Աբովյան փողոցում «Զոլոտոյե ռունո» սիգարի բույրն էր տարածվել` Քոչարն է գալիս: Երիտասարդ արվեստագետները հավաքված Նկարիչների Միության սրճարանում անհամբեր սպասում էին, թե այսօրվա բանավեճն ինչի մասին է լինելու, համենայնդեպս, ինչ թեմա էլ քննարկվեր, միանշանակ հաղթող էր ճանաչվելու Քոչարը: Այդ պահին սրճարանում էր երիտասարդ նկարիչ Ռոբերտ Էլիբեկյանը, նա ակամա հիշեց ծանոթությունը Քոչարի հետ: Նոր- նոր Երեւան էր տեղափոխվել` որոշելով գեղարվեստաթատերական ինստիտուտ ընդունվել: Մի օր էլ Ռուդոլֆ Խաչատրյանի ուղեկցությամբ Քոչարին հյուր գնացին, ում պատանի նկարիչը ցույց տվեց իր կտավները: Նա Քոչարի հավանությանն արժանացավ:
- Ո՞վ ես դու, երիտասարդ նկարիչ,- հարցրեց մաեստրոն:
- Ռոբերտ Էլիբեկյան,- ներկայացավ նկարիչը:
- Հակոբ Էլիբեկյանը քո ազգակա՞նն է,- կրկին հարցրեց Քոչարը:
- Պապիս եղբայրը,- հաջորդեց Էլիբեկյանը:
- Իսկապե՞ս, գիտես` Ներսիսյան ճեմարանում նա իմ քիմիայի, աշխարհագրության ու ֆիզիկայի դասատուն էր,- ոգեւորվեց Քոչարը ու ջերմագին ողջագուրվեց նրա հետ:
Այսպես էլ սկսվեց բարեկամությունը 60-ամյա Երվանդ Քոչարի եւ 20-ամյա Ռոբերտ Էլիբեկյանի միջեւ:
1966 թ. հունվարյան ցրտաշունչ մի օր` ավելի ճշգրիտ հունվարի 21-ին, երկու երիտասարդ նկարիչներ Սեյրան Խաթլամաջյանը եւ Ռոբերտ Էլիբեկյանն իրենց կյանքում առաջին անհատական ցուցահանդեսի բերկրանքն էին վայելում: 25-ամյա Ռոբերտ Էլիբեկյանի ուրախությունը կրկնակի էր` սեփական ցուցահանդեսի բացումն ազդարարեց մեծն Սարյանը, իսկ Մինասն էլ հուշամատյանում գրեց հետեւյալ տողերը. «Իմ սիրելի ընկեր Ռոբերտ, քո անդրանիկ ցուցահանդեսով դու ինձ ներկայանում ես որպես փայլուն երանգավորող, անսպառ հնարավորություններով լեցուն մի կազմավորվող անհատականություն, իր նմանը չունեցող, լավագույն հատկություններով օժտված տաղանդավոր նկարիչ: Թող ճեղքերը լայնանան եւ վերջապես ենթարկվեն փլուզման քո տաղանդը պատնեշող պարիսպները: Նկարիչ` Մինաս Ավետիսյան, 21.01.66թ »:
2007թ., Քոչարի 13` նկարիչների շենք, չորրորդ հարկ` արվեստանոց 443: Այստեղ Ռոբերտ Էլիբեկյանն է ստեղծագործում: Հնչեցնում եմ դռան զանգը, ինչպես միշտ այստեղ գալիս փոքր-ինչ հուզվում եմ. արվեստային անակնկալների ակնկալիք ունեմ: Ինձ համար հետաքրքրական է թե՛ արվեստագետը, թե՛ նրա ստեղծած արվեստը հավասարապես: Ռոբերտ Էլիբեկյանի գեղարվեստն ուղիղ համեմատական է իր անհատականությանը, այսինքն ներդաշնակ, բնականոն հունով են ընթանում Էլիբեկյան մարդու եւ արվեստագետի փոխհարաբերությունները: Նկարիչը կյանքում սակավախոս է, ինչպես տնեցիներն են ասում` ուրբաթախոս, խուսափում է կենցաղայնությունից, ավելորդություններից, մանրուքների հետեւից չի ընկնում, խոսելիս դիպուկ է` խփում է ուղիղ նշանակետին: Բնավորության առանձնահատկություններից է մեղմաշաղախ բարությունը, միաժամանակ շատ սկզբունքային է ու նաեւ արտիստիկ: Իր շուրջը կատարվող երեւույթների մասին իր մեկնաբանությունը Էլիբեկյանի կտավներից կարելի է դատել: Նրա աչքից ոչ մի գեղեցիկ բան չի վրիպում, անկեղծ ասած, նույնիսկ կյանքում չափազանց սովորական թվացող շատ երեւույթներ նրա կտավներում անսովոր գեղեցիկ, վեհաշուք տեսք ունեն: Նկարչի կտավները առանձնանում են նկարաշարերով: Դրանք ընդհանրանում են թեմատիկայով, ինչ-որ չափով բովանդակությամբ եւ ամենակարեւորը` տրամադրությամբ: Փարիզյան նկարաշարը արվեստի այդ հրաշալի բնօրրանին բնորոշ կյանքի արտացոլանքն է արտահայտում: Այնտեղ արվեստագետներին այնքան հոգեհարազատ բոհեմական միջավայրն է, անբռնազբոսությունը, գրավչությունը: Այդ մասին է խոսում «Դիմակով կինը» կտավը: Մի այլ նկարաշար, որն այսօր ցուցադրվում է Մոնրեալի «Սոլեյի» պատկերասրահում: Անհնար է չգայթակղվել նկարչի «Սիրո պարտեզ» ստեղծագործությամբ: Մռայլ տրամադրությունս