Օգոստոսի 20-ը չորեքշաբթի օր է, թվում է`ոչնչով չտարբերվող ամենասովորական
աշխատանքային օրերից մեկը: Մենք այդ օրն առավոտյան մեքենայով Սևանի Արևիկ գյուղից Վարդենիս
քաղաք ենք ուղևորվում: Ու առիթը կրկին Էդուարդ Արծրունյանն է:Ամեն անգամ նա ինձ Հայաստանի
այս կամ այն անկյունն է նետում` ուզում է, որ ես իր նման հայրենաճանաչ լինեմ, ուզում
է, որ գրիս հերոսներն իր կտավների կերպարների նման սովորական հայ մարդը լինի, որ ես էլ իր նման զգամ ու սիրեմ Հայրենիքս….
Ուղիղ մեկ շաբաթ առաջ մտքովս անգամ չէր անցնի, թե Վարդենիս պիտի գնամ մինչև
որ Վարպետիս էջի երկրպագու Աննա Ասատրյանն ինձ գրեց, թե` գիտես Վարդենիսի Մշակույթի տանը Էդուարդ
Արծրունյանի կտավներից մեկն եմ տեսել…..Ու ինչ կտավ` Արծրունյանը Կոմիտասին է պատկերել….Առանց
մի վայրկյան իսկ հապաղելու` որոշում կայացրի Վարդենիսում Վարպետիս մասին միջոցառում կազմակերպելու մասին:
Ակամայից հիշեցի Արծրունյանի 1993 թ. վրձնած
<<Վարդենիսյան լեռներ>> նկարաշարը, որից մի կտավ` հենց Արծրունյանի ամենասիրած
նկարը, նրա 80-ամյա հոբելյանին նվիրված նկարչի միությանում բացված ցոււցահանդեսից գողացան….Էլ
չեմ խոսում արծրունյանական գլուխգործոցի` 1988-ին ստեղծված <<Չիչխան են հավաքում>>
կտավի մասին, որն, անկասկած, Վարդենիսում է ծնվել….
Առաջին անգամ ոտք եմ դնում Վարդենիս ու անմիջապես
շնչակտուր վազում Մշակույթի տուն` գլուխգործոցին ծանոթանալու…Հեռվից
Կոմիտասն է ողջունում` առաջին հայացքից այն
Թերլեմեզյանական Կոմիտասն է հիշեցնում, սակայն երբ մոտենում ես…..Նախ այն, որ
թերևս մենք Արծրունյանի ամենամեծ կտավի առջև
ենք կանգնած` մոտ 3 մ x 2մ և հետաքրիրն այն
է, որ Արծրունյանը 80-ականների երկրորդ կեսին բազմիցս է անդրադարձել Կոմիտասի կերպարին:
Վարդենիսյան Կոմիտասը թիկն է տվել խնկի ծառին ու նրա ձեռքերն էլ կարծես խնկի ծառի
շարունակությունն են` ակամայից մտածում ես` Կոմիտասն էլ հայ երգի հզոր ծառն է` մեր
հզոր խնկենին …Սա 1985 թ. ծնունդ առած նկար է: Ուղիղ մեկ տարի հետո էլ` ուշ աշնանը , Արծրունյանը
գառնեցի Գրիգոր բիձու տանը պիտի հայտնվեր: Այնտեղ էլ ոտքերը պիտի կախ տար վերջին
անգամ վառված թոնրի մեջ ու մեծն Կոմիտասին հիշեր… Հիշեր ու մտածեր, թե նա էլ միգուցե
այսպես գյուղից գյուղ էր գնացել, ոտքերը թոնրի մեջ կախել, հայ երգի մասին
է մտածել ու հազար ու մի երգ է հորինել…Անշուշտ ակամայից <<Հայաստան>> որմնանկարն եմ հիշում: Տավուշի մարզի Գետահովիտ գյուղում ստեղծած
որմանկարի ամենագեղեցիկ հատվածներից մեկը Կոմիտասին է պատկերում` այստեղ նա խորհրդանշական
պատկեր է` մի Հայաստան` մի Կոմիտաս….
