ԱՆԱՀԻՏ ԿՈՐՅՈՒՆ
Իրանահայ արվեստի հետքերն այս անգամ Երևանի թիվ 136 միջնակարգ դպրոց տարան ՝ Ռոստոմ Ոսկանյանի արվեստատուն: 8 տարի առաջ՝ 2016 թվականին Ռոստամ Ոսկանյանի մահվանից 3 տարի անց, նրա եղբայրը՝ Զավենը՝ կնոջ հետ, որոշում են Երևանի դպրոցներից մեկում արվեստագետի անունը կրող արվեստատուն բացել, ուր կներկայացվի ճարտարապետ-գեղանկարիչ-քանդակագործի անցած ուղին:
Նկարների վերատպություններ, մանրաքանդակներ, վրձիններ, որոնցով աշխատել է արվեստագետը, պատվոգրեր և դիպլոմներ, որոնց արժանացել է ճարտարապետը և վերջապես ս. Խաչ մատուռի մեծադիր լուսանկարը, որը Ռոստոմ Ոսկանյանի ճարտարապետական  գլուխգործոցներից է՝ ահա այսպիսի  միջավայրում են տառաճանաչ դառնում  Երևան քաղաքի 136 միջնակարգ դպրոցի առաջին դասարանցիները:
Դպրոցի տնօրեն Լիլյա Դավթյանից տեղեկացանք, որ այս յուրօրինակ գաղափարի հեղինակը Զավեն Ոսկանյանինն է: Համաձայնեք , որ արվեստը հանրայնացնելու իդեալական ձևաչափ է գտել պրն. Ոսկանյանը որը կարող է օրինակ ծառայել մյուս դպրոցների համար: Թանգարաններ և մասնավոր պատկերասրահներ ստեղծելու համար հազար ու մի խոչընդոտ է հարկավոր հաղթահարել՝ ֆինանսական ներդրումներից սկսած ՝ մասնագիտական ռեսուրսների ներգրավումով ավարտված: Մինչդեռ այս ձևաչափն իդեալական է, թե գաղափարական-բովանդակային, թե՛ նյութական ռեսուրսների խնայողոթյան և թե՛ ամենակարևորը՝ արդյունավետության տեսանկյունից: Եվ այն կարող է ներդրվել հանրակրթական բոլոր դպրոցներում: Այս կերպ ժամանակակից արվեստը կհայտնվի դպրոցներում և կարճ ժամանակ անց, կունենանք գեղարվեստական բարձր ճաշակ ունեցող սերունդ, որը թանգարաններ և պատկերասրահներ է հաճախում :
|  | 
| Սուրբ Խաչ մատուռ (1985-1987) | 
Ռոստոմ Ոսկանյանը   ծնվել է 1932 թ. Թավրիզում: Նրա հայրը պրոֆեսիոնալ լուսանկարիչ էր և դեռ մանուկ տարիքից  առնչվել է արվեստի հետ: Մինչ  մասնագիտական կրթություն ստանալը, պատանի հասակում  զբաղվել է  նկարչությամբ: Որպես ճարտարապետ , մասնագիտական կրթություն է ստացել նախ   Թեհրանի համալսարանի Գեղարվեստի ֆակուլտետի Ճարտարապետության բաժնում՝ 1959, ապա՝ Փարիզի Գեղեցիկ արվեստների ազգային բարձրագույն դպրոցում: 1964 թ. ուսումնառությունից  հետո Իրան  է վերադարձել ՝ ձեռնամուխ լինելով  ճարտարապետական նախագծերի իրականացմանը, նաև  համատեղելով   մանկավարժական գործունեությունը:  Ոսկանյանի ամենահայտնի  ճարտարապետական աշխատանքներից են  Հայ Ակումբի դահլիճը (1966), Թավրիզի հայկական մանկապարտեզը (1968),  Թեհրանի «Արարատ» մարզավանը ( 1970-1974) , Թեհրանի Թեջարաթ բանկի Զուրխանե մարմնակրթական կենտրոնը ( 1983) , Շիրազի ավտոկայանը ( 1983),  Սրբ. Խաչ մատուռը (1985-1987) և այլն:  Հարկ է նշել, որ Ռոստով Ոսկանյանը  որպես մանկավարժ մեծ դերակատարություն է ունեցել ճարատարապետների նոր սերունդ կրթելու գործում ` նա  երկար տարիներ Թեհրանի համալսարանի Գեղարվեստի ֆակուլտետում  ճարտարապետություն  է դասավանդել, նաև որոշ ժամանակահատված գլխավորել է  վերոնշյալ բուհի և ֆակուլտետի Ճարտարապետության բաժինը: 
