пятница, 21 июня 2013 г.

ՀԱՆԴԻՊՈՒՄ ԳՈՒՅՆԻ ՀԵՏ


 «Երկու շաբաթ է, ինչ ձեռքս վրձին չեմ վերցրել: Կար մի ժամանակ, երբ ամեն օր նկարում էի ու չէի պատկերացնում, թե կապրեմ մի օր առանց նկարելու: Հիմա հասկանում եմ, որ ամեն օր նկարում էի, քանի որ մշտական ոգևորության մեջ էի, այսինքն՝ դա բնական վիճակ էր ինձ համար»,- ասում է Քնարիկ Հովհաննիսյանը: Չնայած այդ ամենին՝ նրա արվեստանոցը լի է կտավներով. «Երբ երկար ժամանակ, երկար տարիներ աշխատում ես, ապա հետո գալիս է մի պահ, երբ պիտի կիսվես, քո ապրումները և հուզումները փոխանցես մարդկանց: Գրեթե 20 տարի է, ինչ անհատական ցուցահանդես չեմ ունեցել»,- իր մտորումներն է մեզ հետ կիսում արվեստագետը:


Նկարչուհին ոգևորության պակասը բացատրում է երկխոսության բացակայությամբ՝ խաթարվել է բնություն - արվեստագետ  - հասարակություն կապը: Ռեալիստ արվեստագետի հետաքրքրության առարկան միշտ էլ իրական կյանքն է եղել իր բոլոր դրսևորումներով, անմիջական շփումը բնության ու մարդկանց հետ: Նրանք հետագայում նկարչի կտավներում բնանկարների, նատյուրմորտների ու բնանկարների են վերածվում: «Մեծ սիրով եմ հիշում, թե ինչպես Լավինյա Բաժբեուկ-Մելիքյանի, Քնարիկ Վարդանյանի և Նանա Գյուլիքխևյանի հետ շրջաններ ու գյուղեր էինք մեկնում ու օրերով աշխատում: Կպատկերացնեք՝ ոչ մի ծանոթ չունեինք այդ վայրերում, սակայն մարդիկ սիրով էին հյուրընկալում մեզ: Այսօր այդ ամենի պակասը կա, նկարիչն այդպես աշխատելով է կայանում, իսկական նկարիչ դառնում: Բացի այդ՝ բնությունը և նոր ծանոթությունները միշտ էլ ոգևորության մեջ են պահում արվեստագետին»: Իրավամբ, վերջին տարիներին շատ քիչ են  հասարակությանը ներկայացվում ավագ սերնդի արվեստագետներին, երիտասարդ սերունդը չի ճանաչում նրանց: Սակայն, եթե ավելի անկեղծ լինենք, ապա մեր օրերում բոլոր իսկական արվեստագետները ներկայանալու կարիք ունեն, ուղղակի հոգևոր արժեքների հասարակական պահանջն է քչացել կարծես:
Քնարիկ Հովհաննիսյանի արվեստանոցում, ինչպես կասեն, բոհեմական խառնաշփոթ է: Նա հերթով կողք-կողքի շարում է իր կտավները: Նկարչուհու համար Շորժան զուտ հանգստավայր չէ, այն երկարամյա ներշնչանքի աղբյուր է: Նրա կտավներում Սևանը մեկ ոսկեգույն է, մեկ մանուշակագույն, մեկ դեղին՝ ոչ երկնագույն: Արվեստագետը վերջերս հաճախ է ծաղիկներ նկարում, սակայն դրանք առօրեական, ամեն օր մեզ հանդիպող ծաղիկներ չեն: Կալաները նկարչուհու կտավներում չափազանց նուրբ են, դրանց գույները՝ նույնպես: Քնարիկ Հովհաննիսյանի կտավների ծաղիկներն անծայրածիր մարգագետին է հիշեցնում:
Այսօր հաճախ գերադասում ենք շրջանցել, ավելի ճիշտ կլինի ասել, փախչել իրականությունից՝ նոր աշխարհներ, սուր զգացողություններ ձեռք բերելու ակնկալիքով: Արվեստը՝ մասնավորապես կերպարվեստը, մեզ տալիս է այդ հնարավորությունը: Սակայն պատկերացրեք, թե որքան հրաշալի է, երբ կան արվեստագետներ, ովքեր մեր դժգույն իրականությունը կարողանում են այդչափ ապրված ու բանաստեղծական ներկայացնել: Այստեղ իրական կյանքն ու մարդկային երևակայությունն են հանդիպել: Այդպիսի արվեստագետ է Քնարիկ Հովհաննիսյանը:
Նա ծնվել է 1926թ. Երևանում: 1950 թ. ավարտել է Լենինգրադի      գեղարվեստամանկավարժական   ուսումնարանը, իսկ 1956 թ. Ռեպինի անվան գեղարվեստի ակադեմիայի գեղանկարչության բաժինը՝ Իոհանսոնի դասարանը: 1960 թ. Նկարիչների Միության անդամ է: Ունեցել է 6 անհատական ցուցահանդեսներ՝ 1988 թ. Մոսկվայում, 1985 թ. Բաքվում, 1980, 2010, 2013 թթ. Երևանում և 1962 թ. Չելյաբինսկում: 


Комментариев нет:

Отправить комментарий