Տան
դուռը բաց է: Նկարիչ Ալեքսանդր Գրիգորյանը հյուրի է սպասում: Հյուրն էլ ես եմ: Երբ նա տեսավ ինձ, միանգամից հարցրեց.
-
Քեզ
հաստատ նկարել եմ, չէ՞:
-
Չէ,
չեք նկարել,- հետևում է իմ պատասխանը:
Բա, ինչո՞ւ,- շարունակում է նա:
- Չգիտեմ,
թե ինչու ինձ չի նկարել դիմանկարի վարպետը, անկեղծ ասած, իմ մտքերն ու խոհերն ավելի
շատ նրա արվեստին են առնչվում: Կլանված՝ Ալեքսանդր Գրիգորյանի կենսառատ և լուսավոր
կտավներին եմ նայում: Փոքրամարմին, բայց անչափ եռանդուն այս նկարիչն ինձ սենյակից սենյակ
է ուղեկցում ու մեծ ոգևորությամբ պատմում իր կտավների ստեղծման պատմությունը, որոնցից
էլ իր կյանքի պատմության շղթան է ձևավորվել:
Ալեքսանդր Գրիգորյանի արվեստի դուռը բաց է: Ով մտնի
այդ դռնով, չի փոշմանի: Այստեղ Հայաստան աշխարհն է: Նկարիչը դեպի հայ ժողովրդի պատմական
անցյալ ուղևորվելու հնարավորություն է ընձեռում: Ահա հեթանոս հայերը Գառնիի տաճարի
առջև ծիսակարգի են պատրաստվում («Հեթանոսական տոն Գառնիում»), մի քայլ այն կողմ Շամիրամն
Արա Գեղեցիկի դիի մոտ նստած նրան անմահություն պարգևելու ճիգ է գործադրում («Արա Գեղեցիկ
և Շամիրամ»): Քիչ այն կողմ էլ՝ հայոց արքան ու արքայորդիները առավոտ կանուխ որսի են
ելել՝ արքայավայել ճաշի ակնկալիքով («Որս»):
Նկարչի գունազգացողությունը վաղուց գունամտածողության
է վերածվել: Ալեքսանդր Գրիգորյանի ներկապնակին բնորոշ են գունեղ ու հյութեղ, արևառատ
ու կենսաշատ գույներ: Լավատես նկարիչը ցանկություն չունի մեր հոգսաշատ ու դժգույն կյանքի
բացասական երևույթները արվեստի հարթություն տեղափոխել: Նրա կտավներում ամեն ինչ հրաշալի
է ու գեղեցիկ: Բնանկարներում անկրկնելի հայրենի բնությունն է, նատյուրմորտներում՝ նույն
հայրենի բնության բարիքները, իսկ դիմանկարներում՝ հայրենիքի տաղանդավոր զավակները:
Ալեքսանդր Գրիգորյանի միակ ու պաշտելի ուսուցիչ մեծն
Սարյանը՝ իր ընտանիքի անդամների հետ, Վահրամ Փափազյան – Օթելլոն, Վիլյամ Սարոյանը,
Գոհար Գասպարյանը… Ինչպես Ալեքսանդր Գրիգորյանն է ասում ինքնադիմանկարների այդչափ առատությունն
ինքանասիրահարվածության արդյունք չէ, որն այնքան բնորոշ է գյումրեցիներին: Նա նույնիսկ
չի հիշում, թե երբ է առաջին ու վերջին անգամ ինքն իրեն նկարել, նկարիչը չի էլ զգացել,
թե դրանք ինչպես են հատել հիսնյակի սահմանը: Ուղղակի, նրա ինքնադիմանկարներից երեքը
ցուցադրվում են Տրետյակովյան թանգարանում, և դա այն դեպքում, երբ նրա կտավներից ոչ
մեկը հայաստանյան պատկերասրահներում չի ցուցադրվում:
Գյումրիում աշնանը վաղ է ցրտում, հաճախ է անձրևում:
Ահա այդպիսի աշնանային մի օր՝ 80 տարի առաջ, ծնվում է Ալեքսանդր Գրիգորյանը: Այդ ժամանակ,
ինչպես գյումրեցիներն են ասում, Լենինականը Հայաստանի կենտրոնն էր՝ մշակութային մայրաքաղաքը,
որտեղ մարդիկ արվեստով էին ապրում և շնչում: Թատրոնապաշտ գյումրեցիները՝ կոշկակար,
թե դարբին, ուսուցիչ, թե շինարար, բոլորը թատրոն էին շտապում: «Նման միջավայրն ինձ
մտածել էր տալիս դերասան դառնալու մասին, սակայն երբ մեկ անգամ ևս նայեցի թատրոնի պատին
կախված Պետրոս Ադամյանի նկարին, վերջնականապես ետ կանգնեցի դերասան դառնալու մտքից:
Ըստ իս, արտիստ դառնալու համար առնվազն Ադամյանի գեղեցկությունը պիտի ունենալ: Դրա
փոխարեն սկսեցի հիանալ Ռուբենսի «Սիլեայի երթը» կտավով, որը հետագայում Երևան է տեղափոխվում:
Արդյունքում մեր տան պատին ածուխով նկարված տատիս դիմանկարը հայտնվեց, որը հետագայում
