понедельник, 2 февраля 2015 г.

ԱՐԾՐՈՒՆՅԱՆԻՆ ՀԻՇԵԼԻՍ...


_ Խոսել մի մարդու մասին, ով քո բարեկամն է և այժմ չկա, շատ դժվար է,_ հուզմունքից փոքր-ինչ երերուն ձայնով այսպես է սկսում մեր զրույցը Գյումրու Մարզային գրադարանի գլխավոր մատենագետ Լուսիկ Արծրունյանը: Դժվար է ասել՝ կարո՞տը, արվեստագետին ներկայացնելու պատասխանատվությու՞նը, թե՞ այլ բան թույլ նշմարվող դող է ներարկել նրա ձեռքերին, բայց երանելի հուշերի հոսքը, որ կծիկված էր առանձին հիշողություններից ագուցված թելիկներից, մեղմ ժպիտ է երիզել դեմքին: Զրուցակիցս նկարիչ Էդուարդ Արծրունյանի հորեղբոր աղջիկն է: Գետինը դեռ սպիտակ հանդերձ էր կրում, երբ պայմանավորվեցինք զրուցել նկարչի մասին, բայց մինչ կհաղթահարվեր պատվարող իրադարձությունների շղթան, ու զրույցը, վերջապես, կկայանար, արևն արդեն չարաճճիորեն զվարճանում էր ցրտին սովոր գյումրեցիների հետ: Եվ ահա օգոստոսյան տապին Մարզային գրադարանի արվեստի բաժնի զով ու հյուրընկալ սրահում գրքերի լուռ ընկերակցությունն ու քաղցրալուր մեղեդին ներդաշնակվում են մեր զգացողություններին:
Դանդաղ հոսում են բառերը Լուսիկ Արծրունյանի շուրթերից, և դրանք լոկ մտքերի արտացոլք չեն, այլ շաղախված են ներքին ապրումների՝ ակամա արտահայտվող թրթիռներով: Ցավ չկա զրուցակցիս ձայնի ելևէջներում, բայց մեղմ թախիծը, ափսոսանքն ու անթաքույց կարոտը նրա խոսքի անզատելի ուղեկիցն են մնում:
Լուսիկ Արծրունյանը պատմում է, որ նկարիչն իրենցից հեռու է ապրել. վաղ է հեռացել Գյումրիից, նախ՝ ուսումնառություն Երևանում, ապա՝ Լենինգրադում, բնակություն Մոսկվայում, որտեղ ունեցել է սեփական արվեստանոցը, իսկ հետո Երևանում վերջնականապես հաստատվելը չեն նպաստել հաճախակի հանդիպումներին:
_ Երևանի հայրենական տունն էլ իր ձեռքով վերակառուցեց՝ առանց վարպետների օգնության. ձեռքից ամեն ինչ գալիս էր,_ նշում է նա:
Սակայն երևանաբնակ նկարչի սիրտը մնացել է Գյումրիում:
_ Սիրում էր հարազատներին, միշտ նրանց հետ էր՝ Գյումրիում՝ ուրախության թե տխրության պահերին: Ազգականների հետ հավաքույթների ժամանակ սիրում էր լուսանկարվել, բայց միայն Արծրունյան տոհմական ազգանունը կրողների հետ, հարսներին ու փեսաներին թույլ չէր տալիս՝ ասելով, թե՝ Արծրունյաններ չեն: Լուսանկարներն էլ մեզ չէր բաժանում,_ ավելացնում է ծիծաղելով:_ Երիտասարդ ժամանակ արտաքուստ կարծր էր թվում, բայց տարիների ընթացքում դարձավ ավելի մեղմ (ընդհանրապես, այդպիսին են մեր ազգի տղամարդիկ), թեև ունենում էր բռնկման պահեր, իսկ ծերության օրոք, հատկապես վերջին շրջանում, դարձել էր մանկան նման հուզվող:
Սիրում էր կատակել ու հաճախ էր կատակում: Հաճույքով էի գնում իրենց տուն. կարծես դրախտավայր լիներ, ամբողջ երկու հարկ, և բոլոր պատերը՝ նկարազարդ: Այցելություններիցս մեկի ժամանակ երկար կանգ առա «Լավաշ թխողները» նկարի առջև. նոր էր նկարել, և առաջին անգամ էի տեսնում:
_Հը՛,_ հարցրեց,_ ի՞նչ էղավ, դուրըդ էկա՞վ,_ գյումրեցիների հետ խոսում էր մայրենի բարբառով:
Հա՝ ասացի:
_ Պարզ է, հըմի էդ նկարը պտի ուզես:
Լռեցի:
_ Դե լավ,_ ասաց,_ ես մի հատ կնկարեմ ու կտամ, ոչ էս:
Նկարեց... Երբ հարցրեց, թե՝ հավանու՞մ եմ, պատասխանեցի.
