воскресенье, 28 июля 2024 г.

ՇՈՂՇՈՂՈՒՆ ԱԴԱՄԱՆԴԸ՝ ՆԱԴԵԺԴԱ ՊԱՊԱՅԱՆ

 

                ԱՆԱՀԻՏ ԿՈՐՅՈՒՆ


« Ահա շողշողուն ադամանդ, որով հայերը կարող են հպարտանալ այնպես, ինչպես հպարտանում են Ադամյանի անունով: Այն գեղարվեստական ճաշակը, որը ցույց տվեց Պապայանը, չի ունեցել ոչ մի հայ արտիստ, բացառությամբ` վերոհիշյալի: Ինքը` բնությունն է շռայլորեն պարգևել հայ երգչուհուն բացառիկ հարուստ, քաղցրահունչ ձայնով, բայց այս հրաշալի պարգևի հետ միասին բնությունը շնորհել է նրան նաև գեղարվեստական ճաշակով: Հենց այդ ճաշակը և երկնային պարգևն է կախարդական ուժով ցնցել հասարակությանը` թողնելով խոր հետք նրա սրտում»,_ այսպես է արտահահայտվել երգչուհու մասին նրա ժամանակակիցներից մեկը` գրող Շիրվանզադեն:

Նադեժդա Պապայանը պատկանում է այն օպերային արտիստների շարքին, որոնք իրենց ստեղծագործական կյանքը սկսել են 19-ի դարավերջին, սակայն ողբերգական պատահարի պատճառով այն ընդհատվել է 20-րդ դարի սկզբին: Երգչուհին ծնվել է Աստրախանում 1868թ.: Դեռ մանուկ հասակից նա դրսևորում է երաժշտական ունակություններ: Գիմնազիայում սովորելու տարիներից երգել է կանանց երգչախմբում, մեկ-մեկ էլ մասնակցել այնտեղ կազմակերպվող երաժշտական միջոցառումներին: Մի օր էլ Աստրախան է ժամանում ժամանակի հայտնի օպերային երգիչներից մեկը` Կիպսեն: Նա առաջին մասնագետն էր, ով, հիանալով Նադյայի ձայնով, սկսում է պարապել աղջնակի հետ: Սակայն որոշ ժամանակ անց նրա պայմանագիրը սպառվում է, և նա մեկնում է Աստրախանից: 1886թ. Նադեժդան ընդունվում է Պետերբուրգի կոնսերվատորիա: Այստեղ նա մշտական ուշադրության է արժանանում ոչ միայն վոկալի դասատուի` Վիլհելմինա Ռաաբի, այլև ուսումնական հաստատության ռեկտոր` կոմպոզիտոր Անտոն Ռուբինշտեյնի կողմից: Պետերբուրգը երիտասարդ ուսանողուհուն ոչ միայն սովորելու, փորձ ձեռք բերելու, այլև շփվելու հնարավորություն է ընձեռում: 3.5 տարվա ընթացքում նա յուրացրեց օպերային և կամերային երգեցողության բոլոր ծրագրերը, որոնք նախատեսված էին ողջ ուսումնառության ընթացքում: Մի քանի ամիս էր մնում կոնսերվատորիան ավարտելուն, երբ Նադյայի առողջությունը օրըստօրե վատթարանում էր: Պարզվում է` Պետերբուրգի սառը կլիման վատ էր անդրադառնում Պապայանի ձայնի վրա, և բժիշկների խորհրդով` նրա առողջության վրա բարերար ազդեցություն կունենա Իտալիայի օդը: Իտալիայում Պապայանի դասատուն Ֆիորատոն էր, որի մոտ աշխարհի տարբեր ծայրերից գալիս էին ձայն մշակելու: Երգչուհին Միլանում հանդիպում է մի շարք հայրենակիցների` Բեգլար Ամիրջանյանին, Արշակ Կոստանյանին, Ներսես Շահ-Մալյանին և այլոց, ովքեր նույնպես երգեցողություն էին ուսանում: Այդ ժամանակ Եվրոպայում էին նաև Ելիզավետա Խոջայանը և Կորգանովա քույրերը: Նրանք վոկալ դպրոց են անցել այնպիսի հանրահայտ դասատուների մոտ, ինչպիսիք էին Պոլինա Վիարդոն, Մարկեզին: Վերջինս դասավանդում է Պապայանին նաև Փարիզում: Երգչուհին իր իսկական արտիստական գործունեությունը սկսում է Իտալիայում` հանդես գալով այնպիսի օպերային թատրոններում, ինչպիսիք են Միլանի «Ալգաբրոն», Նեապոլի «Սան-Կառլոն»: Այդ ժամանակ է, որ նրան առաջարկում են հանդես գալ «Լա Սկալայում», սակայն հրաժարվելով` իր արվեստակից ընկերոջ` Բեգլար Ամիրջանյանի հետ վերադառնում է հայրենիք: 1893թ. Պապայանը Ամիրջանյանի հետ որոշում են համերգներով հանդես