Գեղանկարիչ Աշոտ Մելքոնյանի արվեստին ծանոթ եմ դեռևս ուսանողական տարիներից: Նրա 1967 թվականին վրձնած «Ընտանիք» կտավը Ազգային պատկերասրահի հայկական ժամանակակից կերպարվեստի բաժնի մշտական ցուցադրությունում էր , որը շուրջ մեկ տասնամյակ իմ մշտական ուղեկիցն էր: Դեռևս այն տարիներից տեղյակ էի, որ արվեստագետը մշտական բնակություն է հաստատել ԱՄՆ-ում , հետագայում նրա մասին լսեցի Էդուարդ Արծրունյանից, ում հետ ընկերներ էին, համերկրացիներ և , բնականաբար, բազմաթիվ հուշեր էին նրանց միավորում: 2009 թվականին էլ նրա վախճանի լուրը հենց Վարպետիս տանն առա:
Երկար ժամանակ է ցանկանում էի նկարչի արվեստին անդրադառնալ , սակայն միայն վերջերս հնարավորություն ստեղծվեց նկարչի ավագ որդուն՝ Արմեն Մելքոնյանին հանդիպել: Վերջինիս հետ զրույցի ընթացքում էլ փորձեցի Աշոտ Մելքոնյան գեղանկարիչի կերպարը բացահայտել:
Աշոտ Մելքոնյանը նույն Պոլոզ Աշոտն է՝ նկարչական միջավայրում նրան հենց այդ մականունով են ճանաչում: Սարյանի պես ծնվել է Դոնի Ռոստով քաղաքում, նույն օրը՝ ուղիղ 50 տարի անց: Եվ, երբ մոր հետ 5 տարի անց Հայրենիք են տեղափոխվել, հաստատվել են Լենինական քաղաքում : Չնայած այն հանգամանքին, որ երաժշտական միջավայրում է մեծացել՝ մայրը երաժշտագետ էր, նրա վրա մեծ ազդեցություն է թողել քեռին՝ Հրաչյա Մեքինյանը, ով այն տարիներին հայտնի բեմանկարիչ էր Լենինականի Մռավյանի անվան թատրոնում: Եվ ահա մանուկ հասակից՝ դեռևս Հայրենական պատերազմի տարիներից, փոքրիկ Աշոտը ուսանել է Մերկուրովի անվան Գեղարվեստի դպրոցում՝ միաժամանակ աշխատելով վերոնշյալ թատրոնում: 40-ականների երկրորդ կեսին մայրաքաղաք են տեղափոխվում ՝պատանի նկարիչը Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանի ուսանող էր, ուր սովորում է 4 տարի: Ապրում էին ներկայիս Հյուսիսային պողոտայի սեփական տներից մեկում, այնտեղ նաև Թերլեմեզյանի անվան Գեղարվեստի ուսումնարանի հանրակացարանն էր գտնվում: Եվ Աշոտենց տունը դառնում է նկարիչների հավաքատեղի: Ի դեպ, Աշոտ Մելքոնյանի ամենավաղ թվագրված նկարներից մեկը 1946 թվականին է պատկանում: Եվ նա լինելով առաջին կուրսի ուսանող՝ նկարում է իրենց բակի ութնամյա Ժաննային, ով ապագայում ճակատագրի բերումով արվեստագետի կինն է դառնում: 1950-1956 թթ. մասնագիտական կրթությունը շարունակում է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտում: Նկարչի դիպլոմային աշխատանքը՝ ,, Գարուն՛՛ կտավը նվիրված է եղել Կոմիտասին : Ի դեպ, խորհրդային կերպարվեստում այն Կոմիտասին նվիրված առաջին անդրադարձներից է: Այս նկարով, երևի թե, առաջին անգամ մասնակցում է հանրապետական ցուցահանդեսի: Եվ այս փաստն էլ հետագայում հիմք է դառնում Նկարիչների Միությանն անդամագրվելու համար: 1957 թ. նա արդեն այդ կառույցի անդամ էր, որից հետո սկսում է ակտիվորեն մասնակցել հանրապետական , համամիութենական և արտասահմանյան ցուցահանդեսների: 1967 թ. «Ընտանիք» կտավն արժանանում է երկրորդ մրցանակի: 1975 թ. Երևանում կազմակերպված հանրապետական փառատոնին բրոնզե մրցանակի է արժանանում: 1973 -1980 թթ. Հովհաննես Զարդարյանի և Ղուկաս Չուբարյանի հրավերով գեղանկարչություն է դասավանդում Խ. Աբովյանի անվան մանկավարժական ուսումնարանում: 1977 թ. վաստակավոր նկարչի կոչման է արժանանում: Ցուցահանդեսներ է ունեցել Չեխիայում, Գերմանիայում, Ֆրանսիայում, Իտալիայում, Կորեայում, Հունգարիայում, Ռումինիայում, Բուլղարիայում և այլուր: Նկարիչը միայն մեկ անհատական ցուցահանդես է ունեցել՝ 1989 թ. Գերմանիայում: 1997 թ. մինչև 2009 թվականը ապրել է ԱՄՆ-ի Ֆրեզնո քաղաքում , որտեղ նաև Ռաֆայել Աթոյանն էր բնակություն հաստատել:
Աշոտ Մելքոնյան. Ընտանիք 1967, ՀԱՊ |
15 տարի առաջ է նկարիչը հեռացել կյանքից և այժմ նկարչի մասին իր հիշողություններով է կիսվում նրա ավագ որդին՝ Արմեն Մելքոնյանը:Նա մասնագիտությամբ արևելագետ է, ով սակայն 30 տարի պետական պաշտոններ է զբաղեցրել՝ դիվանագիտական գործունեություն իրականացնելով: Նկարչի երեք որդիներից միայն նա է, որ այլ մասնագիտություն ունի : Ավագ որդու խոսքով, իր միջնեկ և կրտսեր եղբայրները իրենց տարիքի համեմատ բացառիկ նկարչական ձիրք էին դրսևորել և նկարչի ողջ իր ուշադրությունը նրանց վրա էր կենտրոնացած:
Աշոտ Մելքոնյանն իր ժամանակների ամենաբռնազբոս ,ազատամիտ մարդկանցից էր: Նա շատ անմիջական և ընկերասեր մարդ էր և ցանկացած վայր, ուր հայտնվում էր, գեղեցիկ զրույցներ էին սկիզբ առնում, առիքնող, ջերմ մթնոլորտ էր ստեղծվում: Արվեստագետը սիրում էր մարդկանց հետ շփվել և կարողանում էր ցանկացած մարդու հետ լեզու գտնել: Պատահական չէր, որ նա պորտրետի մեծ վարպետ էր, կարողանում էր ներթափանցել մարդկանց հոգու ամենանվիրական խորքերը և այնտեղից դուրս բերել անտեսանելին, ամենակարևորն ու յուրահատուկը: Որդու խոսքով, նա սիրում էր ֆլեյտա նվագել: Այդ գործիքին նա ինքուրույն էր սովորել տիրապետել և այն նվագում էր, երբ ինքն էր ցանկանում՝ հաճախ իր նախասիրությունը պարտադրելով իր շրջապատին: Այս փաստը կարծես բացատրում է նկարչի կտավներում առկա երաժշտականության և մեղեդայնության ներկայությունը և այն նման է, ճիշտ և ճիշտ, ֆլեյտայի նուրբ հնչողությանը: Ըստ Արմեն Մելքոնյանի, նկարիչը շատ մեծ պատասխանատվությամբ էր մոտենում իր աշխատանքին և քանի որ նա արվեստանոց չի ունեցել, իրենք ներկա են գտնվել իրենց հոր ստեղծագործական աշխատանքին: Ամեն մի նոր կտավ մի նոր տառապանք ու տքնանք էր արվեստագետի համար, նա այնքան էր տարվում իր աշխատանքով , որ ամեն րոպեն ու վայրկյանը ապրում էր դրանով: Իսկ , երբ Չուբարյանն ու Զարդարյանը հրավիրեցին նրան դասախոսելու Մանկավարժական ինստիտուտում, այդ 8 տարիները ընկճախտի ժամանակաշրջան էր Մելքոնյանի կյանքում. նա ողջ կյանքում իր ուզած կերպով էր ապրել՝ անընդունելի էր առավոտյան վաղ ժամին արթնանալը, կոնկրետ ժամին աշխատանքի գնալը: Նկարիչը ողջ կյանքում արել էր այն, ինչ ցանկացել էր և իր համար մեծ դժվարություն էր իր ազատ կյանքի սահմանափակումը:
Աշոտ Մելքոնյան. Արմենի դիմանկարը 1971, ՀԱՊ |
Ըստ ավագ որդու , ներկի բույրը թերևս ամենազգայական մանկական հիշողությունն է իր համար: Վերջինիս միջոցով է հոր կերպարը կենդանանում, որի հետ էլ իրենց այն ժամանակվա տունը և հոր անթիվ-անհամար ընկերները՝ Էդուարդ Արծրունյան, Ֆրունզիկ Մկրտչյան, Հենրիկ Սիրավյան, Ռաֆայել Աթոյան, Ալբերտ Պարսամյան, Վլադիմիր Գրիգորյան, Մարտին Պետրոսյան և այլք: Այն տարիներին հստակ ձևավորված ավանդույթներ կային նկարչական համայնքում՝ երբ նկարիչներից որևէ մեկը նոր գործ էր ավարտում, բոլորը հավաքվում, գնում էին այն դիտելու և քննարկելու: Ազատ ժամերին նկարիչները սիրում էին շախմատ խաղալ՝ Պոլոզ Աշոտն՝ առավելապես: Այն տարիներին Նկարիչների Միությունում շախմատի առաջնություններ էին կազմակերպվում և նկարիչը տարիներ շարունակ շախմատի չեմպիոն էր հռչակվում:
Աշոտ Մելքոնյանը խորհրդահայ կերպարվեստի ինքնատիպ մտածողություն և ձեռագիր ունեցող նկարիչներից է , ում աշխատանքներն անտարբեր չեն թողնում արվեստասերներին: Նա հավասարաչափ սիրելի է թե՛ երիտասարդների և թե՛ այն մարդկանց կողմից , ովքեր երբևէ առնչվել են արվեստագետի հետ:
ԱՆԱՀԻՏ ԿՈՐՅՈՒՆ
Աշոտ Մելքոնյան. Ժաննայի դիմանկարը 1971 |
Комментариев нет:
Отправить комментарий