понедельник, 18 февраля 2013 г.

ԷԴՈՒԱՐԴ ԱՐԾՐՈՒՆՅԱՆ. ՍԿԻԶԲ` ԳՅՈՒՄՐԻ.........


2009 թվականի սեպտեմբերի 27-ը կիրակի է, ու առավոտյան ժամը իննին ես արդեն գեղանկարիչ Էդուարդ Արծրունյանի տանն եմ` այսօր մենք Գյումրի ենք մեկնելու` տեսնելու Վարպետի հայրական տունը, այցելելու այն վայրերը, որտեղ արվեստագետն իր մանկությունն է անցկացրել, որտեղ նրա հայրը` ջրաղացպան Սիմոնն է աշխատել, և, բնականաբար, հանդիպելու ենք նրա հարազատների հետ:
Էդուարդ Արծրունյանը երկար է սպասել այս ճամփորդությանը. գրեթե տասը տարի է, ինչ Լենինականում չէր եղել. ընդհանրապես, Վարպետն իր հիվանդության հինգ տարիների ընթացքում հազվադեպ է տանից դուրս եկել: Ու հիմա այս իրադարձությունը նյրա համար տոնակատարության է վերածվել: Մանկան նման հրճվում է երկնքի կապույտով ու ամպերի գունային փոխակերպումներով, ողջ հայացքով կլանում է սարերի լույսն ու ստվերը, այգիների կանաչն ու արդեն աշնան դեղինն ու կարմիրը, հերկած արտերի փառահեղ ցորենագույնն ու հողագույնը: Վարպետը կարողանում է հիանալ նույնիսկ ճանապարհի փշերով, որոնցով այնքան հարուստ է մեր երկիրը: Մեքենան կանգ է առնում Ուջանում` բեռնվելու աշնանային գունեղ մրգերով, Արծրունյանը աղբյուրի սառնորակ ջուր է խմում ու հանգիստ սրտով շարունակում ճանապարհը: Մեզ ուղեկցում է մի մեքենա ևս` մեզ հետ են վարպետի եղբայրները` Համբարձում և Լևոն Արծրունյանները` իրենց որդիներով ու թոռներով:
Գյումրին երգ ունի, Գյումրին վերք ունի,
Գյումրին նոր երգ ունի երգելու
Գյումրի հասնելուն պես սկսում է երգել Վարպետը, իսկ ավտոճանապարհային ոստիկանությունը քաղաք մտնելուն պես կանգնեցնում է մեր մեքենան. մտածում ենք` ինչ է պատահել: <<Բարի գալուստ Գյումրի քաղաք, հայրի՛կ ջան>>,- ասում է ավտոտեսուչը: <<Կտեսնեք, ինչըղ ընձի չեստ կուդան>>,- սրամտում է 80-ամյա Վարպետը: Մեքենան ուղևորվում է Կրուպսկայայի փողոց` Էդուարդ Արծրունյանի հորեղբոր տուն, որտեղ անհամբեր նրան են սպասում հորեղբոր զավակներն ու թոռները:
Քիչ անց ուղևորվում ենք Թուրքի մայլա` այսօր արդեն Ֆրունզեի 195` այս հասցեում է գտնվում Էդուարդ Արծրունյանի հայրական տունը, որն ամբողջովին ձևափոխվել է, և միակ բանը, որ անփոփոխ է մնացել, հին պատուհանն է: Ես մտնում եմ Վարպետի մանկության բակը` մտովի պատկերացնելով, թե նա ինչպես է այստեղ վազվզել եղբայրների հետ: <<Էրթանք հորս ջաղացների քով>>,- ասում է նկարիչը: Մալի բազարի քովը գտնվող առաջին ջաղացի հետքն անգամ չկա, շուկան ևս գոյություն չունի, երկրորդ ջաղացը նույնպես պատմություն է դարձել: Մենք ուղևորվում ենք Ղարիբջանյան գյուղ, որտեղ ջաղացպան Սիմոնի կառուցած վերջին ջրաղացն էր գտնվում: Այստեղ էլ ջրաղացի միայն մի պատն է մնացել` ղարիբջյանյանցի 83-ամյա Սեդա Գևորգյանի որդին ստիպված էր ջրաղացի տեղը տուն կառուցել: Նա ասում է, որ գյուղի մեծերի պատմածով` ջաղացպան Սիմոնը շատ հարգված-սիրված մարդ է եղել իրենց գյուղում, ու հիշում է, որ նրա որդին (մատնացույց անելով Լևոնին) ամեն տարի իրենց գյուղ է այցելել ու, ինչպես մամիկն է ասում, ջաղացի պատերն է համբուրել: Մենք ջաղացի կիսաքանդ պատից, որպես մասունք, մի քար ենք վերցնում Վարպետի արվեստանոցի համար: Վերադառնալով Գյումրի` պտտվում ենք քաղաքի փողոցներով` անցնում ենք Մերկուրովի գեղարվեստի դպրոցի հսկայական շենքի կողքով, որտեղ ժամանակին սովորել է Արծրունյանը. ահա հանրահայտ Գորկու սադը, Ձիթողցոնց տունը: <<Ինչըղ սիրուն է էս քաղաքը, իսկական շեդևր, բայց բդի տեր կանգնեն էս քաղաքին, թե չէ ձեռից կերթա>>,- ասում է Արծրունյանը: Նորից Վարպետի հորեղբոր տանն ենք, մեզ են սպասում հսկա սեղանը գցած` իսկական գյումրեցուն վայել: Նկարչի տրամադրությունը բարձր է` նա նույնիսկ մի քանի բաժակ գինի է խմում` անտեսելով իր հիվանդությունը: Քիչ անց Արծրունյանները, գրկելով իրենց նախապապի` Վարպետի վրձնած դիմանկարը, լուսանկարվում են, որը տարիներ հետո արծրունյանական ընտանիքի պատմությունն է դառնալու:

