среда, 16 июля 2014 г.

ՇԱՐԱ ՏԱԼՅԱՆ ՋԱ՜Ն

 
Շարա Տալյան ասելիս`  ժպիտ է ծնվում դեմքիս... Նրա կյանքին և ստեղծագործությանը ծանոթացա 2003 թվականի ամռանը, երբ համալսարանն ավարտելով ինձ տվեցի հաճելի գրքերի ընթերցանությանը, որոնցից առաջինը մեծ երգչին նվիրված գրքի ընթերցանությունն էր:
Կարդացի ու անչափ ոգևորվեցի նրա անցած ճանապարհից` նրա սերն ու նվիրվածությունը դեպի սիրելի մասնագիտությունն  ապշեցրեց ինձ: Կարդում էի ու մտովի ֆիլմ նկարում նրա մասին  ու այնքան էի տարվել իմ այդ զբաղմունքով, որ հասկացա, որ եթե ֆիլմ նկարել հնարավոր չէ, գոնե  նրան նվիրված համերգ կազմակերպեմ, հատկապես որ կարծես թե հոբելյանական տարի էր նրա համար` 110-ամյա հոբելյանն էր Շարա Տալյանի...
Ես , որ նոր էի ավարտել ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետը, փոխարենը որևէ խմբագրությունում աշխատանքի ընդունվելու , սկսեցի  դասական համերգների կազմակերպմամբ զբաղվել: Շարա Տալյանն այդ առումով  ճակատագրական նշանակություն ունեցավ իմ կյանքում: Ու ամեն ինչ այնքան հեշտ ստացվեց` Առնո Բաբաջանյան համերգասրահի տնօրինությունը ողջունեց իմ այդ նախաձեռնությունը, Օպերային թատրոնի սոլիստներն ու կոնսերվատորիայի լավագույն ուսանողները  մեծ սիրով մասնակցեցին  այդ համերգին: Դահլիճն էլ դղրդաց ծափողջյուններից...
Այդ օրը ոչ միայն Շարա Տալյան մեծանուն արվեստագետը մեծարվեց, այլև ես ինձ մեկ այլ դիտանկյունից ճանաչեցի`հասկացա, որ ոչ միայն լրագրողական նյութեր կարող եմ գրել, այլև` գեղեցիկ միջոցառումներ կազմակերպել...Այդպես 10-ից ավելի համերգներ  կազմակերպվեցին ու դրանք որոշ ժամանակ անց ցուցահանդեսների և շնորհանդեսների փոխակերպվեցին...
Շարա Տալյանի օգնությամբ  ես մի ուրիշ Անահիտ բացահայտեցի ինձանում`  էն լավ, ճիշտ և ուժեղ Անահիտին... Էդ Անահիտը էլի կա ու նոր նախագծեր է մտմտում...
Շարա Տալյան ջան,   Տարեդարձդ շնորհավոր...Դու փառահեղ ճանապարհ ես անցել, փառքի բոլոր դափնիներն ես վայելել, Անահիտն էլ քո հովանավորյալ դուստրն է` նրան ուղղորդիր, միշտ աչքիդ առաջ ունեցիր......Շարա Տալյան ջան...


Комментариев нет:

Отправить комментарий