_ Էն ժամանակ, կարծես, լավաշի բույրը զգացի, էս նկարում չեմ զգում:
_ Ա՛յ խելառ,_ ասաց (հաճախ էր այդ բառը գործածում),_ Էն ժամանակ ճանապարհ էիր եկել Լենինականից Երևան, սոված էիր, դրա համար էլ լավաշի բույրը զգացիր: Հիմա նկարը ձեր տանը կախած է, կուշտ փորով մարդ լավաշի բույրը կզգա՞:
Շատ նկարներ ուներ և ամեն նկար չէր նվիրում, ասում էր, թե յուրաքանչյուր նկարը կարծես իր երեխան լինի: Եվ ամեն մեկին էլ չէր նվիրում: Ինձ տալիս էր, գիտեր, որ չեմ վաճառի: Նրանից 9 նկար ունեմ և պահում եմ մասունքի պես:
Նոր էր ավարտել «Ջրաղաց» կտավը: Նայում էի երկար և ուշադիր. ինձ թվում էր՝ տեսնում եմ ջրաղացի քարի պտույտը:
_ Հը՛, արյունդ խաղցա՞վ,_ հարցրեց,_ ջրաղացպան նախնիների՞դ հիշեցիր:
Խոստացավ ինձ համար էլ նկարել (իրենը շատ էր մեծ): Նկարեց՝ փոքր-ինչ փոփոխված: Երբ հարցրեց՝ ո՞րն է լավը, դարձյալ դժգոհեցի, թե այս նկարում քարի պտույտը չեմ զգում: Ասաց.
_ Չէ՜, դու պտի նկարիչ էղնեիր...
Սեբաստացի մեր նախնիները ջրաղացպաններ են եղել, և դա էլ փրկել է նրանց կյանքը: Կոտորածների ժամանակ մեզանից ոչ մեկը թուրքական յաթաղանի զոհ չի դարձել, քանի որ նրանց ջրաղացը կերակրում էր նաև թուրքերին: Էդիկի հայրն էլ ջրաղացպան էր, և նա նկարել էր իր հորը: Սեբաստիայից գաղթելուց հետո (1926թ.) նրա հայրը մեր շրջակայքում երեք ջրաղաց ուներ: Իր ութսունամյակի առթիվ կազմակերպված ցուցահանդեսի օրերին ցանկացավ մեկ անգամ էլ տեսնել հոր անցած ճանապարհը և լինել նրա ջրաղացներում (դրանք, սական, չէին պահպանվել): Մնացել էր միայն Ղարիբջանյան գյուղի ջրաղացի շեմը: Նրան գրկած իջեցրին մեքենայից, վերցրեց շեմի քարերից մեկը, համբուրեց և պահանջեց դնել մեքենայի մեջ: Այդ քարը լվաց և տեղադրեց արվեստանոցում, որտեղ և գտնվում է այժմ էլ՝ իբրև թանկարժեք մասունք, և որևէ մեկն այն ձեռք տալու իրավունք չունի: Ընդհանրապես, նվիրական սիրով էր հիշում ծնողներին: Ցուցահանդեսի ավարտից հետո, երբ եկանք մեր տուն, պատվիրեց սպաս պատրաստել: Երբ համտեսեց, ասաց.
