воскресенье, 25 января 2015 г.

ԱՐԱՂ ՈՒ ՋՈՒՐ...

 Կեսդարյա ժամանակահատվածը չի խաթարել Արզնու ձորի բնապատկերը: Հանքային աղբյուրների, գետի, բնության և   մատուռի  ամբողջականության մեջ Արփիկ տատը վաղուց է իր տեղը գտել: Նա 50 տարի  իր ամեն օրն  այս ձորում է անցկացրել: Վերջերս նա վատառողջ է, այդ է պատճառը, որ մեր հանդիպում կայացավ նրա տանը:

<<Արաղ ու ջուր` սրանք են իմ դեղերը, ոչ մի բան չեմ կարում ուտեմ>> , - դժգոհում է տատը:  Իսկ նրա ավագ դուստր Անուշն  այնքան է  բարկացած  մոր վրա, որ անտեսելով անծանոթի ներկայությունը, սկսեց դուրս հանել իր մեջ կուտակված մաղձը`<<էս պառավը տեղը չի սթրվում`առավոտ ժամը վեցին ձոր ա գնում: Թե էդ ժամին ո՞վ կա ընդեղ, ո՞վ ա մոմ առնում: Հերիք չի հիվանդացել ա, հաց չի ուտում, անընդհատ արաղ ա խմում: էս ինչ փորձանք էր, որ մեր գլխին եկավ: Ոչ ինքն ա նորմալ ապրում, ոչ էլ թողում ա մենք ապրենք>>: 
Անտեսելով աղջկա բռնկումները, Արփիկ տատն անցավ իր կյանքի պատմությանը.
- 50 տարի եմ անցկացրել Արզնու  ձորում: Քեզ նման ջահել աղջիկ էի, երբ սկսեցի մոմ վաճառել ու մինչև հիմա էլ վաճառում եմ: Ինձ համար ամառ-ձմեռ չկա`Աստծո ամեն օր ձորում եմ լինում: էնքան եմ շփվել մարդկանց հետ, որ աչքերց ջոկում եմ` Աստծուն հավատո՞ւմ է, թե՞ ոչ: Մարդիկ կան գալիս են սթից տեղը մոմ են վառում, գնում, մարդիկ կան`հարցեր են տալիս, հետաքրքրվում: Արի՜ , քեզ էլ պատմեմ Թուխ Մանուկի պատմությունը, -ասում է ասորի Արփիկ Աբրամովն ու շարունակում, - Արզնու բուժարանը կառուցվել է հայրենական պատերազմից հետո`գերմանացի գերիների կողմից, բայց ասա `ինչո՞ւ .  մինչ կառուցելը Թուխ Մանուկն էդ տեղի վրա երազ է տեսնում, որ ջուրը բուժում է մարդկանց ցավերը:Ու նա սկսում է  մարդկանց բժշկել ու հազարավոր մարդկանց փրկել: Նրա զորությամբ է հայտնաբերվել հրաշք ջուրը: Իմ մատուռի կողքին մի ջրհոր կա, հենց էդ ջրհորի ջրով էլ բուժվել են մարդիկ` էդ հիմա է, որ շենքի ներսում  են բուժման կուրս անցնում:
Արփիկ տատին հարցնում եմ, թե՞ այդ ինչպես եղավ , որ Հայաստանում Թուխ Մանուկի այդչափ  մատուռ ու եկեղեցի կա: Ժպտալով է պատասխանում.
- Լավ հարց տվեցիր, էդ բոլոր եկեղեցիներն ու մատուռները երազների միջոցով են կառուցվել` 40 հատ, առաջներում մարդիկ հավատում էին իրենց երազներին ու երազներն էլ երբեք չէին մոլորեցնում մարդկանց:
Արփիկ տատը  շատ է հավատում Աստծուն և չնայած մոր հետ հակասություններին, Անուշը`  նույնպես . <<Տարիներ առաջ մայրս ծանր հիվանդ էր, ես էլ գեղամիջին լաց լինելով ման էի գալիս. բոլորն ասում էին` կմեռնի: Մի օր էլ երազումս Մարիամ Աստվածածնին տեսա, ասաց, թե Գեղարդում Աստծուն աքլոր պիտի մատաղ անեք ու ի սրտե աղոթեք: Մենք էլ հաջորդ օրը մորս թևերից  բռնած `մի կերպ Գեղարդ  հասանք: Հավատում եք`իր ոտքով - ձեռքով տուն հետ դարձավ: Նման երազներ շատ եմ տեսել>>- ասում է Անուշը:
Հավատքը `հավատք, համաձայնեք, որ այստեղ քիչ դեր չունի նաև աշխատանքի եկամտաբերությունը: Արփիկ տատի հավաստմամբ, աշխատանքը շահավետ է`չնայած որ սեզոնային բնույթ ունի: <<Ամռանն  օր է լինում 10-15 հազար դրամ փող եմ աշխատում>>- ասում է տատը: Այս թեման չէր կարող չհուզել Անուշին. պարզվում է մեր Արփիկ տատն առաձնանում է շռայլությամբ` իր մոտից 2 կապ մոմ գնող տաքսու վարորդներին իրեն ձորից տուն հասցնելու համար 5000 դրամ է վճարում: Այս ամենով չի սահմանափակվում  տատիկի բնավորության ինքնատիպ դրսևորումները: Նա կյանքի, սիրո մասին իր պատկերացումներն ունի, բայց աչքով-ունքով աղջկան է ցույց տալիս և ավելացնում, որ այս մասին կպատմի հաջորդ անգամ: Նա միայն ասաց, որ 3 ամուսին է ունեցել,  բազում անգամներ սիրահարվել ու իրեն երբևէ որևէ բանից չի զրկել: Երկու աղջիկներն էլ տարբեր ամուսիններից է ունեցել
Ես հասկացա, որ տատն ավելին կպատմեր, եթե Անուշը տանը չլիներ....Նա տան անկյուններում ինչ -որ բան էր փնտրում, տեսնեմ` բռերով ընկույզ է բերել ու պայուսակս է լցնում` ո՞վ է տեսել աշուն օրով Արզնի գնաս ու առանց պոպոք ետ դառնաս...
Երբ Արփիկ տատին հրաժեշտ էի տալիս, նա հանկարծակի հարցրեց` վա՞ղը ժամը վեցին ինձ հետ ձոր կիջնե՞ս, էնքան սիրուն է էդ ժամին ձորում...

ԱՆԱՀԻՏ ԿՈՐՅՈՒՆ 
2006
 


Комментариев нет:

Отправить комментарий