| .png) | 
Վերջին տարիներին մեզանում արվեստը սկսել է մեր առօրյա կյանքի մասնիկը դառնալ և մարդկանց կյանքի որակը փոխելու գործում մեծ դերակատարություն ունենալ: Իսկ, որտեղ որ պահանջարկ է առաջանում, փոփոխությունները և զարգացումը հրամայական են դառնում: Իսկ այդ ամենն իրականացնելու համար պրոֆեսիոնալ մասնագետներ են հարկավոր, ինչը մեծ խնդիր է Հայաստանում :
             Շատ հայտնի արվեստագետներ արդեն Հայաստանում են և
իրենց փորձն ու գիտելիքները ի նպաստ Հայրենիքի են ծառայեցնում: Մինչդեռ հայկական Սփյուռքի
ներուժն  մինչ օրս լիարժեք բացահայտված  չէ և գործնականում այն գրեթե չի  կիրառվում:
Այսօր ուզում եմ բարձրաձայնել
մի բարձրակարգ երաժշտի մասին, ով երկարամյա դիրիժոր և մանկավարժ է, երաժշտական կրթության
հմուտ կազմակերպիչ: Նա  մեծ ցանկություն ունի
    որպես հրավիրյալ դիրիժոր ,Հայաստանի  Ազգային Ֆիլհարմոնիայում մի քանի համերգներով ներկայանալ:
Բնավ դեմ չէ տասնամյակներով կուտակած իր փորձն ու հմտությունները երաժշտական կրթության
ոլորտի մասնագետների հետ կիսվել: 
            Ծանոթացեք՝
Սարգիս Սերժ Պալոյանն է: Չնայած այն հանգամանքին, որ Մաեստրոյին Հայաստանում քչերն
են ճանաչում, նա Ֆրանսիայում ճանաչված երաժիշտ է՝ դիրիժոր, դաշնակահար, կոմպոզիտոր
և մանկավարժ: Այժմ Լիոնի Երիտասարդական նվագախումբն է գլխավորում, ինչպես նաև Լիոնի
կոնսերվատորիայում  «Նվագախմբի ղեկավարում» առարկան է դասավանդում:
 Սերժ Պալոյանը ծնվել է 1950 թվականին  Ֆրանսիայում՝ Լիոնից ոչ հեռու գտնվող Վիենն քաղաքում՝
Եղեռնից մազապուրծ փրկված հայերի ընտանիքում: Նրա հայրը ՝ Զավենը, Ֆրանսիայում է հայտնվել
մոր հետ միասին, իսկ մորական պապը՝ Աբրահամ Արաբյանը  Եղեռնի ժամանակ իր ծնողների սպանության ականատեսն
է եղել , տարիներ անց էլ  Միսաք Մանուշյանի
պարտիզանական ջոկատին է միացել: Հենց Աբրահամ պապն է, որ   իր թոռներին
 հայերեն է սովորեցրել ու   նրանց համար դաշնամուր գնել: Եվ հիմա երաժիշտը խոստովանում
է, որ  իր մեջ առկա  ամեն հայկական բանի համար, պապիկին է  պարտական:  Նա  երաժշտությամբ
սկսել է զբաղվել 5 տարեկանից: Առաջին գործիքը, որին տիրապետել է դաշնամուրն է եղել,
այնուհետև շեփորի, տրոմբոնի և երգեհոնի դասերի է հաճախել, իսկ 23 տարեկանում արդեն
Օպերայում է աշխատում: Դիրիժոր դառնալու ցանկությունն առաջացել է ռադիոյով Հերբերտ
Ֆոն Կարայանի ղեկավարությամբ Բեթհովենի 5-րդ սիմֆոնիան ունկնդրելիս, իսկ երբ Վիեննի
Անտիկ թատրոնում  Ռոբերտո Բենցիի ղեկավարությամբ
«Կարմենն»  է դիտել , վերջնականորեն որոշել է դիրիժոր դառնալ:
1975 թվականին երաժիշտը
 Լիոնի շրջանի Գրիի քաղաքի երաժշտական դպրոցն
է հիմնադրել, 1981 թվականին Սիոտոյի կոնսերվատորիան,իսկ 1997-ին էլ՝ Ազգային երաժշտության,
պարի և դրամատիկ թատրոնի ակադեմիան:   Որպես հրավիրյալ դիրիժոր  աշխատել է 
Շվեցարիայում, Չեխիայում, Գերմանիայում, Լեհաստանում , Ուկրաինայում, Հայաստանում
և այլուր: 
   Սարգիս
Պալոյանը որպես դիրիժոր, բազմաթիվ երաժիշտների հետ է աշխատել: Նա մեծ սիրով է հիշատակում
Ժան Տեր-Մերկերյանի անունը, ում հետ բազմաթիվ համերգներ է ղեկավարել: Նրանք միասին
1988 թվականի երկրաշարժից տուժածների  համար
բարեգործական համերգներ են իրականացրել: Երաժիշտն առանձնացնում է Պիեր Բարբիզիեի, Սիդոնի
Բուգամոնի և  Ռաֆայել Պիդուի հետ համագործակցությունը:
Սարգիս Պալոյանը նաև հմուտ մանկավարժ է՝ նա իր պրակտիկ գիտելիքները երիտասարդ սերնդին է փոխանցել և փոխանցում: 10 տարուց ավելի է Լիոնի կոնսերվատորայում է աշխատում:
   Որպես կոմպոզիտոր 1988 թ. ստեղծել է  Եվրոպական երիտասարդական Օլիմպիադայի օրհներգը, որի
համար Ավինյոնի կոմպոզիտորական մրցույթում առաջին մրցանակի է արժանացել: Նրա գրչին
է պատկանում Հայկական առաջին կոնցերտը շեփորի և սիմֆոնիկ նվագախմբի համար, «Հայկական ռապսոդիան»` ալտի և կամերային
նվագախմբի  համար՝ դուդուկի ուղեկցությամբ :
Վերջինս իր ծնողների և պապիկի հիշատակին է նվիրել: Սարգիս Պալոյանի երաժշտական երկերի
վերնագրերը  «հայկական » կնիք են կրում
և ինչպես ինքն է նշում, որպես երաժիշտ, իր հայկականությունն ամենից շատ իր ստեղծագործություններում
է արտահայտվում: Հիմա էլ մեծ ցանկություն ունի որպես հրավիրյալ
դիրիժոր Հայաստանի Ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ մի քանի համերգներով ներկայանալ:                                 
ԱՆԱՀԻՏ ԿՈՐՅՈՒՆ
 
Комментариев нет:
Отправить комментарий