_ Էս սպասից մորս եփածի համն եմ առնում. մորս հիշեցի:
Անգամ ծերությունը մոռացության չէր մատնել մայրական ճաշի համն ու հոտը: Նրա բարեսիրտ կատակների առարկա դառնում էին նաև իր ծնողները: Սիրում էր տղամարդու բարձր հասակը և նեղվում էր, որ ինքն այդպիսին չէ: Մայրն ամուսնանալիս եղել է անչափահաս ու փոքրամարմին: Եվ սրախոսում էր այս կապակցությամբ. «Է՜, մայրս էր մեղավոր: Հորս խաբեցին, թե կհասունանա, բոյ կքաշի, էդպես էլ 5 երեխա ունեցավ, բոյ չքաշեց»:
Պակաս նվիրված չէր նաև ազգականներին: Երբ պատրաստվում էի Փարիզ մեկնել, զրուցեցինք հեռախոսով. պատվիրեց, որ մինչև գնալս այցելեմ իրեն, և ավելացրեց, որ չվերադառնամ, մինչև չտեսնեմ Լուվրը: Իրեն այցելել չհաջողվեց, բայց Լուվրում, իհարկե, եղա, անցա սենյակից սենյակ ու դիտեցի մանրամասնորեն, որ կարողանամ պատասխանել իր հարցերին: Ֆրանսիայից իր համար շամպայն բերեցի: Նախատեց, որ նախապես չէի այցելել իրեն, քանի որ գումար էր նախատեսել ինձ համար, որպեսզի շրջագայել կարողանամ: Այժմ պարտադրեց վերցնել այդ գումարը և ապա՝ զրույցի ընթացքում, ծիծաղեց, թե շամպայնը վաճառեցի իրեն:
Երկրաշարժից հետո դժվարությամբ էր գալիս մեր տուն. շատ զոհեր ունեցանք, և առաջին տարիներին բոլորի նկարները փակցված էին պատին: Տուն էր մտնում արցունքն աչքերին և լուռ մնում մինչև դուրս գալը: Ասում էր. «Էս ձեր շեն տանից շատերը հեռացան, չեմ կարողանում գալ»: Երկրաշարժի բացած վերքը նրա վրձինը հետագծեց կտավներից մեկի վրա...
Մինչ Լուսիկ Արծրունյանի միտքը հյուսում է մեծատաղանդ զարմիկի մասին վերհուշը, նրա թույլ սքողված հոգու խայտանքը անտես թելերով փոխանցվում է ինձ: Իմ մտապատկերում որոշակիորեն հառնում է Էդուարդ Արծրունյան-մարդու կերպարը՝ իր տոհմի ցավերով ապրող, խնդությամբ բերկրող, ազգակիցների միասնականության պահպանման խոհերով մտահոգ, որ «Խաչեխաչ բարձիս վրա...» տոհմական աղոթքի պարտադրանքի մեջ էր թերևս նաև տեսնում նրանց ապահովությունն ու անվտանգությունը, մարդ, որին խորթ է մնացել շողոքորթության մոլությունը: Բայց ահա Լուսիկ Արծրունյանը խոսում է արդեն ոչ թե զարմիկի, այլ կյանքի ճանապարհին անբեկորեն հաստատված մարդու և անվանի նկարչի մասին, որն իր իմացական ձեռքբերումները չի պարփակում իբրև սեփականություն և բարեխնամ կերպով փոխանցում է նկարիչների երիտասարդ սերնդին: Եվ մինչ կյանքը գույներով ու պատկերներով վերարտադրող միտքը բազմարար ձեռքին է փոխանցում մտատեսիլը՝ իր սերնդակիցների հետ կերտելով 20-րդ դարի երկրորդ կեսի հայ գեղանկարչության պատմությունը, նկարիչ Արծրունյանի մեջ ապրող ուսուցիչ-հայրը սերնդափոխության ակնկալության փայփայանքով իր վարպետությունն է ավանդում արվեստակիցների կրտսեր սերնդին՝ կայացման մացառուտ ուղին հարթելով: Ութսունամյա տարելիցին նվիրված ցուցահանդեսի ժամանակ էլ վերջինների երախտագիտության խոսքերից մեծավաստակ նկարչի աչքերը թրջվում են հուզումնածին արցունքներով: Միայն թե, ցավով նշում է Լուսիկ Արծրունյանը, կեսդարյա բազմաշխատ վաստակի գնահատումը նույնական չէր բոլորի կողմից. ակներև հավաստումը՝ վերջին տարիների անհասկանալի լռությունը, իսկ հուղակավորությանը՝ մշակույթի նախարարի բացակայությունը: Մի՞թե ցավալի չէ, որ Էդուարդ Արծրունյանն էլ համալրեց հայ մշակույթի այն երախտավորների շարքը, ովքեր աշխարհից հեռացան նեղացած: Մինչդեռ նրա ստեղծագործելու ցանկությունն ու աշխատասիրությունն անգամ երևակայությունն են սահմանազանցում: Վեց տարի անվասայլակին գամված ծերունազարդ, բայց ոչ հոգնաբեկ նկարիչը ավարտած չի համարում իր առաքելությունը.
