Չգիտեմ աշխարհում կգտնվի մի մարդ , ում նկարիչը իրեն դիմանկարելու
առաջարկ անի ու ինքը մերժած լինի: Անշուշտ, ես չէի կարող հրաժարվել իմ իններորդ դիմանկարն
ունենալու հնարավորությունից:
Եվ ահա երկրորդ անգամ Վաղիկ Խաչատրյանի արվեստանոցում եմ
հյուրընկալվել` սովորության համաձայն երկուստեք ստեղծագործական ընթացք է ծավալվել`նկարիչն
իմ դիմանկարն է ստեղծում, իսկ ես բազմաբնույթ
հարցերի միջոցով դիմանկար-ակնարկ եմ պատրաստում:
Վաղիկ Խաչատրյանը ծնվել է Սևանի շրջանի Զովաբեր գյուղում:
Նկարչության նկատմամբ սերն ու հետաքրքրությունը
դրսևորվել է մանկական տարիքից, երբ առաջին անգամ հայտնվել է մորեղբոր` Ռևիկ Խաչատրյանի
արվեստանոցում: Սկզբում նկարում էր ինքնուրույն`մատիտով,
այնուհետև ջրաներկով և գուաշով: Մի օր էլ հանդիպում է սևանցի նկարիչ Յուրա Մանուկյանին,
ով եթե առաջին անգամ չի հավանում պատանու աշխատանքները, ապա երկրորդ անգամ պարզապես
հիանում է պատանու շնորհներով: Վերջինս ուղղորդում է սկսնակ նկարչին, ով հետո իր ուսումը
1977- 1979 թթ շարունակում է Երևանի թիվ 8
Գեղարվեստի ուսումնարանում: Այնուհետև զորակոչվել է խորհրդային բանակ, որից հետո գեղանկարիչ Թարզյանի
օգնությամբ ընդունվում է Մանկավարժական ինստիտուտի
գեղանկարչության ֆակուլտետ` 1981- 1987 թթ: Այստեղ նա մասնագիտական կրթություն է ստանում
և որպես ուսուցիչների նշում է գծանկարի դասախոս
Վալերի Խաչատրյանի և գեղանկարիչ Լևոն Կոջոյանի անունները:
1985 թ. հայրենի
Զովաբերի Մշակույթի տանը երիտասարդ գեղանկարիչն առաջին անհատական ցուցահանդեսի բերկրանքն է վայելում, բազմաթիվ խրախուսանքների
արժանանում, որից հետո սկսում է հանրապետական ցուցահանդեսների մասնակցել, իսկ 1990
թ. Երևանում Ժուռնալիստի տանը երկրորդ անհատական ցուցահանդեսն է ունենում: Այնուհետև
առջևում մութ ու ցուրտ տարիներն էին, և Վաղիկ
Խաչատրյանը փնտրում - գտնում է այնպիսի մի տարբերակ, որը հնարավորություն կընձեռեր թե կենսական
հարցեր լուծել, ինչպես նաև չհեռանալ արվեստից: 1997-2001 թթ. խաչքարագործությամբ է
զբաղվել, բազմաթիվ
որմնանկարներ է ստեղծել` վերջին նկարազարդումը 2015 թ. Վլադիմիրի նորակառույց հայկական եկեղեցում է իրականացրել:
Այսօր Վաղիկ Խաչատրյանն արվեստ վերադառնալու ներքին պահանջ
է զգում` հետաքրքիր մարդկանց հանդիպելիս, նրանց միանգամից կտավի հարթություն է տեղափոխում:
Նա մեծ սիրով իր մանկական հուշերն է նկարում`իրենց գյուղն իր առօրյա կյանքով ու հոգսերով:
Վաղիկ Խաչատրյանը հույս ունի, որ նկարների քանակը արագորեն կհամալրվի և մոտ ապագայում
պատրաստ կլինի անհատական ցուցահանդեսի:
Երբ Վաղիկին ուղղված հարցերս սպառվեցին և ինձ հետաքրքրող
բոլոր հարցերի պատասխանները ստացա, նկատեցի, որ իմ դիմանկարը ևս պատրաստ է:
Երկու օր հետո իմ
իններորդ դիմանկարը իր արժանի հանգրվանը կգտնի մեր տանը…
ԱՆԱՀԻՏ ԿՈՐՅՈՒՆ 17.02. 2015
Комментариев нет:
Отправить комментарий