суббота, 2 февраля 2013 г.

ՆԿԱՐԻՉ ԷԴՈՒԱՐԴ ԱՐԾՐՈՒՆՅԱՆ. հատված «Ամենանկարիչ նկարիչը» գրքից

Նկարիչն իր վերջին կտավն էր նկարում ու ինքն էլ չգիտեր այդ մասին` այդ մասին ոչ ոք չգիտեր: 
Կարմիր վարդը ձեռքիս, գնչուական գլխաշորը գլխիս փաթաթած` 2010թ. ամենաերանելի ակնթարթն էի վայելում: Ֆրենկ Սինատրայի ձայնի հնչյունների ներքո անխռով հետամանորյա օրն էր երեկոյանում: Սկզբում երազկոտ գույները սկսեցին վազել կտավի տարածքով, հետո գծերը կերպար էին դառնում` ես ու իմ երազանքները, իմ սերն ու իմ ցանկությունները, Արծրունյանն էլ` իր վրձիններով ու ներկապնակով, ու մենք միասին մեր իղձերը միավորեցինք, ու մեր աշխարհն ընդհանրացավ: Երեք օր անց նկարը գրեթե պատրաստ էր. ընդամենը մի քանի վրձնահարված էր պակասում, սակայն Արծրունյանը չցանկացավ այլևս դիպչել կտավին: Իմ դիմանկարը հայ կերպարվեստի պատմության մեջ ամրագրվեց որպես Էդուարդ Արծրունյանի վերջին ստեղծագործություն: Սրանից հետո Վարպետը երեք ամիս ապրեց, նա օրական կես-կես ժամով աշխատում էր կիսատ աշխատանքների վրա: Նկարիչն արդեն ուժասպառ էր եղել, ուժերը կամաց-կամաց տեղի էին տալիս, սակայն երևակայությունը, նպատակասլացությունը, իր անցած կյանքի ճանապարհն ապրեցնում էին նրան: Նա ինձ իր զգայական աշխարհի ամենանվիրական անկյուններն էր ուղեկցում, իր սիրելի կտավների ստեղծման պատմությանն էր ծանոթացնում:


Հիմա Արծրունյանի վերջին կտավը` իմ դիմանկարը, ամեն առավոտ ինձ է ողջունում: Թվում է, թե երկու Անահիտ իրար են նայում, սակայն իրականում Արծրունյանին եմ ինձանում տեսնում: Մտածում եմ, որ արտակարգ նրբերանգային ու արտասովոր հեքիաթային այս նկարը կարծես նկարչի ապրած կյանքի հանրագումարը լինի` բովանդակալից ու ընդգրկուն` թերևս` անվերջանալի, ինչպես արվեստը: Ինչպես Արծրունյանն էր ասում, հազարավոր նկարներ է ստեղծել, բայց միևնույն է, հազարներն էլ դեռ ծնվելու են: Նա ուրիշ երազանքներ էլ ուներ` իր սեփական ոտքով գեթ մեկ անգամ նորից Նկարիչների միություն իջներ ու ընկերների հետ սրճարանում մի կուշտ զրուցեր, ծաղկած ծառերի բույրն առներ: Շատ սովորական ու հեշտ իրականանալի ցանկություններ…, եթե չլիներ կաթվածը, ինչի պատճառով վեց տարի նկարիչը գամված էր անկողնուն ու անվասայլակին: Չնայած այն հանգամանքին, որ իմ բարեկամությունը Էդուարդ Արծրունյանի հետ ընդամենը մեկ տարվա և երկու ամսվա պատմություն ուներ, նա կարողացավ այդ կարճ ժամանակահատվածում իմ հոգեհայրը դառնալ, իսկ նրա անցած ճանապարհը` ուղենիշ և չափանիշ ինձ համար: Նրա ապրած կյանքի վերջին տարիները սխրագործություն կարելի է որակել: Ճշմարիտ հերոսի