пятница, 4 октября 2024 г.

ԷԴՈՒԱՐԴ ԱՐԾՐՈՒՆՅԱՆ ՝ ԿՈՄԻՏԱՍԱԿԱՆ


 ՀՀ ժողովրդական նկարիչ Էդուարդ Արծրունյանն իր ստեղծագործական կյանքի ընթացքում Կոմիտասին 3 անգամ է անդրադարձել՝ չհաշված արդեն ստեղծված կտավների հեղինակային կրկնօրինակները:

Ինքը՝ Արծրունյանը հուժկու ձայն ուներ և  ընկերական հավաքներին հաճախ էր կատարում Կոմիտասի երգերը: Ինձ բախտ չի վիճակվել լսել  Էդուարդ Արծրունյանի կոմիտասական կատարումները , սակայն մի օր մեր հանդիպման ողջ ժամանակը  Կոմիտասին նվիրեցինք : Վարպետի Կոմիտասին նվիրված  բոլոր գործերը համալրում են հանրային հավաքածուները՝ դրանցից երկուսը Հայաստանի Ազգային պատկերասրահի ֆոնդապահոցում են, մեկն էլ ՝ որմնանկարի տեսքով գտնվում է Իջևանի Գետահովիտ գյուղի այժմյան Մանկական կենտրոնում:  

«Կոմիտաս. Երգահավաքը» վերնագրով կտավն Արծրունյանը Կոմիտասի 100-ամյա հոբելյանական միջոցառումների շրջանակում է ստեղծել: Ըստ նկարչի, Կոմիտասի հոբելյանն առիթ դարձավ, որ նա ուսումնասիրի նրա ողջ երաժշտական ժառանգությունը: Էդուարդ Արծրունյանը պատմում էր, որ նա այդ գործը ստեղծելիս ձայնապնակով լսում էր Կոմիտասի կատարումները և իր մասին գրքեր կարդում: Նա ոգևորված պատմում էր այն մասին,  որ Կոմիտասը 300 երիտասարդներից բաղկացած երգչախումբ է ստեղծել, ովքեր  վերջինիս մշակած ժողովրդական երգերն էին կատարում: Նա նաև տպավորված էր Կոմիտասի Հայաստանի գյուղերով ճամփորդելու  և երգեր գրի առնելու փաստով: Հենց այդ ոգևորությունն  էլ Արծրունյանը արվեստի գործի է վերածել:  Կոմիտասին նվիրված գրականությունը Արծրունյանը Մոսկվայում 60-ականների վերջին է ուսումնասիրել: Այդ ժամանահատվածում  Կոմիտասը որպես Հայրենիքի  կարոտը փարատող դեղահաբ է ծառայել նկարչի համար:

Էդուարդ Արծրունյան. Երգահավաքը 1969, ՀԱՊ

Կոմիտասին նվիրված  հաջորդ ստեղծագործությունը ծրագրված չի եղել: 1986 թվականի աշնան վերջին նկարիչը հերթական անգամ  Գառնի է այցելել՝ բնապատկերներ և գյուղական կյանքը պատկերելու նպատակով: Եվ ահա  փողոցում  Արծրունյանը  լավաշի  բույր է առել և իր անմիջականությանը համաձայն՝ քայլերն ուղղել  դեպի այդ տուն: Գրիգոր պապի տանը տարեվերջյան  լավաշն էր թխվում՝առաջիկա ձմռանը  գործածելու համար : Վերջին լավաշը թխելուց հետո սովորություն կար ոտքերը թոնրի մեջ կախ գցելու: Եվ այդ պատվին առաջինը տան մեծն էր արժանանում: Արծրունյանը նկատում է, որ քիչ հետո Գրիգոր պապի քունը ջերմությունից տանում է և չքնելու համար նա իր սիրած երգը՝ Կոմիտասի « Կռունկ, ուստի  կուգասն »  է երգում: Հենց այդ պահին Արծրունյանի աչքի առաջ Կոմիտասի կերպարն է կենդանանում ՝ « Երևի Կոմիտասն էլ է այսպես գյուղից-գյուղ գնացել, ոտքերը թոնիրի մեջ դրել, հազար ու մի երգ է գրել ու մշակել»: Հենց հաջորդ օրն Էլ իր մտածումներն Էդուարդ Արծրունյանն կտավին է հանձնել՝  արդյունքում՝  «Կոմիտաս. Խոհեր » նկարն է ստեղծել, որն այժմ  Հայաստանի Ազգային պատկերասրահի հավաքածուում է գտնվում:

Էդուարդ Արծրունյան. Կոմիտաս. Խոհեր 1986, ՀԱՊ


  3 տարի հետո՝ 1989 թվականին,  Էդուարդ Արծրունյանը Իջևանի շրջանի Գետահովիտ գյուղի Հանգստյան տան տնօրինությունից որմնակար ստեղծելու առաջարկ է ստանում: Հանգստյան տան  ակումբի բեմում տեղակայված պատը , որը 9 մետր լայնություն և 4.5 մետր բարձրություն ուներ, որմնանկար պետք է դառնար : Արվեստագետը  կարճ ժամանակահատվածում այն կյանքի է կոչում : Բարդ հորինվածքով այս ստեղծագործությունը  արծրունյանական Հայաստանի  խորհրդանիշն է: Որմնանկարում  հայ ժողովրդի հերոսական պատմությունն է՝ այն կերտող մարդկանց հավաքական ներկայությամբ ՝ Մեսրոպ Մաշտոց, Գևորգ Չաուշ, Եղիշե Չարենց և բնականաբար, Կոմիտաս:

Ինչպես տեսնում  ենք, Կոմիտասը  «Հայաստան» որմնանկարի  մի փոքրիկ մասն  է կազմում, սակայն որքան տեսանելի և ներդաշնակ է նրա ներկայությունը այս ստեղծագործության մեջ:

 ԱՆԱՀԻՏ ԿՈՐՅՈՒՆ

Էդուարդ Արծրունյան. Հայաստան 1989, Գետահովիտ



 
 

Комментариев нет:

Отправить комментарий