Սեբաստիայից Արևելյան Հայաստան ուղևորվող Սիմոն Արծրունյանը որոշել էր հաստատվել մայրաքաղաք Երևանում: Նրա` ջրաղացպանի մասնագիտությունն այն ժամանակներում եկամտաբեր էր համարվում` կապրեր մայրաքաղաքում, շրջակա գյուղերում ջրաղացպանությամբ կզբաղվեր ու հետո էլ իր սեփական տունը կկառուցեր: Այդ մտքերով էր տարված, երբ հեռվում սկսում են տեսանելի դառնալ երկհարկանի և եռահարկ տուֆաշեն առանձնատների ուրվագծերը: <<Երևի Երևան հասանք` ինչ գեղեցիկ քաղաք է>>,- մտածում է ջրաղացպան Սիմոնը, հարևան վագոնի ուղևորն էլ հաստատում է նրա ասածը: Իրականում հասել էր Ալեքսանդրապոլ, որը Հայաստանի երկրորդ քաղաքն էր և ավելի ազդեցիկ նշանակություն ուներ այդ ժամանակահատվածում Հայաստանի կյանքում, քան Երևանը: Նա, հաստատվելով Ալեքպոլում, անցնում է աշխատանքի: Ջրաղացպան Սիմոնի գործերը լավ էին գնում այս փոքրիկ քաղաքում. նա կարճ ժամանակահատվածում սեր և հարգանք է ձեռք բերում շրջապատում: Արծրունյանների ընտանիքը վերջնականորեն հաստատվում է Թուրքի մայլում:
1930թ. Ամանորին երեք օր է մնացել, Լենինականի փողոցներում ձյուն ու սառույց է, սառնամանիք, փողոցում հատուկենտ մարդիկ են երևում: Թուրքի մայլում տներից անուշաբույր գաթայի բույրն է տարածվել: Արծրունյանների հարսը` Վիկտորյան, գաթայի հերթական գունդն էր գրտնակում, երբ երկունքի ցավերը բռնում են:
- Խաչեխաչ բարձիս վրա, շուրթան աղոթք բերնիս վրա,
Ոչ կվախնա սիրտս ու հոգիս, ոչ կխաբե սատանան զիս:
Դուռս եկողը քար կտրվի, երդիկս ելնողը ղաբարաշ ղայա,
Գավազանը դռանը կոց, փիլանը երդիկը ծածկոց:
Հանուն սրբուն հոր և սրբուն որդու և սրբուն հոգու: Ամեն
Փիրուզ տատն անընդհատ Արծրունիների տոհմական աղոթքն է կրկնում ու վրայից էլ ավելացնում` <<Ողորմած, Տեր Աստված, թող հարսիս ծննդաբերությունը հաջող ընթանա>>: Ջրաղացպան Սիմոնի երրորդ որդին` Էդուարդը, ծնվում է: Հինգ որդիներից երրորդը դեռևս մանուկ հասակից նպատակասլացություն և աշխատասիրություն է ցուցաբերում, հորը հաճախ է օգնում: Չերքեզի ձորում հերթական ջրաղացն էր կառուցվում, երբ մանուկ Էդիկը ձորում` բնության գրկում, նկարիչների է հանդիպում, որոնք իրենց նորակառույց ջրաղացն էին նկարում: Նրա տեսած առաջին նկարը հայրական ջրաղացն է պատկերում: Այդ օրվանից Արծրունյանների տան պատերը զանազան տեսարաններով են լցվում, ու երբ այլևս տեղ չի մնում, մայրը բռնում է փոքրիկ Էդիկի ձեռքից ու տանում նկարչական ստուդիա: Երեխային տանում-փակում են մի դատարկ սենյակում, որտեղ միայն թուղթ ու մատիտներ կային, սեղանին էլ` մրգեր: Տասնհինգ րոպե հետո Էդիկը դասարանից դուրս է վազում` զարմացնելով դասատուին: Վերջինս, նայելով փոքրիկի աշխատանքը, ոգևորված բացականչում է. <<Էս երեխեն կարգին նկարիչ է դառնալու>>: Նույն օրը Վիկտորյան որոշում է տղային նկարչական դպրոց ընդունել. Մերկուրովի անվան գեղարվեստի դպրոցում Արծրունյանի նկարչության դասատուն ոչ ավել, ոչ պակաս հանրահայտ Հակոբ Անանիկյանն էր` այդ ժամանակ այնտեղ էին սովորում Օնիկ Մինասյանն ու Մինասը, Դեղձ Աշոտն ու Ռաֆայել Աթոյանը, Ալեքսանդր Գրիգորյանը: Նրանք բոլորն էլ ճանաչված նկարիչներ էին դառնալու: Գյումրին Արծրունյանի տաղանդի բացահայտման քաղաքն է, որը երկրորդ համաշխարհային պատերազմի սկզբի և ավարտի հետ է նույնացվելու: Տասը տարեկան հասակում, չարաճճի տղաների դրդմամբ նա իր ձեռքին հավերժական ներկապնակ է դաջելու, որն իր ողջ կյանքի ուղեկիցն է դառնալու` իր գոյությամբ կանխորոշելու է նրա կյանքի հետագա ընթացքը: Լենինականը նկարչի ծննդավայրն է, հեքիաթ քաղաքն է, որտեղից հուշ մնացած պատկերները նկարներ են դառնալու: Պատանի Էդիկը լավ է նկարում, արագ է առաջադիմում և այնքան համարձակ է որոշումներ կայացնում, որ նախանձել կարելի էր: Նա մայրաքաղաք Երևանում ավելի շուտ է հայտնվում, քան իր հայրը: Եթե նա մայրաքաղաքում ապրում է 1944-46 թթ., ապա Արծրունյանների ընտանիքը Երևանում է հայտնվում 60-ականներին, երբ Էդուարդն արդեն Մոսկվայում է: Արծրունյանը, մեկուկես տարի սովորելով Երևանի Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանում, կիսատ է թողնում ուսումը և ընկերոջ` Զուլում Գրիգորյանի հետ միասին փախչում Լենինգրադ: Սրանք Լենինականի հետ կապված հիշողություններն են, որ ժապավենի նման անցան Արծրունյանի աչքերի առաջ: Իրականում` Արծրունյանների հին տոհմական ժամացույցն ազդարարում է, որ ժամը հինգն է: Երևան վերադառնալու պահն է մոտենում, ամպրոպ ու կայծակ է զարկում, ու մենք մի կերպ մեքենա ենք նստում: Ողջ ճանապարհին անձրևում է: Վարպետը հիացած նայում է երկնքից թափվող անձրևին, թաց դաշտերին ու ծառերին` մտքում հազար ու մի գույներ ու գծեր քաշելով: Եղանակը նիրհի է տրամադրում` նկարչի որդին` Արտյոմը, Համբարձում հորեղբոր թոռ Արմանն ու ես քնում ենք, իսկ Վարպետը զարմանում է, թե ինչպես կարելի է քնել` շշմելու անձրև է գալիս:

Երևանում ենք, կրկին Վարպետի տուն եմ վերադառնում` նրա կնոջը` Նատալյային իմ տպավորությունները հայտնելու:
Գյումրիում մենք էլի ենք հայտնվելու` այս քաղաքն իր անտեսանելի թելերով անվերջ մեզ իր մոտ է կանչում: Մենք նորից այստեղ ենք` այս անգամ Վարպետի ցուցահանդեսի առիթով: Քսան տարի ընդմիջումից հետո Արծրունյանի նկարները նորից հայտնվում են հայրենի քաղաքում, բոլոր հարազատները, ծանոթները, ընկերները հավաքվել, եկել են <<Ածանին>> տեսնելու, իրենց ընկերոջը ողջունելու, Մշակույթի նախարարությունն էլ ուշացումով Արծրունյանին հայրենի կերպարվեստում ունեցած ավանդի համար ոսկե մեդալով է պարգևատրում` վեց տարի շարունակ նրան ոչ ոք չէր հիշել: Կարևորը` Արծրունյանը գոհ է Երևան վերադառնում: Բայց զգում եմ` Գյումրի էլի ենք վերադառնալու:











4 комментария:

  1. Этот комментарий был удален автором.

    ОтветитьУдалить
  2. Հարգելի Անահիտ
    Մեծ հետաքրքրությամբ ծանոթացա Ձեր էջին և կասեմ որ շատ հաջող էր, Դուք լավ և կարևոր գործ եք անում, ինչպես նաև անդրադառնում եք արվեստի տարբեր տեսակներին: Այդպես շարունակեք:

    ОтветитьУдалить
  3. Этот комментарий был удален автором.

    ОтветитьУдалить
  4. Անչափ զգացված եմ, հարգելի Գառնիկ

    ОтветитьУдалить