նման նա կառչել էր արվեստից, որը նրա կյանքի բոլոր ուրախությունների և ձեռքբերումների սկզբնաղբյուրն էր: Հիվանդությունը քիչ թե շատ թուլացրել էր նկարչի ձեռքը, սակայն նրա աշխարհընկալումն ավելի պայծառ ու գունեղ էր դարձել, նկարչական ընդունված օրենքներին փոխարինելու էին եկել բյուրեղացված զգայնությունները, կյանքն ու իրականությունը նորովի ընկալելու և վերիմաստավորելու արծրունյանական փիլիսոփայությունը: Թեմատիկ կոմպոզիցիայի Վարպետն այս ժամանակահատվածում չհրաժարվեց իր ստեղծագործական կյանքում որդեգրած հավատամքից` հավատարիմ մնալով ազգային, պատմական, գեղջկական, առօրյա-կենցաղային թեմաներին:
Երկար ժամանակ մտածում էի` ով է իրականում նկարիչը, որն է նրա առաքելությունը, մինչև որ հանդիպեցի Էդուարդ Արծրունյանին: Մի դիմանկարի պատմությունից` մեկ տարի երկու ամսվա ջերմ ընկերություն: Կարծես թե անհնարին բան` 29-ամյա աղջկա և 80-ամյա նկարչի միջև:
Սակայն իմ իրական ծանոթությունը Արծրունյանի հետ տեղի էր ունեցել դեռևս 1999թ. դեկտեմբերին, երբ առաջին անգամ հայտնաբերեցի Արծրունյանի կտավները, որոնք դեկտեմբերյան մռայլ օրերին մի տեսակ շունչ ու ջերմություն էին հաղորդում: Այն ժամանակ երբեք մտքովս չէր անցնի, որ ուղիղ տասը տարի անց նրա կազմակերպվելիք ցուցահանդեսների կուրատորը ես էի լինելու, որ Արծրունյանը դառնալու էր մի շատ թանկ ու հոգեհարազատ մարդ իմ կյանքում:
Էդուարդ Արծրունյանի վստահությանն արժանանալը, ինչ խոսք, մեծ պատիվ է` երջանկություն է, երբ ծերունազարդ Վարպետը հենց քեզ է վստահում իր 80-ամյա հոբելյանին նվիրված ցուցահանդեսների կազմակերպման աշխատանքները, հենց քեզ է պատմում իր ապրած կյանքի ամենահետաքրքիր պատմությունները, ու այն, որ հենց դու պիտի իրականացնես նրա կյանքի բոլոր նվիրական երազանքները: Ինչևէ, ես երջանիկ մարդ եմ, որ հենց հիմա նստած գրում եմ Էդուարդ Արծրունյանի մասին:
ZoomImage

2009թ. հոկտեմբերը բեղուն աշխատաշրջան էր ինձ համար` այդ ժամանակահատվածում ինձ հնարավորություն էր ընձեռվել առաջիկա ցուցահանդեսի առիթով ամբողջությամբ ծանոթանալու Էդուարդ Արծրունյան արվեստագետի ստեղծագործական ժառանգությանը: Խիստ տպավորված ու ցնցված էի` իմ առջև Արծրունյանն էր իր ողջ հմայքով ու հզորությամբ: Արծրունյանի որդին` Արտյոմը, իմ ներկայությամբ հորն էր ցուցադրում նկարները, իսկ Վարպետն էլ` որոշում, թե դրանցից որոնք էին ցուցադրվելու: Թվում էր` պարզ և հասարակ գործընթաց, սակայն ինքնին բացառիկ հնարավորություն` նկարիչն իր նկարների հետ` մի ամբողջություն: Տեսնեիք, թե Արծրունյանն ինչ ոգևորությամբ էր ներկայացնում իր աշխատանքների ստեղծման պատմությունը:
Էդուարդ Արծրունյանի նկարների ժամանակագրությունը 1946-ից է պահպանվել: Ինքնադիմանկարում, որտեղ Թերլեմեզյանի անվան գեղարվեստի դպրոցի սան 16-ամյա Արծրունյանն է, միանգամայնորեն պարզ երևում է, որ նկարիչը դեռևս որոնումների մեջ է, բացի այդ` նկարում պատանի նկարչի սիրելի վարպետ Ստեփան Աղաջանյանի շունչն է զգացվում: Այնուհետև հաջորդում են Ռեպինի գեղարվեստի ակադեմիայում արված աշխատանքները` հայազգի ուսանողը դիմանկարների փայլուն շարք է ցուցադրում` բոլորն էլ 1948-1951 թթ. ստեղծված: Ռուս աղջկա դիմանկար` իսկական թանգարանային գլուխգործոց, նկարչի առաջին սիրո` Վալյայի պորտրետը, ինքնադիմանկարների շարք` մեկ տասնյակից ավելի: Ռեպինի գեղարվեստի ակադեմիայի շրջանավարտ Արծրունյանը 1957թ. գերազանցությամբ ավարտում է բուհը: Նրա դիպլոմային աշխատանքը հսկայածավալ կոմպոզիցիա է` ՙՏուն` դեպի հարազատ վայրեր՚ խորագրով: Աշխատասեր նկարչի էսքիզները հիշատակվում են դեռևս 1954թ., ինչը խոսում է այն մասին, թե որքան պատասխանատվությամբ ու հանգամանորեն է Արծրունյանը պատրաստել իր դիպլոմային աշխատանքը` պահպանված են շուրջ մեկ տասնյակի հասնող էսքիզներ նկարչի արխիվում:
60-ականներին Արծրունյանը որոնումների մեջ է. այս տարիներին քիչ է ստեղծագործում, թերևս այն պատճառով, որ ժամանակաշրջանը համընկնում է ՙՊլակատ՚ հրատարակչությունում ակտիվորեն աշխատելու հետ: Եթե սկզբնական շրջանում ՙՊլակատը՚ կլանում էր ողջ ժամանակը, ապա հետագայում նկարիչը սկսում է զուգահեռել հրատարակչական աշխատանքները իր սիրելի գեղանկարչության հետ: Դրանք երանելի ժամանակներ էին Արծրունյանի համար, երբ նրա պաստառներով էին ողողված Մոսկվայի ողջ փողոցները, որոնք նպաստեցին նրա ճանաչմանն ու հանրաճանաչ լինելուն` հող նախապատրաստելով գեղանկարիչ Էդուարդ Արծրունյանի համար: Սակայն սա չի նշանակում, թե Արծրունյանն ընդունված նկարիչ չէր իր շրջանակներում: Պարզապես արվեստագետ Արծրունյանի աստեղային ժամն էր եկել` 60-ականների վերջերից մինչև 70-80-ականները, երբ ծնվեցին գեղանկարչի գլուխգործոցները` արծրունյանական ճշմարիտ թեմատիկ կոմպոզիցիաները` ազգային, գեղջկական-կենցաղագրական, պատմանկարագրական հսկայածավալ, սիմֆոնիկ հնչեղությամբ: Արծրունյան ասելիս միանգամից աչքիդ առաջ են գալիս ՙՋրաղացում՚, ՙ1941 թվական՚, ՙԵս իմ Մասիս սարն եմ սիրում՚, ՙԿոմիտաս՚, ՙԳաղթականները Էջմիածնում՚, ՙԳաղթական կանայք՚, ՙՉիչխան հավաքողները՚, ՙՆկարչի մոր դիմանկարը՚ կտավները. վերջիններս զարմանալիորեն հեշտ ամբարվեցին արվեստասերների մտապատկերներում: Սակայն արծրունյանական արվեստի գլուխ-գործոցները միայն թվարկածներով չեն սահմանափակվում. դրանց թիվն անցնում է հարյուրից:
Իզմերի հորձանուտում վարպետացած Արծրունյանը 80-ականների վերջերից և 90-ականների ընթացքում սկսում է իր ուժերը փորձել նկարչական տարբեր ուղղություններում: Նա ռեալիզմին է միաձուլում աբստրակտ, կուբիստական նկարչության սկզբունքները` ստեղծելով թարմ, ինքնատիպ մեկնաբանությամբ նկարներ: Զարմանալին այն է, որ թեմատիկ հետաքրքրությունները նույնն են մնում նկարչի մոտ, պարզապես մեկնաբանության կերպի փոփոխման արդյունքում նոր որակներ են արձանագրվում: 1989թ. ստեղծված ՙ1988-ի երկրաշարժի զոհերի հիշատակին՚ կտավը կուբիզմի դրսևորման արդյունք է, կան գործեր, որոնք զուտ աբստրակտ աշխատանքներ են` ՙԱշնանային մեղեդի՚ (1990), ՙՆկարչի արվեստանոցում՚ (1992), իսկ 1993թ. ստեղծված ՙՏանտիրուհին՚ գործը ֆովիզմի արտահայտություն է: Պոստիմպրեսիոնիզմի դրսևորումները վառ արտահայտված են նատյուրմորտներում (1993-1995), ինչպես նաև բնանկարներում, որոնք, ցավոք սրտի, պահպանվում են արտասահմանյան մասնավոր հավաքածուներում: Պետք է նշել, որ արվեստագետի հետկաթվածային ժամանակահատվածում (2004-2010) նրա արվեստում մեծ փոփոխություններ են գրանցվում` գույներն ավելի դեկորատիվ են դառնում, վրձնահարվածները` ավելի ինտենսիվ, նկարիչը ժամանակ առ ժամանակ դիմում է իմպրեսիոնիզմին, որը նոր դրսևորում է նրա արվեստում` ՙՅայլայում՚, ՙԳարուն՚, ՙԱրարատյան դաշտի աղջիկը՚, ՙՆշանեցին Մարոյին՚:
ՙԻնձ համար նկարչության մեջ գլխավորը բովանդակության և արտահայտչաձևերի ներդաշնակությունն է: Նախ և առաջ, նկարչի համար ամենակարևորը վարպետությունն է, երբ միտքդ ու ձեռքդ համահունչ են աշխատում, երբ ձեռքդ կարողանում է իրականացնել երևակայությանդ և ուղեղիդ մեջ պտտվող պատկերները: Նկարիչները կհասկանան, թե ինչի մասին է խոսքը: Փառք Աստծո, այդ խնդիրը ինձ մոտ դեռևս Ռեպինի անվան ակադեմիայում սովորելու տարիներին է լուծվել: Հաճախ միևնույն թեմաները ես տարբեր կերպ եմ մեկնաբանում` ցույց տալով, թե որքան շատ են նկարչության հնարավորությունները: Իրականում կյանքի ամեն մի քայլափոխին ինչ-որ նոր բան ես տեսնում` կյանքը տեղով անակնկալ է, ու աշխատում ես այդ տպավորությունները նկար դարձնել: Հենց սրա մեջ է կյանքի իմաստը: Հաճախ մտածում ես, թե ամեն ինչ տեսել-զգացել ես, բայց արի ու տես, որ այդպես չէ: Օրինակ` ինչքան նայեմ Ռեմբրանդտի նկարներին, չեմ կշտանա, ախր, հանճարեղ նկարիչ է, ամեն անգամ Գոգենն ու Վրուբելը հիացնում են ինձ, ինձ ապշեցնում է Մատիսն իր գծի լակոնիկությամբ: Չգիտեմ, թե որ մեկն ասեմ, սրանք ընդամենը