среда, 8 февраля 2023 г.

ԳԵՂԱԳԵՏ ԲԺԻՇԿԸ՝ ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԱՐՄԵՆՅԱՆ


 2020 թվականի արցախյան  պատերազմից հետո էր, երբ Հարություն Արմենյանի ջրանկարներն իմ ուշադրությունը գրավեցին:   Վերջիններս ամեն առավոտ իմ լրահոսում էին հայտնվում՝ համակելով լավատեսությամբ, որ վաղն ամեն ինչ լավ է լինելու: 

Եվ ահա մեկուկես տարի անց համացանցային ընկերությունն իրական ծանոթության  վերածվեց՝ Ստեփանակերտում Շուշիի կերպարվեստի թանգարանի վերաբացումն ապահովելու նպատակով  նոր հավաքածուն էր ձևավորվում և այն համալրելու նպատակով բժիշկը սիրով 2 ջրանկար նվիրաբերեց թանգարանին: 

     Լիբանանահայ  բժիշկը Բեյրութի, Բալթիմորի Ջոնս Հոփքինսի, Լոս Անջելեսի համալսարանների  համաճարակաբանության ամբիոնի պրոֆեսոր է , 14 տարի Հայաստանի Ամերիկյան համալսարանի նախագահն է եղել, ներկայումս էլ՝  պատվավոր նախագահն է: Վերջինս իր  մասնագիտական գիտելիքներով և փորձառությամբ նպաստել է մի շարք երկրների հանրային առողջապահության ոլորտի զարգացմանը: Նա գիտական  20 գրքերի և ավելի քան 100 հոդվածների հեղինակ է: Եվ ահա նման զբաղվածություն պայմաններում շուրջ 45 տարի է ջրանկարչությամբ է զբաղվում: Որպեսզի բժշկի հետաքրքրությունների շրջանակը լիարժեք ներկայացվի, պետք է հավելեմ, որ նա նաև սիրում է իր ճամփորդական տպավորությունները թղթին հանձնել: Եվ ահա դրանք համադրելով իր ջրանկարների հետ « Երանգ և խոսք » (2002) ,  «Անցյալը դեռ հոս չի հալիր » (2007) ,  « Ճանապարհը և մենք՝առաքյալի հետքերով»  (2022)  գրքերն է հրապարակել:

 « 1975 թվականն էր, Լիբանանի քաղաքացիական պատերազմը նոր էր սկսվել ,  երբ Հունաստանից 2 շաբաթով Լիբանան վերադարձա՝ արձակուրդս ծնողներիս հետ անցկացնելու նպատակով: Դրսում կրակոցներ էին  և մենք ստիպված էինք տանը փակվել : Եղբորս տան մեջ պտտվելիս՝ իր որդու՝ Զանգուի սենյակը մտա և նրա ջրաներկի տուփը գտա: Այն ինձ  նախակրթարանի տարիները հիշեցրեց, երբ օրիորդ Գյուլենյան մեզ ջրանկարչության գաղտնիքներին էր ծանոթացնում: Եվ ես վերցնելով ջրաներկի տուփը` պատշգամբ բարձրացա և այնտեղից բացվող   Միջերկրական ծովի տեսարանի մեկ անկյունը թղթին հանձնեցի: Այդ օրերին Բեյրութի Ամերիկյան համալսարանում էի դասավանդում և սկսեցի ավելի հաճախ նկարել, քանի որ այն հանդարտեցնող և պատերազմական վիճակից դուրս բերող ազդեցություն ուներ: Մեր համալսարանի պարտեզներից դեպի Միջերկրական ծով բացվող հրաշալի տեսարաններ կային : Այդ տարիներին փորձում էի ջրանկարչության մեջ  հնարավորինս հմտություններ ձեռք բերել: Մի ընտանեկան հանդիպման ժամանակ Փոլ Կիրակոսյանն ինձ ասաց, որ որպես սիրողական նկարիչ, իմ ամենամեծ առավելությունն իմ ազատությունն է: Եվ ըստ նրա, ինքն ինձ ոչինչ չուներ տալու և ես ազատ էի փորձել այն, ինչը ցանկանում եմ: »-  ջրանկարչությամբ զբաղվելու պատմությունն է ներկայացնում  համաճարակաբանը:

Քանի որ համացանցում բժիշկն  ամեն առավոտ մի նոր աշխատանքով  է ներկայանում, տպավորություն է ստեղծվել, թե նկարը  տվյալ օրվա ստեղծագործական աշխատանքի արդյունքն է , մինչդեռ պրն. Արմենյանն ասում է, որ միայն հոգեպես հանգիստ ժամանակ է ստեղծագործում՝ չի սիրում լարված, անհանգիստ պահերին աշխատել: Ըստ բժշկի, ամենակարևորը ոգևորությունն ու դրական հուզերն են:   Միայն բարձր տրամադրության, գեղեցիկ և ներդաշնակ միջավայրում է կարողանում իր զգացողությունները թղթի հարթություն տեղափոխել: Ու չնայած որ , պրոֆեսորն իրեն սիրողական նկարիչ է համարում և որոշալի դադարներով է ստեղծագործել,  46 տարիների ընթացքում շուրջ 2000 ջրաներկ աշխատանք է ստեղծել: 

   Նկարիչները կփաստեն, որ կերպարվեստով զբաղվելը միայն նկարակալի մոտ  աշխատանքը չէ, այն ենթադրում է այլ հեղինակների գործերի հետազոտություն , բազմազան տեխնիկաների հետ ծանոթացում , որն օգնում է այլոց հնարքներին ծանոթանալ և ինչու չէ, սեփական հմտությունները կատարելագործել: Արմենյանի խոսքով, արդեն վաղուց սովորություն ունի առավոտյան նախաճաշի ժամանակ  կերպարվեստին վերաբերող գրականություն ընթերցել և յուրաքանչյուր ամիս իր ժամանակը մի նկարչի արվեստի է նվիրում: Ամենից շատ ջրանկարչությանը նվիրված գրականություն է ուսումնասիրում, մեկ էլ՝ 20-րդ դարի ֆրանսիացիների պատկերագրքներն է սիրում թերթել՝ Մատիս, Դյուֆի: 

Գեղագետ բժիշկը  ոչ միայն առանձանանում է իր ստեղծագործական ներուժի իրացման արդյունավետությամբ, այլև իր արվեստը, ստեղծագործությունը հանրությանը ներկայացնելու հետևողականությամբ և պարբերականությամբ: 10 տարի առաջ Վազգեն Բրուտյանի խորհրդով իր առաջին անհատական ցուցահանդեսով է ներկայանում և այսօր արդեն  շուրջ մեկ տասնյակ անհատականներ է ունեցել: Հարություն Արմենյանի ջրանկարներն այսօր ներկայացված են Լիբանանի Համազգային Միության ,, Թութունջյան, և «Նոազ Արկ» պատկերասրահներում  և Լոս Անջելեսի « Թորոս Ռոսլին  », Քալիֆորնիայի համալսարանի պատկերասրահներում , ինչպես նաև  ցուցադրվել միջազգային տոնավաճառ-ցուցահանդեսներում՝   «Art Monaco » և   « Art Expo New Work » : Նրա աշխատանքները գտնվում  են հանրային և մասնավոր հավաքածուներում: 

   Հարություն Արմենյանը գեղապաշտ և կենսասեր անհատ է: Նա ոչ միայն կարողանում է  նկատել և վայելել իր կյանքի ճանապարհին հանդիպող ամեն գեղեցիկն ու յուրահատուկը, նա կարողանում է իր տպավորությունները արվեստի հարթություն տեղափոխել՝ կարծես թե երկարացնելով այդ պահից ստացած բերկրանքը՝ այն առատորեն կիսելով իր շրջապատի հետ: 

   ԱՆԱՀԻՏ ԿՈՐՅՈՒՆ