Գեղանկարչությունն ու քանդակագործությունը Ռոստոմ Ոսկանյանի կյանքում ճարտարապետությանը զուգահեռ են  դրսևորվել, չնայած այն հանգամանքին, որ  նրան շատերը որպես ճարտարապետ են ճանաչել՝ «Առաջին անգամ է, որ իմանում ենք և ներկա լինում իր նկարահանդեսին և հակառակ այն իրողության, որ 1951 թվականին մասնակցել է «Հայ ակումբի» երիտասարդ հայ նկարիչների ցուցահանդեսին, ապա՝ հաջորդաբար 1956 թվականի «Էսթետիկ»  գալերիի խառն ցուցահանդեսին,  1957 թվականի «Թեհրան Բիենալ »-ի մեծ ցուցահանդեսին (ուր ևս  արժանացել է ոսկե մեդալի), 1958 թվականին «Վենիզ Բիենալեին », 1960 թվականին « Թեհրան 2 Բիենալեին», 1974 թ. Թեհրանի միջազգային ցուցահանդեսի  , ապա 1975 թվականին «Գալերի Զարվանի» իր  անդրանիկ անհատական ցուցահանդեսին, որը տեղի ունեցավ մայիսի 10-21-ը և հենց այս առթիվ է, որ պիտի խոսենք » -գրում  է իրանահայ գեղանկարիչ Հարություն Մինասյանն իր կրտսեր ընկերոջ մասին « Քուլիս» ամսագրի  1975 թ. հրապարակված   համարներից մեկում:  Նրա տողերից պարզ է դառնում, որ ինքը ՝ Մինասյանը, չնայած որ, Ոսկանյանին վաղուց է ճանաչում, իր համար բացահայտում է  ճարտարապետի գեղանկարչական ձգտումները: Մինասյանի խոսքով, անգամ առաջին հայացքից դժվար է հասկանալ, ի վերջո, ճարտարապետ, թե՞ նկարիչ է Ոսկանյանը : Եվ ահա Մինասյանը կարծես գտնում է իր հարցի պատասխանը: Ըստ նրա,  Ոսկանյանի  մոդեռն նկարչության մեջ տեսանելի է ճարտարապետն իր ծավալային և նյութերի համարձակ լուծումներով: Ռոստոմ Ոսկանյանը  երկու տասնյակից ավելի խմբային և  անհատական ցուցահանդեսների է մասնակցել: Նրա գործերը ցուցադրվել են Թեհրանի Ժամանակակից արվեստի թանգարանում ,  Նյու-Յորքի    «Գորկի»  պատկերասրահում և այլուր:
|  | 
| Ռոստոմ Ոսկանյան 2007 | 
Երևանի քաղաքի պատմության թանգարանի կայքից  տեղեկանում ենք , որ 2012 թվականին ճարտարապետության դոկտոր Ռոստոմ Ոսկանյանը թանգարանին է նվիրաբերել 1520  թանգարանային առարկաներից բաղկացած իրանական և հայկական  արվեստի սեփական  հավաքածուն: 
2021 թվականին իրանական լրատվամիջոցները հաղորդում են, որ Թեհրանի փողոցներից մեկն  անվանակոչվել է Ռոստոմ Ոսկանյանի պատվին: Այն գտնվում է ճարտարապետի հեղինակած  «Արարատ» մարզավավանի հարակից տարածքում: 
     Ներկա պահին Երևանի պատմության թանգարանում ընթանում է  Ռոստոմ Ոսկանյանի թանգարանին նվիրած հավաքածուի մի հատվածի  ցուցադրությունը:
|  | 
| Ռոստոմ Ոսկանյան 2001 | 

 
Комментариев нет:
Отправить комментарий