Անվերջ ժպտում եմ` այնքան երջանիկ
ու գոհ եմ գտածովս` անընդհատ Վարպետիս գլուգործոցներն եմ հայտնաբերում ու ամեն անգամ
ճանապարհիս լավ մարդկանց եմ հանդիպում: Վարդենիսցիները միանգամից սիրտս մտան` բոլորը
խոսքները մեկ են արել` պատրաստակամորեն ժպտում են, նրանք ինչ որ նոր բան են ուզում
իմանալ` լավն ու վատը իրարից զատել գիտեն: Վարդենիսցին հավատացյալ է` նոր գործ ձեռնարկելիս,
ճանապարհ ընկնելիս մատուռ ու եկեղեցի է այցելում
ու իր սրտի աղոթքը, ցանկությունը , նախ և առաջ , Աստծուն հղում ու դա ինձ անչափ դուր
եկավ….
Վարդենիսցիների մեջ պաշտպանվածության
զգացողություն նկատեցի` երևի թե դա նրանից
է, որ Վոլոդյա Խլոյանի նման քաղաքապետ ունեն: Այս տեսակ գործունյա, խոսքի տեր պաշտոնյայի,
անկեղծ ասած, առաջին անգամ եմ հանդիպում: Ինձ
դուր եկավ հարազատ քաղաքի նկատմամբ հոգատար վերաբերմունքը, արվեստին, մշակույթին մեծ
տեղ տալու նրա բնավորությունը: Նա մեծ հումորի տեր անձնավորություն է` խոսք ու զրույցի
մեծ վարպետ` նա անընդհատ մեզանից ծիծաղ ու ժպիտ է կորզում: Այնուհետև ես Վարդենիսի
մշակութային ու պատմական հուշարձանների մասին եմ խոսում ու նա հենց նույն պահին խոստանում է, որ միջոցառումից
հետո հաստատ մեծ տպավորություններով Երևան կվերադառնանք: Այնուհետև քաղաքապետը իր մոր մասին է պատմում:`նա հայտնի բուժակ է եղել
Վարդենիսում: Պարզվում է, վերջինս տարիներ առաջ երազ է տեսել: Եվ երազում նրան ասվել
է, թե թուրքի վնասված ոտքը պիտի բժշկի: Տիկին Աշխենին Մելքիի Ավետրանի զորությունն է
փոխանցվել և նա 50 տարի մարդկանց վնասվածքներն է բժշկել:
Էդուարդ Արծրունյանին նվիրված միջոցառմանը
բազմաթիվ վարդենիսցիներ էին եկել` էլ մշակույթի գործիչներ, էլ արվեստասերներ և շատ
ու շատ ուսանողներ և աշակերտներ: Նրանց ոգևվորված և ժպտուն հայացքներն ինձ ստիպեցին որքան հնարավոր է շատ բան
պատմել Վարպետի մասին ու Էդուարդ Արծրունյան նկարչին ճանաչել ու սիրել տալ այնպես,
ինչպես ես եմ նրան ընկալում: Ափսոսացի, որ
քիչ գրքեր էի վերցրել ինձ հետ ու կարողացա
միայն գրադարաններին ու մյուս կրթամշակութային հաստատություններին նվիրել: Այնքան հուզվեցի,
երբ վարդենիսցի պատանիները << Ամենանկարիչ
նկարիչը>> կարդալու մեծ ցանկություն
հայտնեցին` դրանից ավելի էլ ինչ է հարկավոր… Շնորհակալություն եմ հայտնում պ. Խլոյանին
և մյուս կազմակերպիչներին միջոցառման իրականացման համար: Սովորաբար թվում է, թե այսքանով
ամեն ինչ վերջացավ, սակայն պիտի ասեմ, որ նոր տպավորությունները և հույզերը դեռևս մեզ
