2020 թվականի արցախյան պատերազմից հետո էր, երբ Հարություն Արմենյանի ջրանկարներն իմ ուշադրությունը գրավեցին: Վերջիններս ամեն առավոտ իմ լրահոսում էին հայտնվում՝ համակելով լավատեսությամբ, որ վաղն ամեն ինչ լավ է լինելու:
Եվ ահա մեկուկես տարի անց համացանցային ընկերությունն իրական ծանոթության վերածվեց՝ Ստեփանակերտում Շուշիի կերպարվեստի թանգարանի վերաբացումն ապահովելու նպատակով նոր հավաքածուն էր ձևավորվում և այն համալրելու նպատակով բժիշկը սիրով 2 ջրանկար նվիրաբերեց թանգարանին:
Լիբանանահայ բժիշկը Բեյրութի, Բալթիմորի Ջոնս Հոփքինսի, Լոս Անջելեսի համալսարանների համաճարակաբանության ամբիոնի պրոֆեսոր է , 14 տարի Հայաստանի Ամերիկյան համալսարանի նախագահն է եղել, ներկայումս էլ՝ պատվավոր նախագահն է: Վերջինս իր մասնագիտական գիտելիքներով և փորձառությամբ նպաստել է մի շարք երկրների հանրային առողջապահության ոլորտի զարգացմանը: Նա գիտական 20 գրքերի և ավելի քան 100 հոդվածների հեղինակ է: Եվ ահա նման զբաղվածություն պայմաններում շուրջ 45 տարի է ջրանկարչությամբ է զբաղվում: Որպեսզի բժշկի հետաքրքրությունների շրջանակը լիարժեք ներկայացվի, պետք է հավելեմ, որ նա նաև սիրում է իր ճամփորդական տպավորությունները թղթին հանձնել: Եվ ահա դրանք համադրելով իր ջրանկարների հետ « Երանգ և խոսք » (2002) , «Անցյալը դեռ հոս չի հալիր » (2007) , « Ճանապարհը և մենք՝առաքյալի հետքերով» (2022) գրքերն է հրապարակել:
« 1975 թվականն էր, Լիբանանի քաղաքացիական պատերազմը նոր էր սկսվել , երբ Հունաստանից 2 շաբաթով Լիբանան վերադարձա՝ արձակուրդս ծնողներիս հետ անցկացնելու նպատակով: Դրսում կրակոցներ էին և մենք ստիպված էինք տանը փակվել : Եղբորս տան մեջ պտտվելիս՝ իր որդու՝ Զանգուի սենյակը մտա և նրա ջրաներկի տուփը գտա: Այն ինձ նախակրթարանի տարիները հիշեցրեց, երբ օրիորդ Գյուլենյան մեզ ջրանկարչության գաղտնիքներին էր ծանոթացնում: Եվ ես վերցնելով ջրաներկի տուփը` պատշգամբ բարձրացա և այնտեղից բացվող Միջերկրական ծովի տեսարանի մեկ անկյունը թղթին հանձնեցի: Այդ օրերին Բեյրութի Ամերիկյան համալսարանում էի դասավանդում և սկսեցի ավելի հաճախ նկարել, քանի որ այն հանդարտեցնող և պատերազմական վիճակից դուրս բերող ազդեցություն ուներ: Մեր համալսարանի պարտեզներից դեպի Միջերկրական ծով բացվող հրաշալի տեսարաններ կային : Այդ տարիներին փորձում էի ջրանկարչության մեջ հնարավորինս հմտություններ ձեռք բերել: Մի ընտանեկան հանդիպման ժամանակ Փոլ Կիրակոսյանն ինձ ասաց, որ որպես սիրողական նկարիչ, իմ ամենամեծ առավելությունն իմ ազատությունն է: Եվ ըստ նրա, ինքն ինձ ոչինչ չուներ տալու և ես ազատ էի փորձել այն, ինչը ցանկանում եմ: »- ջրանկարչությամբ զբաղվելու պատմությունն է ներկայացնում համաճարակաբանը:
Քանի որ համացանցում բժիշկն ամեն առավոտ մի նոր աշխատանքով է ներկայանում, տպավորություն է ստեղծվել, թե նկարը տվյալ օրվա ստեղծագործական աշխատանքի արդյունքն է , մինչդեռ պրն. Արմենյանն ասում է, որ միայն հոգեպես հանգիստ ժամանակ է ստեղծագործում՝ չի սիրում լարված, անհանգիստ պահերին աշխատել: Ըստ բժշկի, ամենակարևորը ոգևորությունն ու դրական հուզերն են: Միայն բարձր տրամադրության, գեղեցիկ և ներդաշնակ միջավայրում է կարողանում իր զգացողությունները թղթի հարթություն տեղափոխել: Ու չնայած որ , պրոֆեսորն իրեն սիրողական նկարիչ է համարում և որոշալի դադարներով է ստեղծագործել, 46 տարիների ընթացքում շուրջ 2000 ջրաներկ աշխատանք է ստեղծել:
Նկարիչները կփաստեն, որ կերպարվեստով զբաղվելը միայն նկարակալի մոտ աշխատանքը չէ, այն ենթադրում է այլ հեղինակների գործերի հետազոտություն , բազմազան տեխնիկաների հետ ծանոթացում , որն օգնում է այլոց հնարքներին ծանոթանալ և ինչու չէ, սեփական հմտությունները կատարելագործել: Արմենյանի խոսքով, արդեն վաղուց սովորություն ունի առավոտյան նախաճաշի ժամանակ կերպարվեստին վերաբերող գրականություն ընթերցել և յուրաքանչյուր ամիս իր ժամանակը մի նկարչի արվեստի է նվիրում: Ամենից շատ ջրանկարչությանը նվիրված գրականություն է ուսումնասիրում, մեկ էլ՝ 20-րդ դարի ֆրանսիացիների պատկերագրքներն է սիրում թերթել՝ Մատիս, Դյուֆի:
Գեղագետ բժիշկը ոչ միայն առանձանանում է իր ստեղծագործական ներուժի իրացման արդյունավետությամբ, այլև իր արվեստը, ստեղծագործությունը հանրությանը ներկայացնելու հետևողականությամբ և պարբերականությամբ: 10 տարի առաջ Վազգեն Բրուտյանի խորհրդով իր առաջին անհատական ցուցահանդեսով է ներկայանում և այսօր արդեն շուրջ մեկ տասնյակ անհատականներ է ունեցել: Հարություն Արմենյանի ջրանկարներն այսօր ներկայացված են Լիբանանի Համազգային Միության ,, Թութունջյան, և «Նոազ Արկ» պատկերասրահներում և Լոս Անջելեսի « Թորոս Ռոսլին », Քալիֆորնիայի համալսարանի պատկերասրահներում , ինչպես նաև ցուցադրվել միջազգային տոնավաճառ-ցուցահանդեսներում՝ «Art Monaco » և « Art Expo New Work » : Նրա աշխատանքները գտնվում են հանրային և մասնավոր հավաքածուներում:
Հարություն Արմենյանը գեղապաշտ և կենսասեր անհատ է: Նա ոչ միայն կարողանում է նկատել և վայելել իր կյանքի ճանապարհին հանդիպող ամեն գեղեցիկն ու յուրահատուկը, նա կարողանում է իր տպավորությունները արվեստի հարթություն տեղափոխել՝ կարծես թե երկարացնելով այդ պահից ստացած բերկրանքը՝ այն առատորեն կիսելով իր շրջապատի հետ:
ԱՆԱՀԻՏ ԿՈՐՅՈՒՆ
Комментариев нет:
Отправить комментарий