четверг, 5 декабря 2024 г.

ԱՖՐԻԿԱՅՈՒՄ ԾՆՎԱԾ ՀԱՅԸ ՝ ԻՍԿԱՆԴԵՐ ԲՈՂՈՍՅԱՆ

 

2009 թվականն էր, երբ եթովպահայ նկարիչ Իսկանդեր Բողոսյանի մասին ակնկարկ հրապարակեցի, այն  ժամանակ ոչ-ոք չէր լսել արվեստագետի մասին: Եվ ահա 15 անց, երբ որոշեցի կրկին անդրադառնալ նկարչին,  համացանցը լի էր նրա  վերաբերյալ հրապարակումներով: Փաստորեն, այս երկարուձիգ 15 տարիները նպաստավոր էին Իսկանդեր Բողոսյանի արվեստի համար և  այս  ընթացքում հետաքրքրությունը նրա արվեստի նկատմամբ երբեք չի մարել:

Տարիներ առաջ հոդվածս  հերթական անգամ վերահրապարակելուց հետո ինձ հետ կապ հաստատեցին Վարուժան և Անահիտ Դեմիրճյանները: Պարզվում է՝ պրն. Դեմիրճյանը Իսկանդեր Բողոսյանի հետ Փարիզում Հայ ուսանողի տանն է  բնակվել: Նա Սորբոնում մաթեմատիկա էր ուսանում, իսկ Իսկանդերը «Գրանդ Շոմիե» արվեստի ակադեմիայի ուսանող էր: Բողոսյանն այն տարիներին շատ է սիրել հայերի և հայ համայնքի հետ շփվել, նրանց հետ հաղորդակցվելիս էլ  հայերենով է խոսել:

Ալեքսան Բողոսյանի գերդաստանի պատմությունը Օսմանյան Թուրքիայի Պարտիզակ գյուղաքաղաքից է սկիզբ առել: 1868 թ. Իսկանդերի պապը՝ Գրիգորիոս Բողոսյանը Եթովպիա է գաղթում՝ հաստատվելով  Ադիս-Աբեբայում: Կարճ ժամանակ անց  նա  հայտնի  վաճառական է  դառնում , ով  երկաթե իրեր, մետաքս և օծանելիք էր ներմուծում Եթովպիա:  Գրիգորիոսը մտերիմ էր Մենելիք  կայսրի հետ և շուտով Եվրոպայի դեսպանի պաշտոն է ստանում, սրան  էլ հաջորդում է   արքունիքի և կառավարության մթերքի մատակարարման կազմակերպչի  աշխատանքը:Տարիներ անց Գրիգորիոս Բողոսյանը  Մենելիքի խորհրդով կնության է առնում կայսրի կողմից որդեգրված մի ազնվական եթովպուհու ՝ ունենալով 10 զավակ՝ 5 որդի և 5 դուստր: Որդիներից Խաչիկը կրթվելով Լոնդոնում՝ վերադառնում է Եթովպիա ստանձելով Գյուղատնտեսության նախարարի խորհրդականի  պաշտոնը, իսկ Իսկանդերի հայրը՝ Խոսրովը,  կայսրի արքունական գվարդիայի գնդապետ է դառնում: Նա էլ ամուսնանում է   Վեյզերո Ցեդալե  Վոլդե Թեկլեի հետ: 1937 թ.  լույս աշխարհ եկավ է գալիս   Ալեքսան Բողոսյանը:  Տարիներ անց եթովպա-իտալական բախումների ժամանակ 38  ռազմագերիներ են Իտալիա  աքսորվում, նրանց թվում  11 հայեր կային, որոնց մեջ էր նաև Խոսրով Բողոսյանը: Շուտով երեխաների խնամքը հանձնվում է հորեղբորը՝ Խաչիկ Բողոսյանին, քանի որ մայրը որոշում է նոր կյանք սկսել: Իսկանդերը հայկական նախակրթարան է  հաճախել, այնուհետև կրթությունը անգլերեն լեզվով շարունակել է  պետական դպրոցում:  Դեռ մանուկ հասակից հետաքրքրվելով աֆրիկյան սրբապատկերներով, կենցաղի իրերով ու տեղացիների արտասովոր հագուկապով` նա իր տպավորություններ է փոխանցել թղթին: Պատանի Իսկանդերի աշխատանքները գրավում են տեղի գրադարանում աշխատող լեհ եթովպագետ Ստանիսլավ Խոյնիցկու ուշադրությունը: Վերջինիս խորհրդով պատանի Բողոսյանը սկսում է նկարչությամբ զբաղվել , որն էլ շատ շուտով տալիս է իր պտուղները:1955թ. կառավարության օժանդակությամբ նա մեկնում է Եվրոպա ուսանելու: Սկունդեր Բողոսյանի առաջին հանգրվանը Անգլիան էր, ուր նա ուսանում է երեք տարբեր արվեստի դպրոցներում, սակայն վերջնականապես որոշում է կրթվել արվեստների բնօրրան Ֆրանսիայում: 1957-1966 թթ. Փարիզում նա սովորում է Գեղեցիկ արվեստների բարձրագույն դպրոցում  և «Գրանդ  Շոմիե » ակադեմիայում:

Իսկանդեր Բողոսյանը թերևս ամենաճանաչված աֆրիկացի ժամանակակից  արվեստագետն է աշխարհում , և նրա հաջողությունը  բազմաթիվ դռներ բացեց Աֆրիկա մայրացամաքում ստեղծագործող  այլ արվեստագետների համար: Ու՞մ մտքով կանցներ, որ  Իսկանդերի նկարները գնվելու են աշխարհի ամենահայտնի թանգարանների կողմից: 1963 թ. Փարիզի Ժամանակակից արվեստի թանգարանն է Բողոսյանից մի քանի նկար  գնում, մի նկար էլ՝  1965 թ. ,  Նյու-Յորքի Ժամանակակից արվեստի թանգարանը: 1992 թվականին Սմիթսոնյան ինստիտուտը  Բողոսյանի տասնյակ նկարներով է համալրում իր հավաքածուն:

1966-1969 թթ. Իսկանդեր Բողոսյանը երեք տարով Եթովպիա է վերադառնում՝ դասավանդելով Ադիս-Աբեբայի արվեստի դպրոցում:1967թ.. Գեղեցիկ արվեստների ոլորտում հաջողությունների համար արժանանում է կայսրի մրցանակին:   Մանկավարժական գործունեությունից զատ , նաև ժամանակ է գտնում աֆրիկյան սրբապատկերային  արվեստը կրկին  ուսումնասիրելու համար : Հետագայում, երբ  ԱՄՆ է մեկնում, Եթովպիայում անց կացրած վերջին տարիները մեծ դերակատարություն են ունենում նրա արվեստի վրա: Բողոսյանի  ստեղծագործությունը կարծես ամբողջականանում է և ինչպես հետազոտողներն են նշում , նա կարողանում է աֆրիկյան միջնադարյան ժառանգությունը  ժամանակակից արվեստի լեզվով աշխարհին ներկայացնել և աշխարհին իր հայրենիքում  կատարվող իրադարձությունների մասին պատմել:  

Իսկանդեր Բողոսյան. Աշխարհի արարումը 1967

 ԱՄՆ-ում արվեստագետը 30 տարի Ատլանտայի և Հովարդի համալսարաններում  կերպարվեստ է դասավանդում , նաև  ցուցահանդեսների մասնակցում: Իսկանդեր Բողոսյանն իր ճանաչման և հռչակի գագաթնակետում էր, երբ  Նյու-Յորքի հայ համայնքի ներկայացուցիչները նրան  ընթրիքի  հրավիրեցին, սակայն տեսնելով , որ նա սևամորթ է, սառն ընդունելության  արժանացրին: Եթովպահայ արվեստագետը խորապես վիրավորվում է նման վերաբերմունքից և որոշում է այլևս չշփվել հայերի հետ: Ավելին՝ նա իր Ալեքսան անունը փոխում է եթովպական հնչողությամբ  Իսկանդերի:  

2003 թվականին  նկարիչը մեծ շուքով  իր հոբելյանական ցուցահանդեսին էր նախապատրաստվում  և հենց իր ցուցահանդեսի բացման օրն էլ հանկարծամահ է լինում:

Չնայած այն հանգամանքին, որ Իսկանդեր Բողոսյանի մահվանից 21 տարի է անցել ,  նրա անունն արվեստի կարևորագույն միջազգային հարթակներից չի դադարել հնչել:  Այսօր Իսկանդեր Բողոսյանի նկարները  ցուցադրվում են Նյու-Յորքի Ժամանակակից  արվեստի, «Մետրոպոլիտեն», Վաշինգթոնի Աֆրիկյան արվեստի ազգային   թանգարաններում: Ի դեպ, նկարչի անունով է անվանակոչվել հայրենի  Ադիս-Աբեբայի Գեղարվեստի դպրոցը:

Էլիզաբեթ Ջորջիսը, ով  աֆրիկյան ժամանակակից արվեստի ճանաչված հետազոտողներից է ,  Սկունդեր Բողոսյանի կենդանության օրոք  նրա մտերիմ ընկերներից է եղել: Բնականաբար, արվեստագետը  մշտապես նրա մասնագիտական հետաքրքրության շրջանակում է եղել: Ջորջիսը Բողոսյանին անդրադարձել է թե՛ առանձին և թե՛ եթովպական ժամանակակից արվեստին նվիրված աշխատություններում: 2018 թ. Սոթբիի աճուրդատունը նկարչի աճուրդին ընդառաջ  «Իսկանդեր Բողոսյանի արվեստը » վերտառությամբ կատալոգ է հրապարակել, որի հեղինակը Էլիզաբեթ Ջորջիսն էր: 2019 թվականին արվեստաբանը   « Իսկանդեր Բողոսյան՝ մարդը և արվեստը » վերնագրող մենագրությունն է հրապարակել:   Նույն թվականին լույս տեսած  «Եթովպիայի մոդեռն  արվեստը » գրքում հետազոտողը մի առանձին գլուխ արվեստագետին է նվիրել:

 ԱՆԱՀԻՏ ԿՈՐՅՈՒՆ

Օգտագործված գրականության ցանկ

1. Զրույց Վ. Դեմիրճյանի հետ, 2016

2. Զրույց  Գ. Բողոսյանի հետ,2024   

3. «Աֆրիկացի հայը »,  Անահիտ Կորյուն, Նարցիս հանդես, 2009

4. Զրույց եթովպահայ համայնքի պատմության հետազոտող Գ. Կորաջյանի  հետ, 2024

5.  Վ. Նալբանդյան « Հայերը Եթովպիայում », 2023

 


 

Комментариев нет:

Отправить комментарий