միանգամից ի չիք է լինում: Գերադասում եմ թոթափվել ամեն տեսակի երկրային զգացմունքներից, նախընտրում եմ Էլիբեկյանի առաջարկած սիրո պարտեզը: Այնտեղ սիրահար զույգեր կան, մեղեդին սեր է հնչեցնում` անսահման սեր է հոսում: Կտավի գույները մեզ պատմում են այդ մասին: Ճիշտ է, Ռոբերտ Էլիբեկյանը լավատես արվեստագետ է, սակայն նրան չի կարող չհուզել սեփական ժողովրդի դառը ճակատագիրը, ընդհանրապես` կյանքն իր հակասական դրսեւորումներով` Ջուղայի խաչքարերի զանգվածային ոչնչացում, Նարեկացի ու Քրիստոսի խաչելություն, Եղիշե Չարենց:
Խոսել Ռոբերտ Էլիբեկյանի մասին ու չանդրադառնալ նրա բեմանկարչական գործունեությանը առնվազն անավարտ դիմանկարի կնմանվի: Բեմանկարիչ Էլիբեկյանը 13-ից ավելի բեմանկարչական աշխատանքների հեղինակ է: «Ինձ համար միշտ էլ շատ հետաքրքրական է եղել Մինասի հետ համատեղ աշխատանքը: Մեր առաջին ստեղծագործական հանդիպումը 1968 թ. էր, երբ Էդ. Հովհաննիսյանի «Անտունի» բալետն էր բեմադրվում, որտեղ Մինասը բեմանկարիչն էր, իսկ ես` հագուստների ձեւավորողը: Հետո կրկին հանդիպեցինք Սունդուկյանի «Խաթաբալայի» Էկրանավորման ժամանակ»,- պատմում է Ռոբերտ Էլիբեկյանը: Անշուշտ, մեր արվեստի պատմության հետաքրքրական էջերից է Էլիբեկյանների ընտանեկան բեմանկարչությունը, երբ միասին ստեղծագործում էին Վաղարշակ, Հենրի եւ Ռոբերտ Էլիբեկյանները, դա 1980 թ. էր, երբ Սունդուկյան թատրոնում կրկին «Խաթաբալա» էր բեմադրվում: Թերեւս, նրանցից լավ ոչ-ոք չէր կարող Թիֆլիսի շունչը զգալ ու հասկանալ: Ընդհանրապես թատրոնի նկատմամբ այդչափ սերը բնական դրսեւորում է: Ժամանակային ու տարածական հեռավորությունն ավելի է սրում զգացողությունները: Մտապատկերները միմյանց հաջորդելով դուրս են պրծնում հիշողություններից: Նկարչի աչքերում դրանք պատկերների են վերածվում, իսկ վրձինն ու գույները օգնում են կտավ դառնալ: «1941 թ. ապրիլի 21-ին նախկինում Հայարտան, այնուհետեւ հայ մտավորականների համար բնակատեղի հանդիսացող շենքում եմ ծնվել ես: Հայրս` Վաղարշակ Էլիբեկյանը, Թիֆլիսի Շահումյանի, այսօր արդեն Պ. Ադամյանի անվան դրամատիկական թատրոնի ղեկավարն էր: Այսօրվա իմ նախասիրությունները մանկական տարիներիս հետաքրքրություններն են, իմ ծննդավայր Թիֆլիսը` իր հակասական երեւույթներով: Մեկ 1947 թ. ստալինյան ռեպրեսիան եմ մտաբերում, երբ գաղթական Սիրանուշ տատիս նկուղային սենյակում հավերժություն թվացող սարսափի մի քանի օրեր ապրեցինք: Մեկ էլ` թափառաշրջիկ դերասան Բաբայանին եմ մտաբերում: Իմ հուշերի միայնակ Օթելլոյին` կիսամերկ, փայտյա խանչալով աներեւույթ Դեզդեմոնային խեղդելիս: Կյանքը թատրոն է, իսկ թատրոնում` բեմում, կյանքն է: Մանկական հուշերիս բեմում Ավետ Ավետիսյանն է, Հրաչյա Ներսիսյանը եւ վերջապես Վահրամ Փափազյանը: Ու նորից հանդիպում Օթելլոյի հետ` այս անգամ Փափազյանի տեսքով: Տարին 3-4 անգամ դերասանը Լենինգրադից հյուրախաղերի էր ժամանում եւ կեսամյա ընդմիջումների ընթացքում մենք` երեխաներս, Փափազյանի համար շամպայնի խցաններ էինք հավաքում` նրա մոգական արվեստին ինչ-որ կերպ մասնակից դառնալու համար: Հետո դրանք հագցնում էինք մախաթների վրա` այրելով մինչեւ մոխրանալը: Երբ խցաններն արդեն մոխրացած էին, Փափազյանն ինձ կանչում էր` Մանչս, հապա, բեր մոխիրը, եւ այն քսում էր մարմնին, վրայից էլ` արեւածաղկի յուղ: Ահա եւ մավրը` Փափազյան- Օթելլոն»,- մտովի ծննդավայր է ուղեւորվում Ռոբերտ Էլիբեկյանը: Նրա հուշերում Թիֆլիսն ու Երեւանը անքակտելի կամրջված են միմյանց: Անցյալն օգնում է արժեվորել ներկան, ի վերջո կյանքում ոչինչ անհետ չի կորում եւ ոչինչ հենց այնպես չի լինում:
Ինչպես միշտ, այսօր եւս Ռոբերտ Էլիբեկյանը բուռն ստեղծագործական ընթացքի մեջ է: Ժամանակը միշտ էլ նոր գծեր ու երանգներ է բերելու իր հետ:
Комментариев нет:
Отправить комментарий