Այսօր Էդուարդ Արծրունյանի նվիրած Ստեփան Աղաջանյանի հին պատկերագրքի միջից օրացույցի մի թերթիկ գտա ու ակամայից հուշերիս ժապավենը 5 տարի ետ պտտվեց:
Վարպետիս մահճակալին կիպ կպած փոքրիկ սեղանին առաջին անհրաժեշտության առարկաներն էին դրված` հեռախոսը, հեռախոսի գրքույկը, փոքրիկ էլեկտրոնային ժամացույցը և վերջապես հայերեն օրացույցը, որն այնքան շատ էր սիրում: Այն ամենից շատ տեղեկատվության աղբյուր էր իր համար` դեռևս մի քանի օր առաջ իրեն սիրելի արվեստագետների ծննդյան օրվա մասին էր տեղեկանում, ով գիտի մտովի զրույցի բռնվում նրանց հետ: Հիմա ինձ մոտ անսպասելի Սարյանի ծննդյան օրվա օրացույցի թերթիկն է հայտնվել, Վարպետս կարմիր գրիչով վրան մեծ խաչ է արել, թե ինչու՟ , չգիտեմ: Այժմ այլ արվեստագետի հետ կապված ուրիշ պատմություն հիշեցի: 2009 հունիսյան մի օր Արծրունյանին հյուր էի, երբ նա իր առջև դրված օրացույցը ցույց տալով` ասաց, թե այսօր Երվանդ Քոչարի Ծննդյան օրն է: Բնականաբար, նա Մաեստրոյին հիշեց:
Մի օր երիտասարդ նկարիչները որոշում են Քոչարին այցելության գնալ, և Արծրունյանը կոնյակ է վերցնում ու այն թղթով փաթաթելով`դնում վերարկուի գրպանը: Մինչ Քոչարի մոտ բարձրանալը, վերարկուն կախում է միջանցքում ու երբ վերադառնում է կոնյակը վերցնելու` Քոչարի հետ մի-մի բաժակ զարկելու պատրվակով , տեսնում է չկա այն: Թե կոնյակն ու՟ր կորավ, ի՟նչ եղավ, այդպես էլ ոչ-ոք չհասկացավ….
Արծրունյանը սիրում էր Նկարիչների Միություն արվեստանոցից ոտքով իջնել, մի օր էլ Աբովյան փողոցում Քոչարին է հանդիպում ու նրան Արարատ ռեստորան հրավիրում: Բարիքներով լի սեղանի շուրջ երկու արվեստագետները զրույցի են բռնվում, փոքր ինչ գոնովցածությունն էլ կարծես նրանց պերճախոս է դարձնում: Արծրունյանի պատմելով, այդ օրը ի հակառակ սովորության, Քոչարը քիչ է խոսել ու մեծ սիրով իրեն ունկնդրել` «Մի քանի ժամ շարունակ արվեստից, իմ սիրելի նկարիչներից էի խոսում` նրանց արվեստը վերլուծում ու նրանց միջև զուգահեռներ անցկացնում. Քոչարի ներկայությունը մի տեսակ ոգևորել էր ինձ: Երբ զրույցն արդեն ավարտին էր մոտենում, նա ասաց. թե` Արծրուն, հրաշալի խոսեցիր:Երբ տուն գնաս, անպայման այսօրվա զրույցը գրի կառնես, հանկարծ վաղվան չթողնես: Իսկ ես արվեստանոց վերադարձա ու քնով ընկա , հաջորդ օրն էլ ոչինչ չէի հիշում: Ահա , թե որտեղ է Քոչարի մեծությունը, թե կուզես` հանճարեղությունը: Հիմա հասկանու՟մ ես, Անո ջան, թե ինչքան բացթողումներ ունեմ ես: Սա թող Արծրունյանի կողմից քո այսօրվա դասը լինի` ոչինչ, վաղվան մի՛ թողնի …»:
Комментариев нет:
Отправить комментарий