գալ Թիֆլիսում: Անդրանիկ համերգը մեծ ոգևորությամբ է ընդունվում հասարակության կողմից, և դրանք շարունակական բնույթ են կրում : Բացի համերգային կատարումներից` Պապայանը հանդես է գալիս նաև օպերային թատրոններում: Օպերային արվեստի պատմության մեջ մեծ հետաքրքրություն է ներկայացնում 1893թ սեպտեմբերի 29-ը: Այդ օրը Թիֆլիսի օպերային թատրոնում բեմադրվում էր Գունոյի «Ֆաուստը», ուր գլխավոր դերերգիչները առաջին անգամ էին հանդես գալիս մեծ բեմում: Նադեժդա Պապայան` Մարգարիտա և Մեֆիստոֆել` 20ամյա Ֆեոդոր Շալյապին: Բնականաբար, ներկայացումն աննկարագրելի հաջողություն ունեցավ: Երեք տարի շարունակ Պապայանը հանդես է եկել Թիֆլիսի և Բաքվի օպերային թատրոններում` Վիոլետայի (Վերդիի « Տրավիատա») և Ջիլդայի (Վերդիի «Ռիգոլետտո» ), Սանտուցայի (Մասկանի «Գեղջկական ասպետություն») դերերգերով: 1896-98թթ. Պապայանը մեկնում է Փարիզ` պրոֆեսոր Մարկեզիի մոտ կատարելագործելու ձայնը և բեմական արվեստը: Այդ տարիներին նա համերգներով հանդես է գալիս Փարիզի համերգասրահներում: 1898թ. Նադեժդա Պապայանը և Լևոն Եղիազարյանը հայկական երաժշտություն պրոպագանդելու նպատակով համերգներով մեկնում են Անգլիա: Մեկ տարի անց նա վերադառնում է Ռուսաստան: Առաջին անգամ Պետերբուրգի հասարակությանը ներկայանում է Չայկովսկու «Պիկովայա դամայում» Լիզայի դերով: Հետո` Միմի, Մարգարիտա, Ջուլիետա, Ջիլդա: Վերոհիշյալ պարտիաներով նա հանդես է գալիս «Արկադիա» թատրոնում:
1901թ. Պապայանին հրավիրում են Մարինյան թատրոն: Այդ ժամանակ այնտեղ էին աշխատում Սոբինովը, Ստրավինսկին: Սոբինովի աշխատելաոճը համապատասխանում էր Պապայանի պատկերացումներին: Նա շատ էր հավանում Պապայանի ձայնը, և նրանք միասին բազմաթիվ բարեգործական համերգների են մասնակցում : Երկու տարի Մարինյան թատրոնում աշխատելով` տեղի երգչուհիների կողմից մեծ թշնամություն է առաջանում Պապայանի նկատմամբ: Որոշ ժամանակ անց նա սկսում է սակավ հանդես գալ բեմում: 1904 թ. սկզբին ավարտվում է Մարինյան թատրոնի հետ կնքված պայմանագրի ժամկետը: Լքելով Պետերբուրգը` նա վերադառնում է Աստրախան` ծնողների մոտ: Երգչուհին սկսում է իր համերգային գործունեությունը Կովկասում: Շուտով Պապայանը գալիս է այն համոզման, որ ինքն այստեղ ևս անելիք չունի և որոշում է մեկնել Փարիզ: Այդ առիթով նա հրաժեշտի երեկո է կազմակերպում` վերջին անգամ հանդես գալով Թիֆլիսում: Փարիզում Պապայանը իմանում է հեղափոխության մասին և վերադառնում է Պետերբուրգ: Այստեղ էլ նրան հեռագրում են մոր մահվան լուրը, նա վերադառնում է հայրենի քաղաք: Նադեժդա Պապայանի կյանքը ողբերգականորեն է ավարտվում: 1905 թ. դեկտեմբերին երեք ավազակներ որոշում են թալանել Պապայանի բնակարանը: Հագնելով ուսանողական հագուստներ` ավազակները ներկայանում են որպես ուսանողներ, ովքեր ցանկանում են համերգ կազմակերպել: Երգչուհին սիրով ընդունում է նրանց: Սկզբում ավազակները հարձակվում են հոր, այնուհետև` Նադեժդայի վրա: Հայրը տեղում մահանում է, իսկ երգչուհուն գլխի ծանր վնասվածքներով տեղափոխում են հիվանդանոց, ուր 3 շաբաթ անց մահանում է: Պատմում են, որ հիվանդանոցում, երբ երգչուհու գիտակցությունը վերականգնվում է, նա, նայելով շուրջբոլորը, սկսում է երգել: Երգում է Վիոլետայի մեներգը «Տրավիատա» օպերայից: Նա հանգչում է երգը շուրթերին:

Комментариев нет:

Отправить комментарий