են սպասում : Պարոն Խլոյանն իր խոսքի տերն եղավ ու մենք ուղևորվեցինք Վարդենիսի տարածաշրջան`
տեղի մշակութային հուշարձաններին ծանոթանալու:
Վարդենիսի քաղաքապետ Վոլոդյա Խլոյան և Անահիտ Կորյուն |
Վարդենիսցի պատանիները Վարպետի կտավի մոտ |
Վարդենիսի քաղաքապետարանի Աշխատանքի և սոցիալական հարցերով բաժնի պետ Սուսաննա Բասեղյան, Անահիտ Կորյուն և Վարդենիսի Գեղարվեստի դպրոցի տնօրեն Հասմիկ Գաբրիելյան |
Առաջին կանգառը Սուրբ Վարդանի աղբյուրն է, ըստ ավանդության, այս վայրով պատերազմ գնալիս Վարդան Մամիկոնյանն իր զորքի հետ աղբյուրից ոչ միայն ջուր է խմել, այլև մոտակա քարանձավում պատսպարվել:
Մեր երկրորդ այցելությունը Կարճաղբյուր գյուղն է: Այստեղ մ.թ.ա 1-2-րդ հազարամյակում կառուցված կիկլոպյան ամրոցն է, այստեղ հեթանոսական տաճարը եկեղեցի դառնալու հետքերն է կրում` ժայռապետկերներն ու եկեղեցական սիմվոլիկան ընթացքում միմյանց են ձուլվել` կարծես հազարամյակները չէին էլ եղել…
Մեր վերջին կանգառը Վարդենիսի Մաքենիս գյուղն է`իր Մաքենյանց վանքով: Այս բարձրադիր գյուղը հայտնի է իր ձկնաբուծական ավանդույթներով ու մեկ էլ իր 7-րդ դարում կառուցված Մաքենյանց եկեղեցով…Սակայն ամենահետաքրիրը մեզ վանքի ներսում էր սպասվում` այնտեղ մենք հանդիպեցինք ճգնավոր Կարապետի հետ, ով , ըստ վարդենիսցիների, հավատացյալ էր դարձել բանտում գտնվելու տարիներին, իսկ երբ ազատության մեջ է հայտնվել, ճգնավոր է դարձել ու տարիներ շարունակ Աստծո խոսքն է ուսումնասիրել: Անկեղծ ասած, բազմաթիվ առիթներ եմ ունեցել հոգևորականների հետ շփվելու, սակայն այս տեսակ անկեղծ և սրտաբուխ հավատքի դրսևսորման առաջին անգամ
են հանդիպում:
Վերադառնում ենք Վարդենիս` մեզ ճաշի են հրավիրում,
մեծ հաճույքով մեր հացն ենք վայելում ու մեզ
Երևան են ճանապարհում…Ողջ ճանապարհին նարնջագույն լուսինը մեզ է ուղեկցում, կապուտակ
Սևանն էլ մութն ընկնելու հետ մոխրագույն, սպիտակ ու սև գույներ է ձեռք բերում…
Երևան եմ գալիս ու մտածում` Արծրունյանին
նվիրված 10 միջոցառումներ եմ կազմակերպել, սակայն այս տեսակ տպավորություններ երբևէ
չէի ունեցել: Անչափ հաճելի է, որ Վարդենիսում, հյուր ընդունելու և ճանապարհելու ավանդույթները
դեռևս պահպանում են: Այստեղ տունն իսկապես
տեր ունի, այստեղ Հայն իսկապես Հայ է, այստեղ Հայաստանն իսկապես արծրունյանական
է….
Սուրբ Վարդանի աղբյուրը |
ԱՆԱՀԻՏ ԿՈՐՅՈՒՆ
20-21 . 08. 2014
Կարճաղբյուրի մ.թ.ա 2-1 հազարամյակի Ամրոցը
|
Комментариев нет:
Отправить комментарий