пятница, 4 октября 2024 г.

Ի ՀԻՇԱՏԱԿ ՍԻՐԱԿ ՄԵԼՔՈՆՅԱՆԻ


  Վերջերս  Կանադայում  93  ամյա հասակում  իր մահկանացուն կնքեց Իրանի ժամանակակից     արվեստի հիմնադիրներից   Սիրակ Մելքոնյանը:  

Սիրակ Մելքոնյանը ծնվել է  1930 թ.  հոկտեմբերի 15-ին Թեհրանում, այնուհետև  հոր աշխատանքի բերումով  տեղափոխվում են  Արաք  և 12 տարի անց կրկին վերադառնում մայրաքաղաք, որտեղ էլ պատանին ավարտում է միջնակարգ դպրոցը: Հենց այդ տարիներին էլ նա ծանոթանում է իր ավագ ընկերոջ՝ Մարկոս Գրիգորյանի հետ, ով ճակատագրական դերակատարություն է ունենում ապագա արվեստագետի կյանքում: 1950 թվականից  սկսած  Սիրակ Մելքոնյանի անունը հայտնվում է Իրանում տեղի ունեցող ցուցահանդեսների ազդագրերում:

Նույն 1950 թ. էլ Մարկոս Գրիգորյանը մեկնում է Իտալիա ուսանելու և ընկերները միմյանց հետ շփվում են նամակներով: Վերջինս  նկարչին  տարբեր թերթերից և ամսագրերից հոդվածներ է ուղարկում՝ եվրոպական ժամանակակից արվեստի զարգացումներին և միտումներին ծանոթացնելու նպատակով: 1954 թվականին Մարկոս Գրիգորյանը վերադառնելով Իրան՝ ձեռնամուխ է  լինում   «Էսթետիկ» պատկերասրահի հիմնադրմանը, հետագայում  նրա նախաձեռնությամբ հիմնվում է նաև Թեհրանի արվեստի միջազգային բիենալեն: Այս բոլոր նախաձեռնությունները հետագայում հիմք են ծառայում երիտասարդ արվեստագետների ստեղծագործական ներուժի բացահայտմանը և, ինչու չէ, միջազգային ճանաչում բերում նրանց: 1957 թվականին Սիրակ Մելքոնյանն երկու անհատական ցուցահանդեսներ է ունենում «Էսթետիկ» պատկերասրահում: 1958 թ. ,  բնականաբար, մասնակցում է Թեհրանի առաջին բիենալեին, որտեղ Թագավորական դատարանի մրցանակին է արժանանում : Նույն թվականին Իրանն իր տաղավարով    Մարկոս Գրիգորյանի գլխավորությամբ  մասնակցում է Վենետիկի 29-րդ բիենալեին: Խմբային ցուցադրությունը  բաղկացած էր 17 իրանցի արվեստագետներից, որոնցից վեցը  իրանահայեր էին՝ Սիրակ Մելքոնյան,  Էդման Այվազյան, Մարկոս Գրիգորյան, Աշոտ Մինասյան, Հարություն Մինասյան և Ռոստոմ Ոսկանյան: 1959 թվականին էլ  Իրանն իր տաղավարով  մասնակցում է Փարիզի բիենալեին, որտեղ Սիրակ Մելքոնյանն առաջին մրցանակի է արժանանում:

Մարկոս Գրիգորյան և Սիրակ Մելքոնյան

70-ական թվականներին  Իրանի ժամանակակից արվեստը ծաղկման գագաթնակետում էր ՝ Իրանը  արվեստի միջազգային կենտրոնի էր վերածվել՝ Իրան էին այցելում աշխարհահռչակ արվեստագետներ, իսկ իրանցիներն էլ փոխադարձ այցելությամբ մասնակցում էին եվրոպական և  ամերիկյան  միջազգային ցուցահանդեսների  և տոնավաճառների: Ուշագրավ երևույթ էր 1974 թ.  անկախ արվեստագետների կողմից ստեղծված «Ազատ» խումբը, որի նպատակն Իրանի ժամանակակից արվեստում նոր որակական նշաձող սահմանելն էր և  այդ նորաստեղծ արվեստը հանրահռչակելը:    Խումբը բաղկացած էր հետևյալ արվեստագետներից՝ Մարկոս Գրիգորյան,  Սիրակ Մելքոնյան,   Մորթեզա Մոմայեզ, Ղոլամհոսեյն Նամի, Մասուդ Արաբշահի և այլք: Այն  2 տարիների ընթացքում 5 խոշոր միջազգային ցուցահանդեսներով  է ներկայանում,  որոնց , բնականաբար, մասնակցում է Սիրակ Մելքոնյանը: 1974  թ. Թեհրանում տեղի ունեցած միջազգային ցուցահանդեսում Սիրակ Մելքոնյանն առաջին մրցանակի է արժանանում: Այս փաստն առիթ է հանդիսանում, որ արվեստագետին միջազգային  ցուցահանդեսների ,  ինչպես նաև  մասնավոր ցուցասրահների հետ համագործակցության  հրավիրեն: 1975 թ.նա մասնակցում է  «Art Basel »-ին , իսկ 1976 թ.  Փարիզի «Օդերմատ» ցուցասրահում տեղի է ունենում նրա անհատական ցուցահանդեսը, որին անդրադառնում է այն ժամանակների լավագույն արվեստի քննադատներից Ալան Բուսքեն: Սիրակ Մելքանյանը առանձնացնում էր  Բուսքեին ՝ նշելով,  որ սույն անդրադարձն իր արվեստին նվիրված առանցքային արվեստաբանական դիտարկումներից է: 1977 թվականին էլ նկարիչը  երկու ճանաչված միջազգային ցուցահանդեսների է մասնակցում ՝  Վաշինգթոնի «Վաշ Արթ 77 »-ին և Փարիզի «ՖԻԱՔ »-ին :

  1981 թվականին Սիրակ Մելքոնյանն ընտանիքով տեղափոխվում է Հունաստան, իսկ 1982 թ.  վերջնականապես հաստատվում է Կանադայում: Չնայած արտագաղթին և դրանից բխած դժվարություններին, արվեստագետն արագ է վերականգնում ստեղծագործական կյանքի բնականոն հունը:  Միայն    80-ական թթ. 4 անհատական ցուցահանդեսներով է ներկայանում: 90-ականներին  արվեստագետը ոչ միայն ցուցադրվում է Կանադայում և ԱՄՆ-ում, այլև վերականգնվում է  համագործակցությունն Իրանի հետ: Նա հեռավոր Կանադայից ակտիվորեն մասնակցում է Իրանի մշակութային կյանքի կարևոր իրադարձություններին՝ ավելին նրա արվեստն Իրանի կողմից ներկայացվում է միջազգային ցուցահանդեսների և տոնավաճառների:

Հարկ է նշել, որ Սիրակ Մելքոնյանը , չնայած առաջացած տարիքին , ստեղծագործում  և ակտիվորեն էր մասնակցում ցուցահանդեսների: Միայն վերջին  4 տարիներին  արվեստագետը  22 խմբային ցուցահանդեսների է մասնակցելA , 2023 թվականին էլ երկու անհատական ցուցահանդես է ունեցել:

Սիրակ Մելքոնյանը բացառիկ դերակատարություն ունի Իրանի ժամանակակից արվեստի զարգացման գործում, նրա մեծ հեղինակությունը պայմանավորված է այն փաստով, որ ստեղծել է բոլորովին նոր արվեստ՝  այն  ոչ կրկնում, ոչ էլ շարունակում է նախորդների գործը: Նրա  արվեստը շրջապատող բնությունը և  միջավայրը ժամանակակից արվեստի հարթություն տեղափոխելու բոլորովին նոր փորձառություն  է, որը նոր խոսք և ասելիք է Իրանի ժամանակակից արվեստում: Եվ  բնավ զարմանալի չէ, որ նրա արվեստի ազդեցությունը  տեսանելի է արդեն մի քանի սերունդ  իրանցի արվեստագետների  ստեղծագործություններում:

ԱՆԱՀԻՏ ԿՈՐՅՈՒՆ

 


 


 

 

 

Комментариев нет:

Отправить комментарий