Նկարիչ կա, որ երկու-երեք գույների Վարպետ է, ավելի ճիշտ հենց էդ երկու- երեք գույներն են իրենը, բայց կան նաև այնպիսիք, որ բոլոր գույների նկարիչ են ` Կամսարն
էլ  հենց նրանցից  է: Նա կարողանում է իր հույզը գույնի վերածել ու այդ ամենը
կտավի հարթություն տեղափոխել:Կամսարն իր վրձնով հազարամյա ժայռապատկերներում ապրող մեր նախնիներին կենդանացնում
է ու նրանց միջոցով մեզ հետ զրուցի  է բռնվում: Հաճախ նրա նկարչության մեջ Միրոյի ազդեցությունն են տեսնում, սակայն իրականում Կամսարի ստեղծագործությունների սկզբնաղբյուրը մեր ժայռապատկերային
արվեստն է` երկար տարիներ արվեստագետը դրանց խորհրդանիշներն ու նշանակությունն է ուսումնասիրել, այնուհետև` իր արվեստ ներմուծել: Իսկ ինչու՞ ոչ-ոքի մտքով չի անցնում, որ նա ևս ժայռապատկերային
արվեստից է ներշնչվել` հարցնում  է  նկարիչը:
 

Կամսարը ծնվել է 1961 թ. ապրիլի 16-ին Եղեգնաձորում: Գեղանկարչի  ստեղծագործական ճանապարհը  հայրենի քաղաքի  նկարչական դպրոցից է սկսվել , որտեղ 1971-1976 թթ. սովորելու տարիներին  նրա դասատուն է եղել 60-ականների կերպարվեստի հրաշալի նկարիչ Վան Եղյանը: Վերջինս մեծ դերակատարություն է ունեցել  փոքրիկ նկարչի գեղարվեստական ճաշակի ձևավորման գործում   և սերը վերացական նկարչության նկատմամբ թերևս նրանից է փոխանցվել: Այնուհետրև Կամսարը ուսումը շարունակում է Երևանում`Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի  ուսումնարանում, : Որտեղ որ սովորելու առաջին իսկ տարիներից ցայտուն կերպով դրսևորովում է պատանի արվետագետի բացառիկ օժտվածությունը: Այդ մասին է մեզ փաստում 1977 թ. վրձնած նրա   << Գարուն>> կտավը, որի գունագծային կառուցվածքը  և վարպետությունը 
պարզապես հիացմունք է առաջացնում ` ոչ-ոքի մտքով չի անցի, որ դրա հեղինակը 16- ամյա պատանի է:
 Գեղարվեստի
ուսումնարանն ավարտելուց հետո Կամոն ծառայում է սովետական
բանակում, որից հետո վերադառնում է հայրենի  Եղեգնաձոր`այնտեղ շարունակելով իր հետագա ստեղծագործական տարիները:
Առջևում հայ ժողովրդի համար ճակատագրական և վճռորոշ տարիներ էին` 88-ի երկրաշարժ,
Արցախյան շարժում և շրջափակում, վերջապես` անկախության ձեռքբերման տարիներ:
Կամսարն իր նկարչության դասատուի, արդեն իսկ ավագ ընկեր դարձած Վան Եղյանի հետ
Եղեգնաձորում դառնում է արցախյան շարժման մարտիկներից մեկը և, բնականաբար, հայրենի
երկրում կատարվող բոլոր գործընթացներն իրենց անմիջական ազդեցությունն ունեցան
նրբազգաց  գեղանկարչի արվեստի վրա և հենց
այդ տարիներին էլ վերջնականորեն ձևավորվում է Կամսար գեղանկարիչը:
Մութ ու ցուրտ տարիներին արվեստանոցում  բացված ներկը շուտ էր չորանում , և արվետագետը  ցրտահարված մատներով  ավելի արագ էր նկարում` գույները ջերմացնում էին, իսկ երազանքները կտավի հարթության մեջ կայծակնային արագությամբ  իրականություն էին դառնում: Երբ
<<Առևանգում>> նկարին  եմ նայում, թվում է`Կամսարը իր սիրելիին իրական կյանքից փախցրել , բերել իր կտավի մեջ է բնակեցրել: Ու նա ապրում է Կամսարի կտավում` իր մուգ
կարմիրի մեջ`սիրով լիքը, իր արվեստանոցում ու իր կողքին: Ու մեկ էլ աչքս
<<Բռնկում>> նկարին է ընկնում` մուգ կապույտի մեջ` նարնջագույն
լարվածություն: Ժպտում եմ` նկարի մեջ ինքս ինձ եմ տեսնում: Եվ ահա 1992 թ. վրձնած
<<Ընտանիք>> նկարն եմ նկատում, որն իր կոմպոզիցիոն կառուցվածքով,
գունային լուծումներով  անթերի է` նկարից
կանաչ հանդարտություն է հոսում` հենց այդ պահին այս նկարը դառնում է Կամսարի իմ
ամենասիրելի գործերից մեկը:
Առաջին
հայացքից թվում է, թե նկարչի  նկարները
զուտ անձնապատումներ են` սեփական հույզերի և զգացողությունների գունային վերարտադրություն , սակայն նկարների տարեգրությունն ու վերնագրերը
ուսումնասիրելով` հասարակական բազմաթիվ երևույթներ ես հայտնաբերում նկարչի
կտավներում: Ասենք`1992թ ստեղծված <<Գոյապայքար>> գործը: Հենց նկարի
վերնագիրը, այնուհետև արդեն իսկ ստեղծագործության մռայլ գույները մեզ գրեթե 20
տարի ետ են տանում և աչքիդ առաջ խավարի մեջ ընկղմված թաղամասերը, համատարած
ծառահատումներն ու  անվերջանալի  հացի հերթերն են գալիս: 1994թ. վրձնած
<<Երկրաշարժ>> գործը դեռ չսպիացած ցավի մասին է խոսում`դեռևս անտուն
մնացած, տնակներում ապրող մեր հայրենակիցների մասին է պատմում` Կամսարի ցավը
կապույտ գույն ունի….

