четверг, 11 июля 2024 г.

ԻՐԱՆ, ՖՐԱՆՍԻԱ, ԱՄՆ, ՇՎԵՅՑԱՐԻԱ՝ ԱԼԻՆԱ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ


    Քանի որ վերջին շրջանում իմ ուսումնասիրության առարկան իրանահայ արվեստն է ,  ես չէի կարող  ձեռքից բաց թողնել Իրանում ծնված, բայց և աշխարհի տարբեր անկյուններում ապրած    արվեստագետ Ալինա Մնացականյանի հետ  հանդիպելու առիթը  Հայրենիքում :

  Բնականաբար, մեր առաջնային թեման Իրանին էր  առնչվում  , որտեղ ծնվել ,  իր մանկությունն ու պատանեկությունն էր անցկացրել Ալինան: Իրանահայերը  մեծ ներդրում են ունեցել Իրանում տարբեր ոլորտների զարգացման  գործում և արվեստագետի ընտանիքը բացառություն չէ: Նրա մորական պապը՝ Առաքել Հարությունյանը,  հայտնի հասարակական գործիչ էր  Թավրիզում ՝ 1920-ականներին «Մինարեթ» օրաթերթի խմբագիր-հրատարակիչն էր, ինչպես նա Իրանում  սեղանի օրացույցի առաջին հրատարակիչը: Ալինայի մայրը՝ Հասմիկ  Հարությունյանը, Իրանում առաջին կին պլաստիկ վիրաբույժն է եղել, հայրն էլ ՝ճարտարապետ Լևոն Մնացականյանն է: Թեհրանում հայկական  միջնակարգ  դպրոցն ավարտելուց հետո , Ալինան որոշում է շարունակել հոր ճանապարհը և ճարտարապետ դառնալու որոշում կայացնում:  2 տարի՝ 1976-77 թթ. Թեհրանի համալսարանի Գեղարվեստի ֆակուլտետի Ճարտարապետության բաժնում   է ուսանում: Եվ այդ տարիներից որպես ամենավառ  հիշողություն հայտնի ճարտարապետ Ռոստոմ Ոսկանյանին անունն է  նշում, ով այդ տարիներին վերոնշյալ բուհի Ճարտարապետության բաժինն էր ղեկավարում ( տարիներ անց  նրանք ԱՄՆ-ում են հանդիպում և նրանց միջև ջերմ, ընկերական հարաբերություններ են ստեղծվում):  Հեղափոխության պատճառով Իրանում  1 տարով ընդահատվում է   ուսումնական պրոցեսը:  Քիչ ժամանակ անց , ինչպես շատ իրանահայեր, հեռանում են Իրանից,  նաև  Ալինայի ընտանիքը:

Սկզբում  նրանք հաստատվում են Ֆրանսիայում:  Այստեղ Ալինան  զուգահեռ 2 կրթական հաստատություններում է ուսանում՝ Փարիզ 8 համալսարանում գեղանկարչի , իսկ Սորբոնում հայագետի որակավորում է ստանում:   Երիտասարդ արվեստագետի փարիզյան կարևորագույն փորձառություններից է  նաև իրանահայ հայտնի ռեժիսոր Արբի Հովհաննիսյանի հետ համագործակցությունը  : Ինչպես Ալինան է նշում, չնայած այն հանգամանքին, որ միայն մեկ ներկայացման մեջ է խաղացել՝ «Ինչպես է մայրիկիս ասեղնագործված գոգնոցը ընդգրկվում իմ կյանքում»  , այն մեծ դերակատարություն է ունեցել իր աշխարհհայացքի ձևավորման մեջ: 