նկարչական տպավորություններ են,- ասում է Արծրունյանը:- Ես շատ եմ սիրում իմ երկիրը, իմ ժողովրդին` իր անցած ճանապարհով, սովորույթներով ու ավանդույթներով, ու էդ ամենը հստակորեն երևում է իմ կտավներում: Ես ազնվորեն նկարել եմ այն ամենը, ինչ սիրում եմ, չնայած երբեմն սահմանափակել եմ ինքս ինձ: Էսօր ժամանակակից արվեստագետի հնարավորություններն ավելի են ընդլայնվել, այլևս կտավ ու ներկ հարկավոր չէ արվեստ ստեղծելու համար: Այսօր միտքը, իդեան ևս արվեստ են, ու դա հրաշալի է` ավելի է հեշտացել արվեստագետի գործը: Ափսոս, որ ոտքի վրա չեմ, թե չէ ես էլ մի երկու նոր բան կանեի, սիրում եմ նորարարություններ՚:
Ես հավատում եմ Արծրունյանին, քանի որ նա ինձ ամեն վայրկյան զարմացնում էր ժամանակակից կյանքին ու տեխնիկական զարգացումներին ինտեգրվելու իր ցանկությամբ: Ութսուն տարեկան հասակում նա համակարգչով իր սիրելի վարպետների գործերն էր դիտում, հեռուստատեսությամբ ցուցադրվող արվեստին վերաբերող ֆիլմերն էր տեսագրում ու տեսադարան ստեղծում: ՆԱ ԱՊՐՈՒՄ ԷՐ: Այդպիսին էր Արծրունյանը: Եվ, անշուշտ, նման արվեստագետի հետ համագործակցելն ու հատկապես ընկերանալը մեծագույն հաճույք էր: 
Վերադառնալով ցուցահանդեսին` պիտի ասեմ, որ Արծրունյանի հետ դիտեցինք շուրջ 600 կտավ` ընտրելով 180 աշխատանք, որոնցից մեկ երրորդը ցուցասրահում տեղ չգտնելու պատճառով վերադարձավ արվեստանոց:
Ծափահարություններով ողջունեց արվեստասերը Արծրունյանին իր 80-ամյա հոբելյանին նվիրված ցուցահանդեսի բացմանը: Տասը տարի ընդմիջումից հետո արվեստագետն իր երկրպագուին մի տեսակ հուզել, կարկամեցրել էր` ով կմտածեր, որ անվասայլակին գամված նկարիչը կարող էր այդպես նկարել, ավելին` նոր խոսք ասել արվեստասերին: Ամենից տպավորիչը մարդկային հոսքն էր դեպի ցուցահանդես, երբ բոլորը ցանկանում էին սեղմել Վարպետի ձեռքը, լուսանկարվել նրա հետ, իրենց հիացմունքի խոսքը ասել: Ում մտքով կանցներ, որ նրա հարազատ Գյումրիից մի ավտոբուս լիքը երեխաներ գալու-հասնելու են Երևան, որպեսզի Արծրունյանի արվեստին ծանոթանան. նրանք չգիտեին, որ մի քանի օր հետո նրանց մոտ էր բացվելու Վարպետի ցուցահանդեսը: Ահա թե ինչ է գրել ցուցահանդեսի այցելուներից նկարիչ Ավետիս Խաչատրյանը. ՙԵս էլ կարծում եմ, թե նկարիչ եմ… Իրական նկարիչը Դուք եք, կուզեի ամբողջ կյանքս ապրել այս աշխարհով շրջապատված… Սա է իմ իրական հեքիաթը` իրական մարդու հեքիաթը: Չէ՛, հաստատ կա Աստծո շունչը այս հեքիաթում` Էդուարդ Արծրունյանի գեղանկարներում: Ես խոնարհվում եմ…՚: Ավելի անկեղծ գնահատական դժվար է ակնկալել: 

Комментариев нет:

Отправить комментарий