յուրօրինակ այցեքարտ և հպարտության առարկա դարձավ մեր ընտանիքի համար: Լենինականի Մերկուրովի
անվան գեղարվեստի դպրոցում 3 տարի սովորեցի»,- պատմում է Ալեքսանդր Գրիգորյանը: Մայրաքաղաքում
Սաշան Փ. Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանի ուսանող էր: Առաջին մարդը, ով
ոգևորում ուղղորդում է նրան արվեստի դեռ նոր սկսվող դժվարին ճանապարհին, հրաշալի նկարչուհի
Մարիամ Ասլամազյանն էր: Նկարչուհին ստեղծագործական կյանքի սկզբնական շրջանում ինքնավստահություն,
ոգևորություն հաղորդեց պատանի արվեստագետին: Դրանք հայրենական մեծ պատերազմի և հետպատերազմյան
ամենադժվարին տարիներն էին, երբ ողջ ժողովուրդը մտածում էր հանապազօրյա հացը վաստակելու
մասին, իսկ նկարիչներն էլ ինքնադրսևորման ճանապարհներ էին որոնում՝ նրանք նույնիսկ
կտավ, ներկ ու վրձին չունեին: Այդ հարցում ևս Մարիամ Ասլամազյանն աջակցում է նկարչին՝
պետության կողմից իրեն տրվող նկարչական պարագաները կիսելով նրա հետ: Երևանը սիրեց Ալեքսանդր
Գրիգորյանին: Մայրաքաղաքում է կայանում նկարչի ծանոթությունը Մարտիրոս Սարյանի հետ,
որն անջնջելի հետք է թողնում ոչ միայն նրա ստեղծագործական, այլև ողջ կյանքում:
Սարյանապաշտությունը Ալեքսանդր Գրիգորյանի համար կենսակերպ
է, ճիշտ և ազնիվ ապրելու ու ստեղծագործելու ուղեցույց: Այդ է պատճառը, որ ստեղծագործական
գործընթացը ոչ թե տառապանք, այլ ոգևորության աղբյուր է նրա համար: Քչերը գիտեն Ալեքսանդր
Գրիգորյան քանդակագործին ու բանաստեղծին: Ինչպես գեղանկարչության, այնպես էլ քանդակագործության
մեջ, Գրիգորյանն իրատես արվեստագետ է: Նրա հերոսները այստեղ ևս չափազանց արտիստիկ են
ու ինքնատիպ՝ Արփենիկ Ղափանցյան, ինքնաքանդակներ: Բանաստեղծ Ալեքսանդր Գրիգորյանը սիրո
երգիչ է: Նրա ստեղծագործությունները իր գեղանկարչության նման վառ են ու գունեղ: Դրանցում
միջնադարյան շունչ կա:
Ալեքսանդր Գրիգորյանն իր 80-ամյա հոբելյանի հետ կապված
ոչ մի ակնկալիքներ չունի. ինքը որևէ կերպ մտադիր չէ տոնել իր տարեդարձը, իսկ առաջարկներ
պետության կողմից չեն եղել: 80-ամյա նկարչի համար այս պահին կարևորը նկարելն է, ու
նա նկարում է:
Հ.Գ. Այս
նյութը 5 տարի առաջ եմ գրել, նկարչի կենդանության օրոք, ի դեպ, այն արվեստագետի դուրն
այնքան էր եկել, որ նա առաջարկեց դիմանկարել ինձ: Ու այդ նկարին դուք արդեն ծանոթ եք....
Այսօր
այս հրաշալի նկարչին գրեթե ոչ -ոք չի հիշում ու այս նյութս առիթ է մեկ անգամ ևս Ալեքսանդր
Գրիգորյանին հիշելու, նրա արվեստին անդրադառնալու համար…..
Ծանոթագրություն. ՀՀ վաստակավոր նկարիչ Ալեքսանդր Գրիգորյանը ծնվել է 1927 թ. հոկտեմբերին Լենինականում:
1942 թ. ավարտել է Լենինականի Մերկուրովի անվան գեղարվեստի դպրոցը:
Ծանոթագրություն. ՀՀ վաստակավոր նկարիչ Ալեքսանդր Գրիգորյանը ծնվել է 1927 թ. հոկտեմբերին Լենինականում:
1942 թ. ավարտել է Լենինականի Մերկուրովի անվան գեղարվեստի դպրոցը:
1947 թ. ավարտել է Երևանի Փ. Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանը (ուսուցիչ՝ Մարիամ Ասլամազյան):
1947-53 թթ. սովորել է Երևանի գեղարվեստաթատերական, Լենինգրադի Ռեպինի անվան գեղանկարչության, ճարտարապետության և քանդակագործության ինստիտուտներում:
1959 թ.-ից՝ Հայաստանի Նկարիչների Միության անդամ:
1970 թ. արվեստագետին շնորհվում է ՀՍՍՀ վաստակավոր նկարչի կոչում: 2008 թ. հեռացել է կյանքից:
Комментариев нет:
Отправить комментарий