Ալինա Մնացականյանը բազմաշերտ և արվեստի տարբեր բնագավառներում և տեխնիկաներում աշխատող   արվեստագետ է՝ գրաֆիկա, քանդակ, գեղանկար, լուսանկարչություն, ինստալացիա և փերֆորմանս: Նա իր արվեստի միջոցով արդիական հարցեր է բարձրացնում: Ինչպես արվեստագետն է նշում, իրեն միշտ ինքության հարցերն է հետաքրքրում ՝ ո՞վ է ինքը, որտեղի՞ց է գալիսև  ու՞ր է գնում: Նա տասնամյակներ շարունակ արվեստի միջոցով փորձում է այս հարցերի պատասխանը գտնել:

 Փարիզում գտնվելու տարիներին ինքնության հարցը՝ հայոց գրերի և նոր տեխնիկաների փնտրտուքի միջոցով է փորձում գտնել:   Նկարչուհին, ով Իրանում էր ծնվել , անշուշտ,  քաջածանոթ էր ժամանակակից իրանական արվեստին: Պատահական չէ, որ Փարվիզ Թանավոլին նրա ֆավորիտ արվեսագետներից է: Նա է, որ   պարսից  գրերը իրանական ժամանակակից արվեստ ներմուծեց,  և Ալինան ցանկանում էր իրանական փորձն  իր արվեստում տեղայնացնել:

1984-2006 թթ. Ալինա Մնացականյանն իր ընտանիքի հետ  ԱՄՆ ՝ Լոս-Անջելես է տեղափոխվում :Այստեղ նա մասնագիտական նոր փորձառություններ է ձեռք բերում , իսկ  ինքնության թեմաներն առավել ակնառու են դառնում: 1997 թվականը մեկնարկային է դառնում արվեստագետի  համար: Միայն այդ տարում  երեք կարևոր նախագծերով է ներկայանում «Արկղ, խաչ ,մասնատում, ցեղասպանություն» ,  «Ճամփորդություն», «Ինքնադիմանկար»: Ինստալացիայի և փերֆորմանսի ժանրերում արված այս գործերով  Ալինան ոչ միայն իր մասին է պատմում, այլև հայ ժողովրդին պատուհասած Եղեռնի մասին է բարձրաձայնում: 2000 թ. ստեղծված  «Տունն  անիվների վրա » վիդեոինստալացիայով  Ալինա Մնացականյանն իր  կյանքի ճանապարհը ներկայացնում և  իր անձնական փորձի միջոցով  արտագաղթի  խնդիրների  մասին է խոսում: Հեղինակի խոսքով, իր  նախագիծը  միայն ֆիզիկապես մեկ  վայրից այլ վայր   տեղափոխվելու  մասին չէ:  Նաև  այն  մասին է, որ   ներքին զգացողությամբ քեզ քո տեղում չես զգում, , բայց միևնույն ժամանակ վայելում ես մի քանի մշակույթներին  պատկանելու առավելությունը:

2001 թվականին Ալինա Մնացականյանն առաջին անգամ պատմական Հայրենիք է այցելում: Իր խոսքով,  տպավորություն   է ունեցել ,  թե վաղուց  այս երկրի և միջավայրի մասնիկն է  եղել ու  միանգամից իրեն յուրային է զգացել:  Բնականաբար, Հայաստան այցելությունները շարունակական բնույթ են ստացել: Նա այս 23 տարիների ընթացքում պարբերաբար թե՛ անհատական նախագծերով է ներկայացել և թե՛ խմբային ցուցադրությունների է մասնակցել, նաև եվրոպացի արտիստների է Հայաստան հրավիրել:

2007 թվականին արվեստագետին հրավիրում են մասնակցել մի ցուցահանդեսի, որը «Սիմվոլների բնապատկեր, կառուցապատված միջավայրի բնապատկեր, երազների բնապատկեր » վերնագիրն ուներ:  Ալինան  նախագծին մասնակցում է  «Լեռը գալիս է ինձ մոտ » վիդեոինստալիացիայով : Վերջինիս կոնցեպտը հեղինակը հետևյալ կերպ է ներկայացնում՝  «Լեռը, որին ես անդրադառնում եմ իմ աշխատանքում կարեւոր դեր է զբաղեցնում իմ գիտակցության մեջ։ Հակառակ շվեյցարական լեռներին, ես այս լեռան շրջապատում երբեք չեմ ապրել, բայց իմ ծագումն ու ինքնությունը որոշակիորեն կապված են նրա հետ։ «Լեռը գալիս է ինձ մոտ» նախագիծը Արարատ լեռան մասին է՝ այդ հերոսական լեռը,  որն անշարժ նստած է Թուրքիայի հարավ-արեւելյան անկյունում։ Դարերի ընթացքում սահմանները տեղաշարժվել են այս բնական իկոնայի շուրջ որպեսզի նրան ներգրավեն մեկ կամ մյուս երկրում։  Ոմանք այն համարում են առասպելական Նոյան Տապանի խարսխավայրը եւ այդ պատճառով նրան համարում են սրբազան լեռ։ Հետեւաբար կարելի է ասել, որ Արարատը վայելում է մի համապարփակ գրավչություն։ Արարատի ռոմանտիկ եւ խորհրդավոր պատկերը ներկայացնելու փոխարեն, այս ինստալացիան առաջարկում է այս սրբազան լեռը ժամանակավորապես պարտք վերցնել, աշխարհով մեկ շրջագայելու համար։ Մի վիրտուալ տեղաշարժ, բնականաբար խոստանալով, որ նա ի վերջո կվերադարձվի իր ներկայում գտնվող վայրը»:  Այս նախագիծը թերևս Ալինա Մնացականյանի ամենաճանաչված և ազգային ինքնությունն  ամենացայտուն կերպով դրսևորող  գործերից է,  որն ,ի դեպ,   Շվեյցարիայի կառավարության կողմից դրամաշնորհի  է արժանացել:  2009 թվականին այն նաև Հայաստանում ՝  ՆՓԱԿ –ում է ցուցադրվել:

18 տարի է, ինչ  արվեստագետի հանգրվանը  Շվեյցարիայի Նյոշատել քաղաքն  է : Այնտեղ Ալինա Մնացականյանը Շվեյցարիայի պրոֆեսիոնալ վիզուալ արվեստագետների  ասոցացիայի  Նյոշատելի մասնաճյուղի նախագահն է: Ըստ Ալինայի, եթե Հայաստանում նմանատիպ միությունները կազմակերպչական և ադմինստրատիվ գործառույթ են իրականացնում, ապա Շվեյցարիայում նման պաշտոնները կոչված են արվեստագետների սոցիալական ապահովագրության և սոցիալական խնդիրները կարգավորելուն:  Արվեստագետի  հետ խոսեցինք նաև այդ երկրում արվեստի դերի մասին:  Պարզվում է, Շվեյցարիայի կառավարությունը օրենք է ընդունել այն մասին, որ վերանորոգում և շինարարություն իրականացնելիս  բոլոր պետական կառույցները   պարտավոր են  բյուջեի 0.5-1 %-ը  հատկացնել արվեստի գործեր ձեռք բերելուն : Այսինքն, ամեն նոր կրթական հաստատություն, առողջարան , հիվանդանոց  կառուցելուց  և վերանորոգելուց հետո  բյուջեի  0,5-1 %-ը այդ երկրում հատկացնում են հանրային  հավաքածուներ ձեռք բերելուն՝ դրանով իսկ աջակցելով արվեստագետներին:

Ալինա Մնացականյանի հետ  հանդիպման ընթացքում բազմաթիվ արվեստին վերաբերող հարցեր քննարկեցինք, շատ թեմաներ էլ թերևս   շրջանցեցի: Մեծ հույս ունեմ, որ հաջորդ անգամ արվեստագետն անհատական նախագծով Հայաստան կվերադառնա,  ու մենք նորից զրուցելու  առիթ կունենանք:

ԱՆԱՀԻՏ ԿՈՐՅՈՒՆ

 

 

 

 

 

Комментариев нет:

Отправить комментарий