Նկարչի 1999-2000-ական
թվականների գործերը բոլորովին այլ հուզեր ու տրամադրություն են
հաղորդում`ստեղծագործությունների իսկ վերնագրերն են  մեզ հուշում են այդ մասին`
Կամսարի <<Բերկրանքը>> անչափ նուրբ ու զգայական է, իսկ
<<Հիշողությանս  սպիտակ
գարունը>> ստեղծագործությունը  նկարչի լավատեսական  և բարձր տրամադրության արտահայտությունն է`նրա
հուշերի  մեջ միայն
ամենագեղեցիկն է պահպանվել.....
Կամսար գեղանկարչի  ստեղծագործությունների թիվը շատ քիչ է `այն շուրջ մեկ ու կես տասնյակ տարիների ստեղծագործական տարիներ  է
ընդգրկում, երևի նույնքան ժամանակ  էլ
նկարիչը չի ստեղծագործել….Չի ստեղծագործել, սակայն դրա փոխարեն Կամսարը Կամո
Սահակյանին է տեղի տվել, ով Եղեգնաձորի  Երկրագիտական թանգարանի տնօրենն է և  իր ողջ ժամանակը, ուժն ու եռանդը թանգարանին է նվիրել: Կամոյի  աշխատանքի
տարիներին Երկրագիտական թանգարանը
ժամանակակից տեխնիկայով է վերազինվել և թանգարանի  ֆոնդերը բազմաթիվ նոր առարկաներով են հարստացել ու այժմ նրա նպատակը դրանք արժանավույն ներկայացնելը`ժամանակակից ցուցադրություն կազմակերպելն է: Այսօր նա հայրենի Եղեգնաձոր քաղաքի մշակութային դիմագիծն
է պահպանում` հեռավոր մարզերում դա հեշտ գործ չէ` հատկապես, որ նա այդ ամենն իր արվեստի հաշվին է իրականացնում:  Թող եղեգնաձորցիները չնեղանան, սակայն  Կամսար արվեստագետն ինձ համար ավելի
հոգեհարազատ է, նա պիտի ստեղծագործի` իր համար նախատեսված արվեստային տարածքը բաց
է մնացել` Կամսարին իր անհատական ցուցահանդեսները սպասող են մնացել…….









 
Комментариев нет:
Отправить комментарий