вторник, 23 сентября 2014 г.

ՀԵ՜Յ- ՀԵ՜Յ, ԵՍ ՀԵՐՀԵՐՈՒՄ ԵՄ...



Հե՜յ-հե՜յ, ես Հերհերում եմ...
Ծիսակարգային ճամփորդությունը վերջապես կայացավ...Ինձ թվում է, թե այդ այցելությունից Տիեզերքում ինչ- որ բան է փոխվել` այնտեղից ինձ համար դրական իրադարձությունների մի ամբողջ փաթեթ է պատրաստվել, որն  անձրևի տեսքով գլխիս  թափվեց....

   Երբ առաջին անգամ երկու տարի առաջ Հերհեր գնացինք, նկարիչ Կամսարը ոչ մի կերպ չկարողացավ հիշել վանք տանող ճանապարհը ու մենք անձրևի հեղեղի ներքո Հերհերի ձորերն էինք չափչփում, մինչև որ վերջնականապես մութն ընկավ ու ձորից կենդանիների ձայներն ականջներիս ընկան.... Փորուփոշման ետ վերադարձանք ,  մինչև որ երկու տարի անց  նորից հետ  վերադարձա...
Վայքից Հերհեր տանող ճանապարհը երկար ու ոլորուն է, բայց շշմելու սիրուն` էն կանաչ քարերի համար խելքս գնում է, ջրամբարի ու մասրենիների մասին չխոսեմ: Այս անգամ գումարվեցին խնձորենու այգիները ու ես քաղաքաբնակս չտեսի նման մայրացած ծառներն եմ լուսանկարում ու իմ ձեռքով գույնզգույն խնձոր  հավաքում...
 Կյանքի հոգսերից կքված հերհերցին ոչ մի կերպ չի կարողանում հասկանալ երևանաբնակ ցնդած <<լուսանկարչին>>`  այս անգամ ինձ այդպես ընկալեցին, ով Երևանից  Հերհեր Է հասել իրենց վանքը լուսանկարելու համար` էն վանքը, որ իրենք տարին մեկ անգամ էլ չեն  այցելում:
Կյանքում լինում են պահեր, որ ինչ- որ բան ես ուզում անել, բայց թե ինչու,  ինչ նպատակով `պատասխան չունես...Սա այդ դեպքերից է: Նայում ես 30 տարվա վաղեմություն ունեցող լուսանկարին և ցանկանում  նույն վայրում հայտնվել, սիրելի հերոսիդ անցած ճամփեքով քայլել` այն զգացողությունն է, թե այդ քայլով Տիեզերքը նրան օժտած առատ շնորհները քեզ է փոխանցելու...
Հերհերում նորից հորդառատ անձրև է տեղում, ինչպես առաջին անգամ....Սուրբ Հովհաննեսը չգիտես թե ինչու ինձ դժվարությունների առաջ է կանգնեցնում, սակայն ես առաջվա ընկճվածը չեմ, հետո իմ կողքին սարի պես երկու տղամարդ կա կանգնած` իմ մեկ օրվա վիրտուալ ընկերը `Սևակը, ով  հենց Հերհերի ճանապարհին  իրական ու հրաշալի  ընկերոջ վերածվեց և հերհերցի Սերոբիկը` նա էլ մեզ վանք ուղեկցեց: Սևակը տեղը - տեղին պատրաստված ճանապարհ է ընկել` անփորձիս իր անձրևահագուստը  տրամադրեց, իսկ 13-ամյա Սերոբիկի հետ  էլ  անձրևից թացացած  արահետը  հաղթահարեցինք: Ճանապարհին նա ինձ պատմում է, թե իրենց դպրոցում 93 աշակերտ է սովորում, իսկ  ինքը 7-երորդ դասարանում` իր ութ դասընկերների հետ:
Վանք տանող ճանապարհը սպասվածից հեշտ հաղթահարեցինք....Այնտեղ եմ` բարձունքին.....Նույն վանքն է, սակայն 30 տարվա ընթացքում շատ բան է փոխվել` ցուցանակը չկա, խաչքարերի դասավորվածությունն էլ  այլ է... Ուզենամ էլ` Վարպետիս` Արծրունյանի նման  չեմ կարող լուսանկարվել. շատ բան է փոխվել....Նշանակում է ` 1984 թ. իմ սիրելի նկարիչն ինքն իր նման է լուսանկարվել`  արծրունյանավարի, իսկ ես էլ` 30 տարի անց` ինքս ինձ նման` անահտավարի....
Սերոբիկին լուսանկարի պատմություն եմ ներկայացնում` նա զարմացած հայացքով ինձ է նայում ու ապշում, որ   վանքի համար իրենց մոտ եմ հասել`  ախր, 13 տարեկան երեխային ինչպես բացատրել անբացատրելին....
Շրջակայքն եմ ուսումնասիրում` վանքի ներսն ու դուրսը, խաչքարերը:  Թեթևություն է  իջնում  սրտիս ....
Վանքից ետ ենք վերադառնում, Սերոբիկը ճանապարհին մեզ իր մեծ ու հրաշալի ընտանիքի մասին է պատմում` չորս քույր և ավագ եղբայր ունի նա, հրաժեշտին տղեկին  Արծրունյանի պատկերագիրքն եմ նվիրում, որ մեծ նկարչի արվեստին ծանոթանա ու ինձ չմոռանա:
Հերհերից Վայք վերադառնալու ճանապարհին մի ցայտաղբյուր կա, այնտեղ կանգ առանք ու մաքուր օդին մի պատառ հաց վայելեցինք...
Սևակն ինձ ոչ միայն Վայք հասցրեց, այլև երկու ժամ սպասելուց հետո,  վստահելի մեքենայով Երևան ճանապարհեց,  ինքն  էլ Արցախ ուղևորվեց...
Այնպիսի ոգևորվածությամբ եմ Երևան  վերադառնում կարծես Արծրունյանի երկրորդ` 150 էջանոց պատկերագիրքն եմ լույս տեսցրել, բայց հետո  մտքումս ինքնահանդիմանմամբ եմ  զբաղվում` ի՞նչ է  անպայման  ինչ -որ պատճառ պետք է լինի երջանիկ լինելու  համար....
Իրականում ինքնաներդաշնակման  արարողակարգ տեղի ունեցավ` պարզապես հետևեցի սրտիս ձայնին:

Комментариев нет:

Отправить комментарий