пятница, 24 января 2014 г.

ՖՐԵՅԴԻ ԶԱՎԱԿՆԵՐԸ

Շրջապատի մարդկանց համար ես երևի տարօրինակ, ավելի պատկերավոր ասած, խելառ տիպ եմ: Իմ ընկերներից մեկը, ով հոգեբան է, շատ է անհանգստանում ինձ համար:
Ես էքսցենտրիկ ու պոռթկուն եմ: Ըստ հոգեբան ընկերոջս, այդ ամենն ավելորդ սեռական էներգիայի կուտակման հետևանք է և դա ամենապարզ բացատրությունն է, որ կարող է տրվել: Շատ սիրելի Ֆրեյդն է ասել, որ լիբիդոն սուբլիմացնելու, տրանսֆորմացիայի ենթարկելու բազմաթիվ տարբերակներ կան:Բացի այն, որ ես հոդվածներ են գրում տարաբնույթ` շատ տաղանդավոր և նույնքան ապաշնորհ արվեստագետների մասին, ես շատ եմ սիրում նրանց տարբեր իրադրությունների և իրավիճակների մեջ պատկերացնել, թեկուզ թղթի վրա: Ու այդ ամենն ինձ ահռելի հաճույք է պատճառում:Միթե լիբիդոն սուբլիմացված է` տարակուսում է ընկերս. վերջին ժամանակներս նրա մասնագիտական թիրախն էի դարձել:
Պատկերասրահի հսկա ցուցանակը նոր ցուցահանդեսի մասին էր ազդարարում` նկարիչը` Հանճարեղ Տաղանդի Մոլագարյան: Դեռ ցուցասրահի մուտքի մոտ կախված կտավները մի տեսակ տագնապ, լարվածություն առաջացրին ինձ մոտ, իսկ սրահ մտնելուն պես սրտիս զարկերը սարսափելի արագացան, բիբերս լայնացան` նկարներից ահռելի էներգիա էր բխում, ինձ մոտ միանգամից մի խենթ ցանկություն առաջացավ` համբուրել կտավները: Չգիտեի` ինչպես աննկատ ինձ դուր եկած նկարին մոտենալ, մոտեցա, սակայն մոտենալուն պես ոչ թե սկսեցի համբուրել այն, ինչպես որոշել էի, այլ ինքնապաշտպանության համար պայուսակում պահված դանակը հանելով` սկսեցի քրքրել կտավը: Այդ գործողությունն անբացատրելի հաճույք էր պատճառում ինձ : Սակայն այդ պահին հսկիչը նկատելով ինձ` սկսեց բղավել.
- Օգնություն, օգնություն, հասեք, այստեղ մի մոլագար կա, նկարներն է փչացնում, եկեք այս խելագարին տարեք:
Այդ պահին նկատեցի, որ երեք աշխատակիցներ իմ կողմն են գալիս, սարսափելի տագնապած վիճակում ցանկացա փախչել ու այդ պահին ոտքս ծալվեց, հատակին ընկա: Նույն այդ տղամարդիկ շտապ օգնության բժիշկներին օգնեցին ինձ մեքենա տեղափոխել: Հիվանդանոցում, բնականաբար, վնասվածքաբանական բաժանմունքում էի պառկած: Առանձնապես ոչինչ չէր պատահել, պարզապես ոտքս այնքան ուժգին էր ոլորվել, որ չկարողացա քայլել և բժիշկները որոշեցին այդ օրը ինձ հիվանդանոցում պահել: Մինչ հիվանդանոցում պառկած էի, պատկերասրահում իրարանցում էր սկսվել ու բամբասանքների մի տեղատարափ: Նախ սկսենք նրանից, որ նկարիչը ևս հիսթերիայի մեջ էր հայտնվել, երբ տեսավ շարքից դուրս եկած կտավը և դա այն կտավն էր, որն արդեն բավականին բարձր գնով վաճառված էր: Հուսահատ, երեք անքուն գիշերներ անցկացրած արվեստագետը հիմա էլ կասկածների գիրկն ընկավ` դա իր թշնամիների կողմից էր հաստատ կազմակերպված` իրեն հունից հանելու նպատակով: Այդ պահին նկարիչը իր մտքում տրամաբանությանը հարիր բոլոր տեսակի պատճառահետևանքային կապերի որոնմամբ էր զբաղված, իսկ պատկերասրահի ռոմանտիկ աշխատակիցներն էլ իրենց մեկնաբանությունություններով էին կիսվում այցելուների հետ: Երիտասարդ աղջիկը հաստատ նկարչի սիրուհին էր, ում նա 1 տարի առաջ լքել էր և նա այս կերպ իր անցած զգացմունքներն էր նորոգում ու նկարչի ուշադրությունը գրավում: Մյուսներն էլ կածում էին, որ դա խելագարի արարք է` «Բոլոր արվեստագետներն էլ տարօրինակ մարդիկ են, և իրենց նմանների հետ էլ շփվում են, զարմանալու ոչինչ չկա»,- ասում էին նրանք:
«Գնալ հիվանդանոց ու պարզել ամեն ինչ, դա ամենաճիշտ տարբերակն է»,- մտքում որոշեց նկարիչը ու քայլերն ուղղեց դեպի պահակային կետ` իմանալու, թե որ հիվանդանոցում է պառկած աղջիկը:
Հիվանդանոցում ձանձրալի է, մանավանդ որ ոչ-ոք կողքիդ չկա. ոչ-ոքի չէի սպասում: Հանկարծ դուռը թակեցին: Ներս մտավ միջին տարիքի, փոքրահասակ բեղ- մորուքով, վառվռուն աչքերով մի տղամարդ: Հաստատ նա է` նկարիչը:
-Չե՞ս ուզում մոտենալ, մի երկու հաճելի խոսք ասել, ի վերջո քո պատճառով եմ այստեղ հայտնվել,-ասում եմ ես ու ժպտում:
Նկարիչը, որ ողջ ճանապարհին աղջկան հայհոյելով հիվանդանոց էր եկել` կարկամած, բերանը բաց աղջկան էր նայում:»Ինչ սիրուն խաժ աչքեր ունի»,- մտածեց նա ու նրա հայացքն ընկավ վերմակի տակից երևացող կիսաբաց կրծքերին: Ես որսացի նրա հայացքը ու ինձ շատ լավ զգացի` «Իսկական նկարիչ է», -գոհունակությամբ մտածեցի ես:
-Ոտքդ շատ է ցավու՞մ,- հանկարծ հարցրեց նա,- թույլ կտաս նայեմ ու մեկ էլ մի խնդրանք, անկեղծ եղիր ու պատասխանիր` ինչու՞ փչացրեցիր նկարը,- ասում է նկարիչը ու շոյում ոտքս: Ես հասկացա, որ նկարիչը սովորական դարձած գործին է անցել:Մի պահ պատկերացնելով, թե որքան կանայք են նմանատիպ գործընթացի մասնակից եղել, միանգամից ետ քաշեցի նրա ձեռքը: Տղամարդը հանկարծակիի եկավ, նման բանի չէր սպասում: Այդ օրը թերևս մի ահռելի ցանկություն սպանվեց: Սիրով զբաղվելու փոխարեն նա ողջ գիշերն արվեստանոցում անցկացրեց:
Գրեթե միշտ, մասնակից եմ լինում մայրաքաղաքում կազմակերպվող բոլոր ցուցահանդեսներին: Անկեղծ ասած, ինձ այլևս չհամակեց որևէ նկարչի կտավները շարքից հանելու զգացումը: Սակայն մի օր, հերթական անգամ կանգնած էի ցուցասրահում ու զգացի, որ մեկը հեռվից մեծ հետաքրքրությամբ ու համառությամբ իմ ուշադրությունն է գրավում: Այ, քեզ բան` Հանճարեղ Տաղանդի Մոլագարյանն է: Սիրտս սկսեց ուժգին բաբախել` ինչպես նրա ցուցահանդեսի ժամանակ: Նրա փայլող աչքերի մեջ ժպիտ կար`» Արի, հենց հիմա գնանք իմ արվեստանոց, տես քեզ ինչ եմ ցույց տալու»,- ասաց նա ու քաշեց ձեռքիցս:
Նա բացում է արվեստանոցի դուռը, իսկ ես մտովի գայթակղությանը դիմադրելու ռազմավարությունն էի մշակում:Այդ մտքերով ներս եմ մտնում ու տեսնում ինձ ամենատարբեր վիճակներում, ինչպես իրենք նկարիչներն իմ արձակ պոեմներում: «Իսկ , ի՞նչու ես»,- հարցնում եմ նրան:
-Ես միշտ Ֆրեյդի խորհուրդներով եմ առաջնորդվել, -հետևեց Հանճարեղ Մոլագարյանի պատասխանը: Մենք երկուսս էլ Ֆրեյդի զավակներ էին:


2007 թ. Անահիտ Կորյուն / էքսպերիմենտ/ 

Комментариев нет:

Отправить комментарий