_ Շատ էր նեղվում իր վիճակից, որ չի կարողանում ինքնուրույնաբար տեղաշարժվել: Անկողինն անգամ տեղափոխել տվեց արվեստանոց, որպեսզի ցանկացած պահին նկարելու հնարավորություն ունենա: Կնոջը՝ Նատալյային (որը ևս տարիքով առաջացել էր), անընդհատ վազեցնում էր կամ վրձնի ետևից, կամ պարտադրում իրեն մոտեցնել նկարակալին: Մարմնի ձախ կողմը թուլացած էր, դժվարությամբ էր շարժվում, բայց վրձինը վերցրեց ձեռքն ու նկարեց մինչև մահվան օրը...
Կենսաճանաչողության, բեղուն ստեղծագործական կյանքի բազմաքանակ այդ վավերագրերը զարդարանքն են ոչ միայն էդուարդ Արծրունյանի բնակարանի, պատկերասրահների, մշակութային օջախների, այլև մասնավոր անձանց բնակարանների: Բարեբախտություն պիտի համարել, որ նկարիչը կարողացել է բաժանվել իր մի քանի աշխատանքներից: Եվ այժմ Գյումրիում ես հնարավորություն ունեմ դիտելու վրձնահրաշքի 9 արարում՝ իրենց բնական գույներով: Հատկանշական է դրանցից մեկի՝ «Ծաղիկներ» նկարի մակագրությունը. «Նվիրում եմ Արծրունյաններին՝ որպես բարության սիմվոլ»: Նայում եմ ու լսում նկարներից մի քանիսի ստեղծման, ինչպես նաև զրուցակցիս սեփականությունը դառնալու պատմությունները: Ահա նկարչի հորեղբոր՝ Կարապետ Արծրունյանի դիմանկարը, որը դիպվածով է տրվել «արժանիին» (նկարչի բնորոշմամբ)՝ Լուսիկին՝ ցուցահանդեսի ժամանակ դերասանի դստեր բացակայության արդյունքում: Կողքին մեկ այլ դիմանկար է՝ Արծրունյանի հոր պապի, որը նկարիչը վրձնել է ամբողջական լուսանկարից: Ուշագրավ է ինքնին լուսանկարի պատմությունը: Հետաքրքիր է, որ այն փաստաթղթի արժեք է ունեցել և ծառայել որպես ապացույց լուսանկարում կողք կողքի նստած երկու տղամարդկանց միջև կայացած դրամական փոխառության: Իսկ ահա «Լոգանքից հետո» նկարից Արծրունյանն այդպես էլ չի ցանկանում բաժանվել: Լուսիկի կատակ-հարցին, թե կինն արդյոք խանդ չի՞ զգում, նկարիչը պատասխանում է, որ նկարում հենց կինն է՝ պարզապես փոփոխված դեմքով, և ինքը նկարելու միտքը հղացել է լոգասենյակի կիսաբաց դռնից նրան պատահաբար տեսնելիս:
Հազիվ նկատելի երկչոտությամբ Լուսիկ Արծրունյանը պատմում է, որ իրեն ևս բախտ է վիճակվել «նախապատճառ» դառնալու զարմիկի հրաշագործ վրձնի երկունքին: Հյուրընկալություններից մեկի ժամանակ նկարիչը որոշում է պատկերել զարմուհուն: Չորս օր սրտի տրոփյունով սպասող Լուսիկն ի վերջո, հետաքրքրվում է, թե չի՞ ավարտել արդյոք նկարը: Եվ երբ նկարիչը ցույց է տալիս, տարակուսած «բնորդուհին» կտավից իրեն նայող կնոջ մեջ չի ճանաչում իր դիմագծերը: Վրձնի կախարդ վարպետը բացատրում է, որ նկարել է նրա հոգին այնպես, ինչպես ինքն է տեսնում...
Մեր զրույցի ավարտին Լուսիկ Արծրունյանն իր մակագրությամբ ինձ է նվիրում Անահիտ Կորյունի «Ամենանկարիչ նկարիչը» գիրքը: Այժմ ամեն անգամ այդ գիրքը ձեռքս առնելիս ինձ համակում է մտերիմ մի զգացում կյանքում երբևէ չճանաչած նկարչի հանդեպ, որի մասին, սակայն, մի փոքր ավելի իմացությունը ճանաչելիության զգացողություն է ծնում՝ դարձնելով նրան հոգեհարազատ ու սիրելի:

Կարինե Զիլֆիմյան

Էդուարդ և Լուսիկ Արծրունյաններ 

Комментариев нет:

Отправить комментарий