|  | 
| Վ. Սուրենյանց. Սալոմե 1907, ՀԱՊ | 
Այժմ  ծանոթանանք Սալոմեի   նախապատմությանը. նա  նոր Կտակարանային կերպար է: Ըստ Մարկոսի և Մաթևոսի ավետարանների, Սալոմեի բուն պատմությունն անմիջապես առնչվում է Հովհաննես Մկրտչի հետ: Սալոմեն Հերովդիայի դուստրն է, վերջինս իր ամուսնու կենդանության օրոք գայթակղելով նրա եղբորը՝ Հերովդես Անտիպային, ամուսնանում է նրա հետ: Հրեական օրենքն արգելում էր կենդանի ամուսնու օրոք այլ մարդու հետ ամուսնանալ և այս արարքը հրապարակային  պարսավանքի է արժանանում Հովհաննես Մկրտչի կողմից: Հերովդիան վրեժխնդիր լինելու համար ձերբակալել է տալիս Հովհաննես Մկրտչին: 
Որոշ ժամանակ անց էլ ՝ Հերովդեսի ծննդյան օրը , Սալոմեն իր պարով հիացնում է հոբելյարին և վերջինս խոստանում է կատարել նրա ցանկությունը: Մոր ուղղարդմամբ  Սալոմեն պահանջում է սկուտեղի վրա մատուցել Հովհաննես Մկրտչի գլուխը:
Դարեր շարունակ նոր կտակարանային այս պատմությունը ներշնչանքի աղբյուր է դարձել գրողների, երաժիշտների և նկարիչների համար: Հարյուրամյակներով այս թեմայի պատկերագրությունն ավանդական կիրառություն է ունեցել համաշխարհային կերպարվեստում :
Ինչպես գիտենք, Վարդգես Սուրենյանցի համար Սալոմեին անդրադառնալու շարժառիթ է դարձել Օսկար Ուայլդի Սալոմե պիեսը , որը նա գրել է 1891 թվականին : Եթե Աստվածաշնչում Սալոմեն Հովհաննես Մկրտչին գլխատելու գաղափարը մոր ուղղորդմամբ է իրականացնում, ապա Ուայլդի համանուն պիեսում հերոսուհին հրապուրված է լինում Հովհաննեսով և նրա կողմից պարբերաբար մերժվում է: Հենց այս առիթն էլ պատճառ է դառնում վրեժխնդիր լինելուն:
 Օսկար Ուայլդի պիեսը, նաև Շտրաուսի  օպերան նոր հետաքրքրության ալիք են առաջանցում Սալոմեի կերպարի նկատմամբ :  
Հայկական կերպարվեստում Սալոմեի կերպարին  բազմում անդրադարձներ կան՝ Վահրամ Գայֆեճյան, Գառզու, Ժանսեմ, Վեհիկ Տեր-Գրիգորյան , Հակոբ Կոջոյան:   Դրանցից ամենատպավորիչները թերևս  Սուրենյանցի Սալոմեն է  և Հակոբ Գյուրջյանի համանուն քանդակը:  Դրանք երկուսն էլ իրավամբ  կարող ենք  դասել  համաշխարհային կերպարվեստի գլուխգործոցների շարքին:
Այժմ անցնենք, Վարդգես Սուրենյանցի «Սալոմեի» պատմությանը :  Երբ 1907 թվականին նկարիչը  ստեղծում է  Սալոմեն, նշում է, որ ոգևորվել է հենց  Ուայլդի համանուն պիեսից:  Հարց է առաջանում, որի պատասխանը այդպես էլ չգիտենք՝  բնագրի՞ց, թե՞   Վահան Տերյանի   թարգմանությամբ է կարդացել պիեսը : Հարկ է նշել, որ   1905 թվականին  Վահան Տերյանը Սալոմեն հայերեն է թարգմանել:
Բոլոր դեպքերում Սուրենյանցի « Սալոմեն»  տարբերվում է մինչ այդ ստեղծվածներից:    Եթե մեծամասամբ պատկերագրության մեջ առկա է արծաթյա սկուտեղով Հովհաննես Մկրտչի կտրված գլուխը կամ ավելի քիչ հանդիպող պատկերագրությամբ Սալոմեի պարը նկարագրող տեսարանը, ապա Սուրենյանցի Սալոմեն  անչափ գեղեցիկ երիտասարդ կին  է, ում  բարձրից ներքև նայող հայացքը ինքնաբավություն և հպարտություն է արտահայտում, նա կարծես  ներքուստ հաղթանակի բերկրանքն է վայելում: Կարելի է ենթադրել, որ Վարդգես Սուրենյանցը սկուտեղով Հովհաննես Մկրտչի գլուխը մատուցելուն  հաջորդող տեսարանն է պատկերել, որտեղ Սալոմեի վրեժը լուծված է, ցանկությունն էլ՝ իրագործված:
Ի դեպ,  Վարդգես Սուրենյանցի «Սալոմեն» մինչ Հայաստանի Ազգային պատկերասրահում հանգրվանելը՝  1912 թվականին ցուցադրվել է Մյունխենի գեղարվեստի ակադեմիայի 100-ամյա հոբելյանին նվիրված ցուցահանդեսում։ Իսկ 1914-ին մասնակցել է Վենետիկի ժամանակակից արվեստի միջազգային բիենալեին։
ԱՆԱՀԻՏ ԿՈՐՅՈՒՆ
|  | 
| Հակոբ Գյուրջյան. Սալոմե 1925 | 
 
Комментариев нет:
Отправить комментарий