Էդուարդ Արծրունյան անունը հայ ժամանակակից կերպարվեստում շրջանառվել է դեռևս անցած դարի 60-ականներից, երբ երևան եկան այնպիսի նկարիչներ, ինչպիսիք են Մինաս Ավետիսյանը, Հակոբ Հակոբյանը, Հենրիկ Սիրավյանը , Աշոտ Հովհաննիսյանը, Օնիկ Մինասյանը, Աշոտ Մելքոնյանը և այլք: Այդ տարիներին արևմտյան կերպարվեստի ձեռքբերումները մեզնում տեղայնացնելու փորձերի շնորհիվ հայկական ժամանակակից գեղանկարչությունն աննախադեպ վերելք ապրեց, մինչդեռ Արծրունյանը, հրաժարվելով գայթակղությունից, շարունակեց հայ դասականների` Վարդգես Սուրենյանցի, Եղիշե ադևոսյանի, Փանոս Թերլեմեզյանի, Ստեփան Աղաջանյանի, Սեդրակ Առաքելյանի գործը: Նա, կատարելագործելով թեմատիկ կոմպոզիցիայի ժանրը, հարստացրեց հայ կերպարվեստի գունապնակը արծրունյանական գունամտածողությամբ: Էդուարդ Արծրունյան արվեստագետը հետաքրքրական է այն փաստով, որ նա ստեղծագործական երկար ճանապարհ է անցել` շուրջ 60 տարի, և այդ ընթացքում շարունակական պրպտումների մեջ է եղել. իրեն փորձել է տարբեր ոճերում և «իզմերում», ինչի արդյունքում մենք տեսնում ենք մի անուն, ով մեծ վարպետությամբ հանդես է եկել ակադեմիական, ռեալիստական, սոցռեալիստական, ռոմանտիկ, իմպրեսիոնիստական, պոստիմպրեսիոնիստական, ֆով, կուբո-վերացական ուղղություններում: Արծրունյանի ստեղծագործություններում գերակշռում են կոմպոզիցիաները, և այդ ժանրին բնորոշ էքսպրեսիան և արտահայտչականությունը դրսևորվում են նաև մյուս ժանրերում: Թերևս Արծրունյանի դեպքում նրա դիմանկարները կարելի է կոչել կոմպոզիցիոն դիմանկարներ, որտեղ նկարիչն իր հերոսին ներկայացրել է իր տպավորությունների ու ընկալումների լույսի ներքո. դրանք կարծես ակնարկ - պատմություններ են մարդկանց մասին` «Նկարչի մոր դիմանկարը» (1979), «Հիշողություն» (1976), «Հանգստացող կինը» (1980) : Արծրունյանի արվեստին առանձնահատկություն են հաղորդում նրա թեմատիկ հետաքրքրությունները, որոնք նրա ողջ ստեղծագործական կյանքի ընթացքում անփոփոխ մնացին, ազգային - պատմական, ազգագրական -կենցաղային և ծիսական: Դարասկզբին աշխարհը ցնցած 1915 թ. Հայոց Եղեռնի իրադարձությունները մինչ օրս էլ մնում են համամարդկային պատմության մեջ չգերազանցված ոճրագործություն: Խորհրդային տարիներին Արծրունյանը մեծ համարձակություն դրսևորեց` անդրադառնալով հայ ժողովրդի համար այս ցավոտ թեմային, ստեղծելով մեծածավալ կտավներ` «Գաղթականները Էջմիածնում» (1968), «Ես իմ Մասիս սարն եմ սիրում» (1975), «Գաղթական կանայք» (1987), «Կոմիտաս. երգահավաքը» (1969), «Կոմիտաս. խոհեր» (1986): Նկարչի ստեղծագործություններում իրենց ուրույն տեղն ունեն ազգագրական - կենցաղային սովորույթներն ու ծեսերը պատկերող կտավները, որոնցում պատկերված իրականությունն անցած դարակեսի հայ մարդու կյանքի արտացոլանքն է, սակայն այդպիսի տեսարանների մեր օրերում անհնար է ականատես լինել: Խոսքը «Ջրաղացում»(1971), «Բուրդ են գզում» (1974), «Լողացնող մայրը» (1989), «Մանի՛ր, իմ ճախարա՛կ» (2004) կտավների մասին է: Արծրունյանները սերում են Արծրունիների նախարարական տոհմից, ովքեր Վասպուրականից` Վան, Վանից` Սեբաստիա, այնուհետև Լենինական են գաղթել, որտեղ էլ ջրաղացպան Սիմոն Արծրունյանի ընտանիքում 1929 թ. դեկտեմբերի 28-ին ծնվել է Էդուարդ Արծրունյանը: 1938 - 44 թթ. նա սովորել է հայրենի քաղաքի Մերկուրովի անվան գեղարվեստի դպրոցում, 1944 - 46 թթ. Երևանի Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանում: Այնուհետև պատանի նկարիչը տեղափոխվել է Ռուսաստանի հյուսիսային մայրաքաղաք ուսանելու: Սկզբում սովորում է ԽՍՀՄ Գեղարվեստի ակադեմիայի Ռեպինի անվան գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ինստիտուտին կից արվեստի դպրոցում 1947 - 51 թթ, այնուհետև` 1951-57 թթ, նույն ինստիտուտում, որն ավարտել է գերազանցության դիպլոմով: 1963 - 74 թթ. Արծրունյանն աշխատել է Մոսկվայի «Պլակատ» հրատարակչությունում, որպես պաստառի առաջատար մասնագետ: 1974 թ. Արծրունյանը մշտական բնակության է վերադարձել հայրենիք: 1984 թ. նկարիչն արժանացել է վաստակավոր, իսկ 1990 թ.` ժողովրդական նկարչի կոչման: Էդուարդ Արծրունյանը կյանքից հեռացել է 2010 թ. մայիսի 5-ին: Արվեստագետն ունեցել է բազմաթիվ անհատական ցուցահանդեսներ հայրենիքում և նրա սահմաններից դուրս: Նրա ստեղծագործությունները ներկայացված են մշտական ցուցադրության Մոսկվայի Տրետեկովյան, Պուշկինի, Արևելյան ժողովուրդների թանգարաններում, Հայաստանի ազգային պատկերասրահում և նրա մասնաճյուղերում:
ԱՆԱՀԻՏ ԿՈՐՅՈՒՆ (2013)
էդուարդ Արծրունյան. Աշխատանքային օրից հետո 1982 |
էդուարդ Արծրունյան. Ջրաղացում 1971 |
Էդուարդ Արծրունյան. Չիչխան են հավաքում 1988 |
Комментариев нет:
Отправить комментарий