2013 թվականի մեկնարկն ինձ համար բավականին
հաճելի իրադարձությամբ նշանավորվեց`բացառիկ հարցազրույց , բացառիկ օնլայն հանդիպում աշխարհահռչակ օպերային երգչուհի Մարիա Գուլեգինայի հետ: Մեզանում քչերն են ճանաչում երգչուհուն
, առավել քչերը գիտեն, որ նա հայկական
արմատներ
ունի:
<< Ես ծնվել և մեծացել եմ բազմազգ ընտանիքում`մայրս լեհահրեական ծագումով ուկրաինուհի է, իսկ հայրս`հայ է, նա ծնվել է Ախլցխայում, որտեղ ես ամառային արձակուրդներին
հաճախ եմ հանգստացել: Ի դեպ, իմ նախնիները այնտեղ են գաղթել Վանից 1915 թվականի Եղեռնի ժամանակ>>, -պատմում է Մարիա Գուլեգինան:
Նա ծնվել է 1959 թ.օգոստոսի 9-ին Օդեսայում: Մանկական տարիքից հաճախել է բալետի դպրոց և 16 տարեկանում, որպես բալետի պարուհի, հանդես է եկել Վերդիի <<Տրավիատա>> ներկայացման մեջ: Հետագայում Մարիայի հայրը նրան արգելել է բալետով զբաղվել, և նա ընդունվել է Օդեսայի կոնսերվատորիա` Եվգենի
Իվանովի դասարան: Վերջինս մեծ դերակատարություն է ունեցել ապագա երգչուհու կայացման
գործում:1983թ. երիտասարդ երգչուհին Գլինկայի անվան մրցույթում դափնեկրի կոչման է արժանանում,
նույն տարում դառնում է Մինսկի Օպերայի և բալետի թատրոնի մեներգչուհի:Սակայն 1986 թ.
Չայկովսկու միջազգային մրցույթում երրորդ մրցանակի արժանանալու փաստը մեծ հիասթափություն
է առաջացնում Մարիայի մոտ և նա հայրենիքից հեռանալու որոշում է կայացնում: Առիթն իրեն ուշացնել չի տալիս`
1987թ. նա հրավերք է ստանում Միլանի <<Լա Սկալա>>օպերայից, որտեղ նրա առաջնախաղը Վերդիի <<Դիմակահանդես>>
ներկայացման մեջ Ամելիայի դերերգով է կայանում: Այդ ժամանակ նրա խաղընկերը Լուչիանո
Պավարոտին էր, իսկ ներկայացման դիրիժորը`Ջանադրեա Գավացենին: Հետագայում <<Լա Սկալայում>> Գուլեգինան հանդես է գալիս Տոսկայի` Պուչինի համանուն օպերա , Լեոնորայի `Վերդի <<Ճակատագրի ուժը>>, Աբիգայլի Վերդի <<Նաբուկկո>> դերերգերով, որոնցով էլ սկսվում է <<սովետական Մոխրոտիկի>> հաղթարշավը: Մարիա Գուլեգինան հռչակվում է որպես վերդիական ձայն և դառնում է<<Լա Սկալա>>, <<Մետրոպոլիտեն>>, <<Քովենթ Գարդեն>>, <<Բաստիյ>> օպերաների սիրելի դրամատիկ սոպրանոն` արվեստասեր հանրությանը ներկայանալով շուրջ երեք տասնյակ դերերգերով: Նրա խաղընկերներն էին Ռենատա Տեբալդին, Միրելա Ֆրենին, Նեո Լուչին, Պլաչիդո Դոմինգոն և շատ ուրիշներ:Այն հարցին, թե երգչուհին ծանոթ է հայկական օպերային, Մարիա Գուլեգինան պատասխանեց`<<Ցավոք սրտի, ես երբևէ ներկա չեմ եղել հայկական օպերային ներկայացումներին, սակայն շատ եմ սիրում հայկական ժողովրդական երգը, հատկապես` Կոմիտասին: Մենահամերգներս սովորաբար հենց նրա երգերով էլ եզրափակում եմ : Ու չնայած որ, հայկական օպերային ներկայացումներին ներկա չեմ գտնվել, Ճակատագիրն ինձ հնարավորություն է ընձեռել Մարինյան թատրոնում երգել երկու հրաշալի հայ երգիչների `Բարսեղ Թումանյանի և Գեղամ Գրիգորյանի հետ>>:
Հայկական միջավայրում դաստիարակված ցանկացած կին` Մարիա Գուլեգինան ևս, իր ամենամեծ ձեռբերումն իր ընտանիքն է համարում`
<<
Ամուսինս Վյաչեսլավ Մկրտիչևն է`նա Ռուսաստանի ըմբշմարտի հավաքականի գլխավոր մարզիչն է:Ունեմ երեք հրաշալի երեխաներ և ամեն ազատ վայրկյանս աշխատում եմ նրանց հետ , նրանց կողքին անցկացնել>>,- ասում է երգչուհին:
Այն հարցին,
թե կուզենայիք արդյոք հայ հանդիսատեսի համար երգել,
Մարիա Գուլեգինան պատասխանեց`ինչու չէ՞, թող հրավիրեն և ես սիրով հանդես կգամ Հայաստանում, միայն թե, թող վաղօրոք պայմանավորվածություն ձեռք բերեն, որպեսզի հստակեցնեմ ժամանակացույցս :
Հ.Գ. Մարիա Գուլեգինայի հետ զրույցս կարճ տևեց`նա փորձերի էր շտապում`Իտալիայի Ջենովա քաղաքի <<Կառլո Ֆելիչե>> թատրոնում Վերդիի <<Մակբեթն>> էր բեմադրվում և երգչուհին լեդի Մակբեթ պիտի խաղար……Ես չեմ նեղվում` ինչ անենք, թե նյութս փոքր է ստացվելու` ես իմ լրագրողական երջանկությունն եմ վայելում…
Комментариев нет:
Отправить комментарий