում է  Սլեյդ գեղարվեստի դպրոց:  Բոյաջյանը տիրապետել է 8 լեզուների, եղել է էսպերանտոյի միջազգային ընկերության Լոնդոնի մասնաճյուղի հիմնադիրներից,1907թ.  որպես դերասանուհի մասնակցել է Քեմբրիջում  կազմակերպված էսպերանտոյով թատերական մի ներկայացման:

Բոյաջյանը  նաև գրող էր՝ 1901 թ. «Վարդինե»  գրական ծածկանվամբ  հրապարակում  է իր անդրանիկ  գիրքը՝  «Եսթեր. մի կյանքի սիրավեպը», որում նկարագրվում են Սասունի  ջարդերը:

1916 թ. հրապարակել է «Հայկական լեգենդներ և բանաստեղծություններ » ժողովածուն,որից շուրջ 60 հոդված և ստեղծագործություն Բոյաջյանն է  անգլերեն թարգմանել, գրքի նկարազարդումը ևս նրա ջանքերով է իրականացվել:

1924 թ. Բոյաջյանը հրապարակում է իր հեղինակային  «Գիլգամեշը» ՝ «Հավիտենական իղձի երազը» ենթավերնագրով:  Գրքի նյութը վերցված էր հին արևելքի դիցաբանության մեջ հայտնի բաբաելոնական  էպոսից՝ Բոյաջյանի  նկարազարդմամբ:

Զբաղվել է Րաֆիի գրական ժառանգության ուսումնասիրությամբ՝ անգլերեն թարգմանելով նրա որոշ գործեր: Անգլերեն է թարգմանել նաև Ավետիք Իսահակյանի « Աբու-Լալա Մահարի» պոեմը:

1920-ական թթ. Զաբել Բոյաջյանը անհատական ցուցահանդեսներ է ունենում Իտալիայում, Եգիպտոսում,  Անգլիայում:

Մահացել է 1957 թ. Լոնդոնում:


Օգտագործված գրականության ցանկ

Խորշիդյան, Տ. Գ. (1973)  Զաբել Բոյաջյան (Ծննդյան 100-ամյակի առթիվ). Պատմա-բանասիրական հանդես # 4 ,  էջ 81-91

 

«Հայկական լեգենդներ և բանաստեղծություններ », 1916


 

 

 

 

 


«Հայկական լեգենդներ և բանաստեղծություններ », 1916